Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքով և 1 մլն դրամ գրավով
sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը` Արսեն Ղուկասյանը, դատարանից ազատ կարձակվի։ Ավան և Նոր նորքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը։
«Արսեն Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխել այլընտրանքային խափանման միջոցով` կիրառելով տնային կալանք, գրավ 1 մլն դրամի չափով և բացակայելու արգելք»,–ասաց դատավորը։
Մինչ այդ հանրային մեղադրողը միջնորդեց, որ անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր` Արսեն Ղուկասյանի կալանքը երկարաձգվի 3 ամսով։
«Արսեն Ղուկասյանի գործողություններն ուղղված են իրավապահներին, այս հանգամանքը բարձրացնում է անձի վտանգավորությունը»,– ասաց դատախազը` հավելելով, որ Արսեն Ղուկասյանը կարող է թաքնվել իրավապահներից կամ կրկնել հանցանքը։
Իսկ Արսեն Ղուկասյանի փաստաբաններից Տաթև Սողոյանը նախ պատմեց Արսեն Ղուկասյանի անցած ճանապարհը։
«Արսեն Ղուկասյանը եղել է բոլոր ակցիաներին, նա եղել է ոչ միայն փողոցում, այլև բոլոր իրավասու մարմինների դռների առաջ, եղել է նաև բոլոր խորհրդակացություններին, բայց ոչ մի անգամ նրա կողմից որևէ բռնության դեպք կամ անհարգալից վերաբերմունք չի եղել ոստիկանների նկատմամբ»,– ասաց Սողոյանը։
Տաթևիկ Սողոյանը նշեց Արսեն Ղուկասյանի առողջական խնդիրները, որոնք, ըստ նրա, անհամատեղելի են կալանքի հետ։
«Այս տարվա մարտին տեղադրվել է սրտի աշխատանքը խթանող սարք. սա կիրառվում է ամենածանր դեպքերում, երբ ցուցված է սրտաբանի մշտական հսկողություն։ Քննիչն ասում է՝ չի խոչընդոտում։ Ասում ենք՝ ոնց չի խոչընդոտում, ինչպե՞ս կարող եք մասնագետ չլինելով` երաշխավորել, որ չի խոչընդոտում»,– մանրամասնեց փաստաբանը։
Նշենք, որ Արսեն Ղուկասյանի եղբայրը` Արման Ղուկասյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբոր որդին՝ Սարգիս Ղուկասյանը, անհետ կորած է։
Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ հանդիպում էին
պահանջում ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Ծնողներին խոստացել էին հանդիպումը կազմակերպել սեպտեմբերի 29–ին, սակայն ժամ չէին ասել։ Անհետ կորած զինծառայողների հարազատները
երկուշաբթի ժամը 12–ին ՊՆ շենքի դիմաց էին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը միաժամանակ հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր` ՊՆ–ի մոտ սեպտեմբերի 29–ին ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից։ Ավելի ուշ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով ձերբակալվեցին անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսը` Ապիջան Սարգսյանն ու Արսեն Ղուկասյանը։ Ապիջան Սարգսյանն ազատ արձակվեց, իսկ
Արսեն Ղուկասյանը հոկտեմբերի 7–ին 1 ամսով կալանավորվեց։