«Աստված տա, ես սխալվեմ, բայց տպավորություն է, որ ընդդիմության մեծ մասը համակերպվել է այն մտքի հետ, որ 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը կրկին վերարտադրվելու է ու հիմա պայքար է գնում խորհրդարանում երկրորդ, երրորդ ու չորրորդ տեղերը զբաղեցնելու համար». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը։
-Երեւանում կայացած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հավաստիացումներ հնչեցին, որ մանիպուլյացիաներ են հայտարարությունները, թե Հայաստանին Եվրոպայում ոչ ոք չի սպասում, որ Հայաստանը Եվրոպային պետք է՝ Վրաստանի հետ միասին։ Բնականաբար, քննադատություններ եղան Ռուսաստանին ուղղված. այդ գործում բավական ակտիվ էին Հայաստանի պատվիրակության ՔՊ-ական ներկայացուցիչները։ Բավական բոցաշունչ էր Սարգիս Խանդանյանի ելույթը, ով հայտարարեց, որ իրենք թույլ չեն տա, որ «ՌԴ-ն գա եւ ասի՝ ինչպե՞ս փրկել Հայաստանը»։ Փաստորեն շատ վերլուծաբաններ, այդ թվում նաեւ դուք, մանիպուլացնում եք ժողովրդին՝ ասելով, թե մեզ Եվրոպայում չեն սպասում, ՌԴ-ի հետ էլ հարաբերությունները պետք է կարգավորել։
-Սարգիս Խանդանյանը նա էր չէ՞, որ ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար, սակայն այդպես էլ չիմացանք, թե ի՞նչ ծառայություններ է մատուցել, ինչի՞ն ի պատասխան նա հայտարարեց, որ կգա օրը ու հասարակությունը կիմանա իր արած աշխատանքի մասին։ Այսինքն, ինչպես թատերականացված է ՔՊ-ականների ողջ գործունեությունը, այդպես էլ քաղաքական բովանդակությունից զուրկ են նրանց ելույթները, որոնք ապահովում են միայն արտաքին շղարշը։ Եթե այդ ելույթներն անցկացնենք մաղով, ապա տակը կմնա այն իրականությունը, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հօդս ցնդեց Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարական բաստիոն» կոչվածը։ Փաշինյանին թվում էր, թե ԵՄ-ում հավաքված է իր ընտրազանգվածը ու նրանց համար նույնպես համոզիչ կարող են լինել այն հիմնավորումները, որոնցով ձերբակալում ու կալանավորում է ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց ու նրանց նույնպես ցնծության կհասցնի իրավապահների կողմից իրականացվող վայրագությունները, սակայն նույն վեհաժողովի ժամանակ հնչեցին հստակ գնահատականներ, որ Հայաստանը չի կարող ԵՄ անդամության թեկնածու լինել այնքան ժամանակ, քանի չի լուծել իր ներքին խնդիրները ու ներքաղաքական գործընթացները չի համապատասխանեցրել ժողովրդավարության համընդհանուր չափանիշներին։
Այստեղ Նիկոլ Փաշինյանը կանգնում է շատ բարդ երկընտրանքի առջեւ։ Դադարեցնել ուժային ռեպրեսիաները ընդդիմության հանդեպ նշանակում է կորցնել վերատրադրվելու իր լծակներից կարեւորագույնը, քանի որ նա այլեւս չի վայելում հանրային լայն աջակցություն, ուստի նրան պետք է ոչ միայն վախի մթնոլորտի տարածում, այլեւ շոուներ, իբր ինքը պայքարում է «հեղափոխական արժեքների» համար։ Սակայն եթե այս հռետորաբանությունն ու գործելաոճը տպավորություն է թողնում իր ընտրազանգվածի մոտ, ապա միանգամայն հակառակ ռեակցիաներ է առաջացնում միջազգային հարթակում։
