Հարցազրույց Նիցցայի Ալյանս համահայկական միության հիմնադիր-նախագահ Մարինա Պետրոսյանի հետ
- Ինչքա՞ն հայ է ապրում Նիցցայում: Ինչո՞վ են զբաղվում:
- Ես Ֆրանսիայի ողջ համայնքի հետ կապ ունեմ, եւ պատկերացումս առավել լայն է, բայց կխոսեմ հենց Նիցցայի հայ համայնքի մասին: Այժմ Նիցցա գալիս են ոչ միայն Հայաստանից, այլեւ, օրինակ, այն հայերը, որոնք շատ տարիներ առաջ տեղափոխվել էին Ռուսաստան, այժմ էլ տեղափոխվում են Նիցցա: Կան մարդիկ, ովքեր կայացել են ՌԴ-ում եւ կայացած միջոցներով տեղափոխվում են մեզ մոտ, որպեսզի երեխաներն ավելի լավ կրթություն ստանան, ավելի բարեկեցիկ ու անվտանգ կյանք ունենան։ Սակայն կան մարդիկ, ովքեր ունեն տարբեր սոցիալական խնդիրներ` առողջական, ֆինանսական եւ այլն: Նրանք գտնվում են ծայրահեղ ֆինանսական վիճակում եւ մտածում են, որ հայ համայնքը` հայկական եկեղեցու շնորհիվ նաեւ, կարող է բոլոր հարցերը լուծել, սակայն տեսականորեն դա այնքան էլ այդպես չէ: Եկեղեցին եւ հայ համայնքը չունեն այն հնարավորությունը, որ բոլորին բնակարաններով եւ գումարով ապահովեն, եւ այդ մարդիկ դժգոհության առաջին ֆազից հայտնվում են երկրորդ ֆազի մեջ: Մտածում են, որ արտագաղթեցին, որպեսզի լավ ապրեն, սակայն այստեղ էլ իրենց լավ չեն ընդունում:
- Երբվանի՞ց է հայերի հոսքը Նիցցայում ավելացել:
- Անշուշտ, 20 թվականի պատերազմից հետո, հատկապես՝ փոքր երեխա ունեցողները, եւ, բնականաբար, հարց էլ չես տալիս, թե ինչու, որովհետեւ հասկանում ես, որ տղա երեխա ունեցողները հեռանում են պատերազմի վտանգից: Այնպես չէ, որ իրենք թաքցնում են՝ չէ: Ռուսաստանի պատերազմն էլ է ազդեցություն ունեցել: Եթե մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը մարդիկ նաեւ Ռուսաստան էին մեկնում, արտահոսքը մեծ էր, հիմա նույն խնդիրը կա այնտեղ: Կան նաեւ մարդիկ, ովքեր տեղափոխվում են Ֆրանսիայի հյուսիսային քաղաքներ, հետո մտածելով, որ հարավում գործն ավելի շատ է, միգրացվում են դեպի հարավ: Դժվարություններն անվերջանալի են, որովհետեւ փախստականի կարգավիճակ ստանալու պրոցեսը գնալով բարդանում է, եթե այն ժամանակ հնարավորություն կար բողոքարկման, եթե հնարավոր էր կեցության ժամկետը երկարացնել կոմպրոմիսների արդյունքում, ապա այսօր չկա նման բան: Ժամկետները խստացնում են եւ դեռ գնալով ավելի են խստացնելու: Ընտրություններին ընդառաջ շատ է խոսվում միգրացիոն քաղաքականությունը խստացնելու մասին, սա կարծես կարմիր գիծ է արդեն: Այդ է պատճառը, որ վտարման քարտերը շատ ավելի հաճախ են առաջ գալիս, եւ օգնության հնարավորությունները փոքրանում են:
- Իսկ Նիցցայի հայերն ինչպե՞ս են ապրում, եթե պատկերն այդքան էլ հուսադրող չէ: Քանի՞ հայ կա այնտեղ:
