Արսեն Ղուկասյանի գրավը հավաքվեց րոպեների ընթացքում
sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik․ Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր` Արսեն Ղուկասյանին ազատ արձակելու համար դատարանի սահմանած 1 միլիոն գրավը քաղաքացիների նվիրատվություններով հավաքվեց րոպեների ընթացքում։ Այդ մասին հայտնում է նրա փաստաբան
Տաթևիկ Սողոյանը։
Փաստաբանը դրամահավաքի մասին գրառում էր արել մոտ 30 րոպե առաջ։ Նա նշել էր, որ պաշտպանական կողմը գրավը միջնորդել է՝ վստահ լինելով, որ գաղափարակից մարդկանց օգնությամբ գումարը շատ արագ հնարավոր կլինի հավաքել։ Սողոյանը նաև խնդրել էր, որ փոխանցում կատարելիս մարդիկ մեկնաբանությամբ կամ անձնական նամակով իրեն տեղեկացնեն փոխանցված գումարի չափը, որ հետո կարողանան վերադարձնել այն։
«Խնդրում եմ դադարեցնել դրամահավաքը։ Գումարը հաշված րոպեների ընթացքում հավաքվեց։ Շնորհակալություն բոլորին»,– գրառումը թարմացրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ հանդիպում էին
պահանջում ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Ծնողներին խոստացել էին հանդիպումը կազմակերպել սեպտեմբերի 29–ին, սակայն ժամ չէին ասել։ Անհետ կորած զինծառայողների հարազատները
երկուշաբթի ժամը 12–ին ՊՆ շենքի դիմաց էին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը միաժամանակ հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր` ՊՆ–ի մոտ սեպտեմբերի 29–ին ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից։ Ավելի ուշ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով ձերբակալվեցին անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսը` Ապիջան Սարգսյանն ու Արսեն Ղուկասյանը։ Ապիջան Սարգսյանն ազատ արձակվեց, իսկ
Արսեն Ղուկասյանը հոկտեմբերի 7–ին 1 ամսով կալանավորվեց։
Հոկտեմբերի 31-ին Արսեն Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցով` տնային կալանք, 1 մլն դրամ գրավ և բացակայելու արգելք։