Իհարկե, ԵՄ-ն վաղուց է ապացուցել, որ իր իսկ կողմից որպես բացարձակ արժեք հռչակված «մարդու իրավունքները», «խոսքի ազատությունը», «ժողովրդավարությունը»…այդքան էլ բացարձակ չեն ու հարկ եղած դեպքում կարող են աչք փակել դրանց աղաղակող խախտումների վրա, սակայն Երեւանում կայացած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ժամանակ պարզ դարձավ, որ Հայաստանի պարագայում այդքան էլ մտադիր չեն քաղաքական հետապնդումերը չտեսնելու տալ։ Իսկ թե ինչու աչք չեն փակում, պատճառը պարզ է, Հայաստանը չունի Եվրոպայի համար այն քաղաքական նշանակությունը, ինչը փորձում է ցույց տալ ՔՊ-ական իշխանությունը։
Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ նաեւ երկրորդ ճանապարհով, ԵՄ-ին ապացուցելու համար, որ Հայաստանն ամբողջովին տեղավորվում է ժողովրդավարության չափանիշների շրջանակներում, դադարեցնի ընդդիմադիրներին ձերբակալելն ու կալանավորելը, սակայն այս պարագայում էլ կանգնում է իշխանությունը կորցնելու եզրին, որն ամենեւին չի ապահովելու Հայաստանի՝ ԵՄ անդամագրումը։
Կա եւս մի կարեւոր հանգամանք, այսօր Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունը Թուրքիան ու Ադրբեջանն են, որտեղ ինչպես Հայաստանում, ժողովրդավարություն ասվածը խիստ հարաբերական է, հետեւաբար նա ավելի շատ կարեւորում է Էրդողանի ու Ալիեւի կարծիքը, քան Եվրոպայի։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա որքան հիշում եմ, հենց Նիկոլ Փաշինյանն էր վերջերս Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսում հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից ու էներգետիկ համակարգում համագործակցության խորացումից։ Իհարկե, Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է ոչ միայն կարգավորվեն, այլեւ խորացվեն, սակայն ոչ ի հաշիվ մյուս կողմի։ Աշխարհը վաղուց այլեւս միաբեւեռ կամ երկբեւեռ չէ ու հնարավոր է հարաբերությունները խորացնել թե Ռուսաստանի, թե Չինաստանի, թե Հնդկաստանի, թե ԵՄ-ի ու թե ԱՄՆ-ի հետ։ Սակայն Նիկոլ Փաշինյանի համար աշխարհակարգի նախկին երբեւեռությունը փոխարինվել է նոր երբեւեռությամբ, որոնք են Թուրքիան ու Ադրբեջանը։
-«Եվրոպամետ» վերլուծական եւ քաղաքական շրջանակները անընդհատ պնդում են, որ առաջիկա ընտրություններում Հայաստանում պետք է Մոլդովայի սցենարը կրկնվի։ Դատելով նրանից, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքների ղեկավարները կալանավորվում են, հնարավոր համարո՞ւմ եք, որ ընտրական շրջանում արդեն ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն։
-Իհարկե, հնարավոր է ու գործընթացները հենց այդ ուղղությամբ էլ զարգանում են։ Նախ՝ կալանավորված յուրաքանչյուր ղեկավար պատկանում է որեւէ քաղաքական ուժի, ու որոշ չափով կարող ենք համարել, որ նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերը նաեւ ուղղված են հենց այդ ուժերի դեմ, բացառությամբ Գյումրի խոշորացված համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի, քանի որ դժվար է պատկերացնելը, որ Կոմունիստական կուսակցությունը գտնվում է իշխանությունների թիրախում։ Նախքան 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները Նիկոլ Փաշինյանը փորձելու է հաստատել վերջնական բռնապետություն, որն արդեն հաստատված է, մնում է էլ ավելի խորացնելը։ Դավիթ Համբարձումյանի կալանավորումը վերջինը չէ, առաջիկայում մենք կտեսնենք բազմաթիվ այլ կեղծ քրեական գործեր, հետապնդումներ, ձերբակալություններ ու կալանավորումներ։ Ընդ որում՝ այլեւս պարտադիր չէ, որ մարդը որեւէ կոնկրետ գործողություն արած լինի, մենք հասել ենք այն աստիճանին, որ մարդուն կարող են կալանավորել ֆեյսբուքյան որեւէ գրառման համար, ինչպես փաստաբան Կոչուբաեւին, մեկ արտահայտության համար, ինչպես Սամվել Կարապետյանին, մեկ հարցազրույցի համար, ինչպես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, հանրահավաքներ ու երթեր կազմակերպելու համար, ինչպես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ու վերջապես տարիներ առաջ անձին վերագրվող ինչ-որ գործողության համար, ինչպես Դավիթ Համբարձումյանին։
Օրինակ՝ եթե ես իմ հարեւանին կոչ անեմ ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու, կարող եմ կալանավորվել հարկադրանքի մեղադրանքով, եթե կոչ անեմ չմասնակցել ՔՊ-ի միջոցառումներին, կկալանավորվեմ խոչընդոտելու կասկածանքով։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը քարուքանդ է արել ողջ իրավական ու դատական համակարգը ու մարդկանց առաջադրված մեղադրանքներն այլեւս կարեւոր չեն, նույնիսկ մարդուն կարող են կալանավորել առանց որեւէ մեղադրանք առաջադրելու, ուղղակի վերցնեն ու կալանավորեն։
Դրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է իր գրոհը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ու մեծ է վտանգը, որ նման ընթացքի դեպքում նրան կհաջողվի փոխել Վեհափառին, քանի որ չենք տեսնում լուրջ հակազդեցություն ոչ եկեղեցու, ոչ հասարակության, ոչ էլ քաղաքական ուժերի կողմից։
– Ի հակառակ իշխանության, որը բավական հստակ եւ համակարգված գիծ է տանում, ընդդիմադիր դաշտը դեռ շարունակում է իրար մեջ կամ իրար հետ հարաբերություններ պարզել։ «Հայաստան» դաշինքը թեեւ միացել է իմպիչմենթի գործընթացին, բայց հստակ է, որ նախապատրաստվում են առաջիկա ընտրությունների, «Պատիվ ունեմի» նախաձեռնած իմպիչմենթի արդյունքն էլ դեռ տեսանելի չէ։ Իրար մեջ այս սկզբունքային տարաձայնություններով ինչպե՞ս պետք է ընդդիմադիր դաշտը ՔՊ-ին իշխանությունից հեռացնի։
-Այո, Նիկոլ Փաշինյանը գործում է հստակ ու համակարգված, բացի այդ, նա երբեք սկսած գործը կիսատ չի թողնում, ի տարբերություն ընդդիմադիր ուժերի։ Կար ժամանակ, երբ ընդդիմությունն էր թելադրում օրակարգ, ինչը լուրջ անհանգստացնում էր իշխանություններին։ Հետեւեք ՔՊ-ական տարբեր պատգամավորների հարցազրույցներին ու կզգաք տարբերությունը նրանց նախկին ու ներկա հռետորաբանության մեջ։ Այսօր նրանց խոսքում զգացվում է վստահություն իրենց հանդեպ ու այդ վստահությունն ամենեւին պայմանավորված չէ հանրության աջակցությամբ, այլ ընդդիմադիր ուժերի պառակտվածությամբ ու քայլերի ոչ հստակությամբ, շառ դեպքերում նաեւ անգործությամբ։ Աստված տա, ես սխալվեմ, բայց տպավորություն է, որ ընդդիմության մեծ մասը համակերպվել է այն մտքի հետ, որ 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը կրկին վերարտադրվելու է ու հիմա պայքար է գնում խորհրդարանում երկրորդ, երրորդ ու չորրորդ տեղերը զբաղեցնելու համար։
