Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով փորձագետ, Հանրային խորհրդի անդամ Սոսի Թաթիկյանը նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզի Կիրանց բնակավայր այցելած Հանրային խորհրդի անդամների թվում է եղել:
Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է, որ ոչ միայն ծանոթացել են Կիրանցում կատարված աշխատանքներին, այլ նաև ՀՀ զինված ուժերի համար գնված և երկրի ներսում արտադրված որոշ զինատեսակների նմուշներին:
Թաթիկյանին տպավորել են ամրաշինական աշխատանքները: Վերջինս ասում է՝ շատ մեծ, հսկայական և ծախսատար աշխատանք է տարվում, և ակամայից հարց է առաջանում՝ ինչու նման աշխատանք չի տարվել 2020 թվականից առաջ: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ հավանաբար կոռումպացված համակարգ է եղել:
«Ներկա իշխանությունը 2022 թվականի կեսերից շատ լուրջ բարեփոխումներ է իրականացնում, պարզապես ամեն բան չէ, որ կարելի է հրապարակել: Հանրությունը որոշակի ազդեցություն է կրում այն որոշակի քաղաքական ուժերից, որոնք ոչինչ չեն արել 27 տարի, բայց հիմա մեղադրում են այն ուժին, որն անում է: Մենք իսկապես ոչինչ չենք ունեցել»,- նկատում է զրուցակիցը:
Փորձագետը ընդգծում է՝ այս ամենն արվում է ՀՀ ինքնիշխան տարածքը ոտնձգություններից պաշտպանելու նպատակով միայն. «Մենք տեսանք, որ ՌԴ-ն իր պարտավորությունները չկատարեց, անգամ ըստ որոշ խոսակցությունների՝ հետ քաշվեց, այսինքն՝ հասկացել ենք, որ ոչ մեկը չի գալու մեզ փրկի»:
Կրկին խոսելով Կիրանցի մասին՝ Թաթիկյանն ասում է. «Կիրանցում դպրոցը բարեկարգ վիճակում է, ամեն ինչ այնքան նոր է, որ տպավորություն է՝ ցուցահանդես է: Մենք տեսանք ֆուտբոլ խաղացող երեխաների, որոնք ուրախ և զվարթ խաղում էին: Նաև հանդիպեցինք զինվորականներին և տեսանք, որ նրանց համար շատ լավ պայմաններ են ստեղծված»:
Փորձագետը դրական է համարում ժամկետային զինվորական ծառայությունը 1,5 դարձնելը՝ միաժամանակ նկատելով՝ սխալ է, երբ առաջնագծում նորակոչիկն է կանգնած. «Դա պետք է անեն պրոֆեսիոնալ ստորաբաժանումները»:
Ըստ Թաթիկյանի՝ անչափ կարևոր է ռազմական կրթության վրա շեշտը դնելը: Վերջինս նաև ասում է. «Բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է փոխվի, որ քրեական բարքերը վերանան: Որքա՜ն մարդ կա, որ արտագաղթում է, որպեսզի չծառայի»:
Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով փորձագետը առաջիկա մի քանի տարում պատերազմի հավանականությունը նվազագույն է համարում. «Ալիևը դժվար թե այդքան հանդգնություն ունենա և օգոստոսի 8-ից հետո նման քայլի գնա․ քաղաքականապես չի մարսի»:
Եզրափակելով զրուցակիցը արձանագրում է, որ մինչ այսօր Հայաստանի կողմից նման գերակտիվ դիվանագիտական քաղաքականություն բոլոր ուղղություններով չէր տեսել. «Պետք է զգույշ լինել և որևէ կարմիր գիծ չխախտել»:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test