- Թոշակի հնարավորություն չունեն չաշխատող մարդիկ՝ անկախ ազգությունից, նպաստի հարցն էլ իրավաբանորեն ստատուս ունեցող քաղաքացիներին է վերաբերում միայն: Գնալով նպաստի չափանիշներն էլ են փոխվում, բայց ընտանիքները հիմնականում ապրում են հետեւյալ ձեւով. տղամարդիկ շինարարությամբ են զբաղվում, անկախ այն բանից՝ իրավաբան են եղել, բժիշկ, թե գիտնական։ Եթե գործ չկա, շինարարությամբ են զբաղվում, որպեսզի օրվա հացը վաստակեն: Կանայք էլ հիմնականում մաքրությամբ են զբաղվում, երեխաներ են խնամում: Հաճախ չնչին աշխատավարձերով են աշխատում, որպեսզի կարողանան հարցերը լուծել, բայց հայը պայքարող տեսակ է: Ուր էլ գնա, պայքարում է եւ փորձում է մի բանի հասնել, երբեմն՝ հուսախաբվելով: Միշտ մտածում ենք, որ ոչինչ՝ եթե այսօր լավ չէ, վաղն ամեն ինչ լավ կլինի, բայց առողջություն ենք փչացնում, ժամանակ ենք կորցնում, եւ այսպես հազար ու մի խնդիր: Անգամ այն ընտանիքները, որոնք 2000-ականներին են եկել Ֆրանսիա, աչքիս առաջ նրանցից շատերը քայքայվեցին՝ տղաները վատ շրջապատ ընկան, աղջիկները նորմալ կրթություն չստացան, բացառիկ դեպքեր են, որ հաջողություն են ունենում: Նիցցայում ապրում է մոտավորապես 7 հազար հայ, սակայն ես կասեմ, որ չկա մարդահամարային տվյալ, եւ թիվն իրականում ավելի մեծ է: Ուղղակի ցուցակագրված չեն: Իսկ տեսանելի հայերը` 1000-2000:
- Այդ դեպքում ինչո՞ւ են հայերն այդքան սիրում արտագաղթել՝ հայրենիքում ապրելու եւ հայրենիքը շենացնելու փոխարեն:
- Գալիս են, հետո վերադառնում են Հայաստան, 7 տարվա մեջ մի անգամ են Հայաստան կարողանում գալ: Նաեւ ետ են գալիս Հայաստան, սակայն՝ շատ քիչ։ Կան նաեւ մարդիկ, ովքեր վերադարձան Հայաստան, սակայն հետո էլի եկան Նիցցա: Պատկերը տարբեր է:
- Ձեր ղեկավարած Ալյանս համահայկական միության հիմնական գործառույթը ո՞րն է:
- Հայի տեսակի պահպանումը: Ստացվում է, սակայն՝ դժվարությամբ: Բայց եթե մեկ տոկոսն էլ պահպանվի, փրկվի, ուրեմն մեր աշխատանքն ապարդյուն չէ: Մեծ հավատ ու ուժ ունենք եւ նվիրվել ենք այդ գործին: Աշխատում ենք մինչեւ 13 տարեկան երեխաների հետ, նրանց հայեցի կրթություն ենք տալիս: Այդ տարիքում կարելի է երեխային հայկական վարժարան բերել, որը եռօրյա է, սակայն երբ երեխան մի քիչ մեծանում է, սկսում է ինքը որոշել:
- Ի՞նչ գիտելիք եք տալիս:
- Ծանոթացնում ենք հայկական մշակույթին, հայերեն բառամթերքն ենք հարստացնում, մաշտոցյան լեզուն ենք փոխանցում, գրական արժեքները: Միջոցառումներ ենք կազմակերպում՝ ճամփորդություններ, ճաշկերույթներ, որպեսզի հայերով ավելի կապված լինեն: Ընտանեկան մթնոլորտ ենք ստեղծում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test