ՔՊ-ականների խոսքի վստահությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ իրենք են թելադրում օրակարգերը, իսկ ընդդիմությունը մեծամասամբ զբաղված է հարցազրույցներով ու Նիկոլ Փաշինյանին հերքելով։ Բազմիցս եմ ասել, որ քաղաքականությունը պայմանավորված չէ միայն հարցազրույցներով ու ճեպազրույցներով, դրանք հիմնականում քաղաքականությունը լրացնող բաղկացուցիչներ են, բայց ոչ բուն քաղաքականությունը։ Այն հիմնականում գործ է, իսկ գործ այս պահին կարծես չենք տեսնում։ Իհարկե, առավել քան վստահ եմ, որ ընդդիմադիր դաշտում այս պահին ընթանում են խորհրդատվություններ, հանդիպումներ ու քննարկումներ, բայց դրանք բոլորն ուղղված են առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Վերջերս առիթ ունեցա ասելու, որ նույն Հովհաննավանքում օհանավանցիները տեսան իշխանությանը, սակայն պետք է տեսնեին նաեւ ընդդիմությանը։ Ընդդիմությունը պետք է տվյալ եկեղեցու օծված քահանայով գնար Հովհաննավանք, պետք է տապալեր Ստեփան Ասատրյանի կողմից մատուցվող ՔՊ-ական «պատարագը»։ Ինչի՞ց վախեցավ ընդդիմությունը, բախման հնարավորությունի՞ց։ Իհարկե, ներքին բախումները կարող են շատ ծանր անդրադառնալ Հայաստանի վրա, սակայն առավել քան վստահ եմ, որ գործը ներքին բախման չէր հասնի, քանի որ այնտեղ ժողովուրդ չկար, կային միայն որոշ թվով ՔՊ-ականներ ու վարչական ռեսուրսով բերված մարդիկ, որոնք պարզապես կհեռանային, եթե նման վտանգ առաջանար։ Բացի այդ, եթե ընդդիմությունը Հովհաննավանք գնար մի քանի ժամ շուտ, ապա մեծ կլիներ հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանն առհասարակ չէր գա։ Սակայն պետք է փաստենք, որ տվյալ դեպքում ընդդիմադիր օրակարգ ստեղծեցին հենց լրագրողները, ինչպես շատ այլ դեպքերում ու եթե չլինեին նրանք, ապա ողջ Հայաստանը կտեսներ, որ բոլորը համակերպված են կամ որ ավելի վատ է, ընդունում են Փաշինյանի քայլերը եկեղեցու դեմ։ Կարծում եմ, նույնը կլինի նաեւ այս կիրակի, կրկին Փաշինյանը կգնա Հովհաննավանք, կրկին առանց որեւէ խոչընդոտի կմասնակցի պատարագի ու դա կանի այնքան ժամանակ, մինչեւ Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի «պատարագները» դառնան սովորական ու այլեւս ոչ ոք այդ մասին չխոսի։
Եվ վերջապես եթե հայտարարում ես, որ քո նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, ապա չպետք է վախենաս քայլերի հետեւանքներից, այլ ունենաս այնքան խոհեմություն, որ խուսափես վատթարագույնից։ Սակայն վատթարագույնից խուսափելը չի նշանակում համատարած անգործություն։ Եվ վերջապես իշխանության ու Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու համար չպետք է սպասել պաշտոնական խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկին, որովհետեւ սովորաբար ամեն ինչ որոշված է լինում նախքան պաշտոնական քարոզարշավը։ Թե նախընտրական քարոզարշավը, թե բուն ընտրություններն ընդամենը օրենքով նախատեսված գործընթացներ են ու եթե մինչ այդ ընդդիմությանը չհաջողվի հաղթել Նիկոլ Փաշինյանին, դժբախտաբար մեծ է հավանականությունը, որ ընտրություններով նույնպես չի հաջողվի։
Որպես վերջաբան թերեւս շեշտեմ, որ ոչ թե ՔՊ-ն է ուժեղ, այլ ընդդիմությունն է զիջել նախաձեռնությունը, իսկ հանրությունը հայտնվել է խիստ տհաճ վիճակում, մի կողմից չի աջակցում Նիկոլ Փաշինյանին, մյուս կողմից՝ ընդդիմության կողմից չի տեսնում համակարգված ու հստակ գործողություններ, որպեսզի կարողանա գնալ իշխանափոխության։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ 31.10.2025
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test