Ոչ լրիվ մեկ շաբաթվա ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու կարևոր այց է կատարել Կատար և Օման, Անկարայում ընդունել Մեծ Բրիտանիայի վարչապետին և Գերմանիայի կանցլերին, հանրապետության հռչակման հերթական տարեդարձի առթիվ ուղերձով դիմել ժողովրդին, Ստամբուլում մասնակցել երկու խորհրդաժողովների և հանդես եկել ծրագրային ելույթով:
Դիվանագիտական շփումների ընթացքում, դրանց վերաբերյալ մամուլի համար հայտարարություններում եւ երկու ելույթներում նա խոսել է «Թուրքիայի դարի», տարածաշրջանում նրա «առաջնորդությանը հասնելու» նպատակի, Գազայում իրավիճակի և «երկու պետություն» սկզբունքով իսրայելա-պաղեստինյան կարգավորմանը «ոչ միայն երկու ձեռքով, այլև ամբողջ մարմնով աջակցելու մշտական պատրաստակամության», Ուկրաինայում հրադադարի հաստատման գործին «հնարավոր ներդրում ունենալու հաստատակամության» մասին:
Միջազգային և տարածաշրջանային իրադարձությունների «քարտեզից», կարծես, Թուրքիայի նախագահը դուրս է թողնում Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան և չի անդրադառնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական կարգավորմանը, թեև, թվում է, Անկարայի համար չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Կասպից ծովով Կենտրոնական Ասիայի հետ ուղղակի և ամենակարճ հողորդուղու բացումը, որի շուրջ ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը քաղաքական համաձայնություն ձեռք են բերել օգոստոսի 8-ին:
Թուրքական կողմը դեռեւս չի արձագանքել նաև իր տարածքով Թուրքիա-Ադրբեջան և հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային բեռնափոխադրումներ ապահովելու մասին Հայաստանի հնչեցրած առաջարկությանը: Այս առումով հիշվում է Թուրքիայի նախկին արտգործնախարար Դավութօղլուի երազանքը՝ Անկարայում մեքենա նստել և հասնել Բաքու: Կարելի է ենթադրել, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի տարածքով հաղորդակցություն ասելիս նկատի են ունենում միայն Նախիջևան-Մեղրի անցուղին, մյուս տարբերակները «հարմար չեն»:
Բայց այդ դեպքում Էրդողանն ինչո՞ւ ծրագրային դիտարկումներում չի անդրադառնում «Թրամփի ուղուն»: Թուրքիան այդ տարբերակին դե՞մ է, թե՞ ԱՄՆ նախագահից շատ կարեւոր սպասելիքներ ունի: Հոկտեմբերի 31-ին Էրդողանը Ստամբուլում մասնակցել է TRT հեռուստաընկերության կազմակերպած «միջազգային խորհրդաժողովին»: Իր ելույթում նա վերստին պնդել է, որ Թուրքիան պետք է մասնակցի Գազայում հրադադարի պահպանմանը և վերականգնողական ծրագրերին: Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Գազայում Թուրքիայի ներկայությունը որակել է «կարմիր գիծ, որ երբեք չի հատվի»:
Էրդողանն, ըստ երևույթին, դեռևս հույս ունի, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը «ճնշում կգործադրի» Իսրայելի վարչապետի նկատմամբ, և նա տեղի կտա: Ստամբուլի «միջազգային գիտաժողովի» բացման խոսքում նա հատուկ ընդգծել է, որ Թուրքիան «շատ կարևոր դեր է խաղացել, որպեսզի ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայնության հասնեն»: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը նույն օրը մամուլին ասել է, որ «Իսրայելը հրադադարը խախտելու առիթներ է փնտրում»:
Նման առիթ «կարող է տալ ՀԱՄԱՍ-ը՝ Թուրքիայի դրդմամբ»: Այս առումով, հավանական է, Էրդողանը Մեղրիի անցուղու հարցը համարում է «լուծված», բայց իր ներգրավվածությունն ամրապնդելու համար ձգտում է հաստատվել Գազայում, ինչը թույլ կտա բոլորովին այլ մակարդակի հարաբերություններ ունենալ Պարսից ծոցի արաբական միապետությունների, Ռուսաստանի և Իրանի հետ: ԱՄՆ-ը պատրաստակամ է Մերձավոր Արևելքում Թուրքիային աշխարհաքաղաքական բոնուս տալ:
Արդյոք այն կարող է կիրառվել նաև Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա հիպերտարածաշրջանո՞ւմ: «Թրամփի ուղու» նախագիծը քաղաքական համաձայնությամբ հայ-ամերիկյան է: Ընդ որում, ինչ կոնսորցիում էլ որ ստեղծվի, Մեղրիի անցուղու նկատմամբ Հայաստանի իրավազորությունը պահպանվում է: Թուրքիան այդ սկզբունքին առարկո՞ւմ է կամ դրա հանդեպ վերապահումներ ունի՞: Արդյոք այդ և այլ հարցերի քննարկման համա՞ր է նախապատրաստվում 3+3 ձևաչափի նոր հանդիպում, որ անոնսավորել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Իսկ հարավ-կովկասյան «հավասարման հեղինակ» Միացյալ Նահանգները կո՞ղմ է, որ «Թրամփի ուղին» քննարկվի Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test