Հայաստանը կրիտիկական վտանգի մեջ է գտնվում, Ադրբեջանը ռազմականացնում է օկուպացված Արցախի տարածքը՝ Հայաստանի վրա հարձակվելու նպատակով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի գնահատական տվեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ խոսելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Հայաստանի հնարավորություններն էապես կրճատվել են 2020 թվականից հետո, մեր ռազմավարական խորությունն էապես նվազել է, և դարձել ենք շատ խոցելի։ Այս իրավիճակը փոխել այս պահի դրությամբ հնարավոր չէ, և այս իրավիճակում մենք կարող ենք աշխատել միայն եղածը պահելու ուղղությամբ, որպեսզի հետագայում փորձենք հետ բերել կորցրածը։ Բայց այս պահի դրությամբ եղածի պահպանման մասին է խոսքը գնում, և չպետք է տրվենք այն խաբեությանը, որ ամեն ինչ նորմալ է։
Ընդհակառակը՝ Հայաստանը կրիտիկական վտանգի տակ է գտնվում։ Եթե նույնիսկ այսօր չեն կրակում, ապա ուղղակի այս պահի դրությամբ իրենց ձեռնտու չէ կամ ինչ-որ բաներից վախենում են, բայց ոչ այն բանից, որ ինչ-որ մեկն իրենց ինչ-որ թուղթ ցույց կտա։ Սա պետք է գիտակցել՝ Հայաստանը կրիտիկական վտանգի տակ է, և այո՛, Ադրբեջանը զինվում է, Հայաստանը՝ ապառազմականացվում։ Ո՞ւմ դեմ է Ադրբեջանը կռվելու։ Կարո՞ղ է՝ գնալու է Վոլգոգրադը գրավելու։ Իրականում՝ Հայաստանի դեմ, որովհետև, այո՛, Իսրայելը շատ է ուզում, որ Ադրբեջանն Իրանի դեմ պայքարի, բայց Ալիևն այդքան էլ հիմար չէ, որ այդպիսի արկածախնդրության մեջ մտնի, և մեծ հաշվով՝ Ադրբեջանի օրակարգը Հայաստանի դեմ է»,- մեկնաբանեց Հրանտ Միքայելյանը՝ ընդգծելով, որ կարող է շատ հեշտորեն ապացուցել իր այս կանխատեսումը։
Նրա խոսքով՝ Բաքվի ռեժիմն այժմ սկսում է շահագործել հինգերորդ օդանավակայանն օկուպացված Արցախում, ռազմականացվում է Արցախը, կառուցվում են մեծ ճանապարհներ, որոնք թույլ են տալիս զորքերի մեծ տեղաշարժ, կառուցվում են հոսպիտալներ, այսինքն՝ ռազմականացվում է Արցախի տարածքը՝ որպես Հայաստանի վրա հարձակման մեծ պլացդարմ (ռազմահենադաշտ)։
Այդուհանդերձ, քաղաքագետն անհուսալի չի համարում Հայաստանի վիճակը՝ շեշտելով, որ Հայաստանը պետք է ընդլայնի իր գործընկերային ցանցը և գտնի հնարավորինս շատ դաշնակիցներ, որոնք դեմ են պանթուրանիզմի ծրագրի իրականացմանը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ այս պահի դրությամբ Հարավային Կովկասը քիչ թե շատ դարձել է Թուրքիայի ազդեցության գոտի, իսկ Հայաստանում շատ մեծ է նաև Մեծ Բրիտանիայի ազդեցությունը։
«Այս պահի դրությամբ քիչ թե շատ կարող ենք խոսել, որ Հարավային Կովկասը Թուրքիայի ազդեցության գոտի է։ Ինչո՞ւ Թուրքիայի։ Եկեք հերթով գնանք։ Ադրբեջանում Թուրքիան ամբողջությամբ գերիշխում է, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ։ Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանում չկա, և Վրաստանում գրեթե նույն վիճակն է։ Վրաստանում Թուրքիայի ազդեցությունը մի փոքր ավելի քիչ է, բայց Վրաստանի հետ Թուրքիան ունի ռազմավարական հարաբերությունների մակարդակ։ Բացի այդ, Վրաստանը մինչև հիմա դիվանագիտական հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ։ Շատերն ասում են, թե Վրաստանի այսօրվա իշխանությունը ռուսամետ է, բայց դա, իմ կարծիքով, շատ քարոզչական բնույթի հայտարարություն է։ Այո՛, հակառուսական չէ, բայց սա չի նշանակում, որ ռուսամետ է։ Եվ այսպիսով տեսնում ենք, որ Վրաստանում նույնպես Թուրքիան ավելի ուժեղ է։
Հիմա՝ Հայաստանի հետ կապված։ Պարզ է, որ կառուցվածքային տեսանկյունից՝ թե՛ տնտեսապես, թե՛ ռազմական հարաբերությունների տեսանկյունից Հայաստանում ռուսական ազդեցությունը դեռ բավական մեծ է, բայց եթե դիտարկենք միտումները, տեսնում ենք, որ քաղաքական բոլոր ուղղություններով Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ փորձում են գնալ դեպի Թուրքիայի հետ հարաբերությունների մերձեցում և Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում։ Այսպիսով, Ռուսաստանի դիրքերը նույնիսկ Հայաստանում այսօրվա դրությամբ արագորեն թուլանում են, իսկ Թուրքիայի դիրքերը Հայաստանում ուժեղանում են։ Այսպիսով, Թուրքիան այս տարածաշրջանում, կոպիտ ասած, վերահսկում է երկուսուկես երկիր, իսկ Ռուսաստանը՝ կես երկիր։ Հետևաբար, Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում ավելի մեծ է, և Թուրքիան, իհարկե, դա կարողացել է անել Արևմուտքի աջակցությամբ»,- մեկնաբանեց քաղաքագետը։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Հրանտ Միքայելյանը կարծիք հայտնեց, որ այս պահի դրությամբ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները չի կարող որպես դաշնակցային որակավորել, քանի որ իրականում երկկողմ հարաբերությունները դեպի թշնամություն են գնում։ Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը հեշտությամբ կարող է թշնամի դառնալ Հայաստանին։
«Ռուսաստանի իշխող վարչակարգը չի ընկալում հայաստանյան իշխող վարչակարգին և թշնամաբար է ընկալում։ Նույն իրավիճակը նաև այստեղ է, բայց այստեղ մի տարբերություն կա․ Ռուսաստանը Հայաստանին թշնամաբար վերաբերվում է որպես Ռուսաստան, բայց Հայաստանը Ռուսաստանին վերաբերվում է ուրիշների թելադրանքով։ Այսինքն՝ այստեղ նույնիսկ Հայաստանի տրամաբանությունն էական չէ, և այս իմաստով ես նույնիսկ չեմ էլ կարող ասել, որ Փաշինյանը հակառուսական է։ Չեմ կարծում, որ նա ընդհանրապես ինչ-որ «հակա»-ներ ունի։ Նա ուղղակի կատարում է այն, ինչ իրեն թելադրվում է»,- կարծիք հայտնեց քաղաքագետը։
Հարցին՝ որտեղի՞ց են գալիս Փաշինյանի հրահանգները, քաղաքագետը պատասխանեց՝ առաջին հերթին Լոնդոնից, ինչպես նաև՝ Վաշինգտոնից և ավելի մոտ մայրաքաղաքներից։
«Մարդն իր ոտքով գնում է և մի քանի անգամ հանդիպում Մեծ Բրիտանիայի հետախուզության ծառայության ղեկավարի հետ։ Պետության ղեկավարը։ Ինչպես Զելենսկին։ Եվ Մեծ Բրիտանիայի ազդեցությունը, ի տարբերություն Ֆրանսիայի, շատ մեծ է Հայաստանում։ Մենք ունեցել ենք նաև նախագահ Բրիտանիայից (ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը.- Ա․Ս․), բայց նաև ունենք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք Մեծ Բրիտանիայում են սովորել և կապեր ունեն, օրինակ՝ Ավինյանը, օրինակ՝ էլի բազմաթիվ մարդիկ կան։ Այսինքն՝ Բրիտանիայի ազդեցությունը Հայաստանում շատ բարձր է, մասնակիորեն՝ նաև Միացյալ Նահանգների, բայց ոչ Ֆրանսիայի»,- նշեց քաղաքագետը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես Հայաստանը պետք է ներկա իրավիճակում դիմագրավի իր անվտանգության մարտահրավերներին, քաղաքագետն ընդգծում է, որ աշխարհաքաղաքական այն իրողությունը, որը կար տարիներ առաջ, երբ Հայաստանը քիչ թե շատ կայուն իրավիճակում էր ապրում՝ շնորհիվ Միացյալ Նահանգների համաշխարհային և Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանության, այլևս չկա։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի դերն այլևս նվազել է և չի վերականգնվելու, Միացյալ Նահանգների համաշխարհային ազդեցությունը՝ նույնպես։
«Այս կեղծ երկընտրանքը՝ Մոսկվա թե Վաշինգտոն, որ մեզ հասցրեց այս օրվան, մենք պետք է մոռանանք։ Երկրորդը, աշխարհը բազմազան է, և պետք է համագործակցություն ունենանք հնարավորինս շատ գործընկերների հետ։ Վերջին հաշվով, աշխարհի զգալի մասը, հատկապես՝ եվրասիական մայրցամաքում կան բազմաթիվ խաղացողներ, որոնք չեն ուզում, որ պանթուրանիզմը հաղթի, իսկ պանթուրանիզմի դեմ պայքարելու լավագույն և ամենաճիշտ տեղը Հայաստանն է։
Եվ պետք է աշխատել ոչ միայն Ֆրանսիայի, այլև Հնդկաստանի, Չինաստանի, նույն Իրանի հետ։ Այլ խոսքերով՝ ընդլայնենք Հայաստանի գործընկերային ցանցը, հռչակենք, որ մենք պատրաստ ենք ընդդիմանալ այս ճնշումներին, գտնենք գործընկերներին, որոնք իրականում շատ են, օգտագործենք իրենց հնարավորությունները, լինենք կանխատեսելի և վստահելի գործընկեր, որպիսին չենք վերջին 7 տարիներին, և ամենակարևորը՝ գիտակցենք, որ աշխարհը շատ ավելի մեծ է, քան Մոսկվա-Վաշինգտոն-Բրյուսել եռանկյունին»,- հավելեց քաղաքագետը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test