Քաղաքագետ, «Հայաքվե» ազգային-քաղաքական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների սկսած պայքարը, մասնավորապես՝ Հովհաննավանքում նրանց գլխավորությամբ տեղի ունեցող իրադարձությունների գխավոր նպատակը բախման տանելն է։
«Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ բախումներ լինեն, հիշեք, այն ամենը, ինչն ինքն անում է, սրանով նախապատրաստվում է ընտրություններին։ Ուզում է իր այս գործողությունների արդյունքում կոնֆլիկտներ ստեղծելով՝ իր հետևորդների թիվն ավելացնի։
Մոտավորապես ասեմ, թե ինչպես։ Մեր այն հայրենակիցները, որոնք ըմբոստ են, Նիկոլ Փաշինյանի կողքին են եղել նախկինում, բայց հետո նրանից հիասթափվել ու հեռացել են, հիմա Փաշինյանն ուզում է իր այս ընտրազանգվածին հետ բերել։
Իսկ հետ բերելու համար նրան անհրաժեշտ է կոնֆլիկտ, այն առումով, որ ցույց տա, թե իբր «հրեշի» դեմ է պայքարում։ Տպավորություն է ստեղծում, որ ջրի ակունքը մի վիշապի կողմից փակվել է, ինքն էլ հեքիաթի հերոսն է, պետք է վիշապին հաղթի ու ջրի ակունքը բացի։ Հենց սրա համար է նրան այդքան անհրաժեշտ կոնֆլիկտ, մանավանդ հաշվի առնելով, որ Առաքելական եկեղեցու վարկանիշը բավականին բարձր է, ուզում է այն բերել իր վերահսկողության տակ։ Նիկոլ Փաշինյանը վտանգ է զգում այն բոլոր կառույցներից, որոնք ունեն բարձր վարկանիշ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մենուա Սողոմոնյանը։
Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն Առաքելական եկեղեցու հետ կապված այս ամենը երկնել է և ձգտելու է լարել իրավիճակը, սադրանքների գնալ, որպեսզի բախումներ լինեն, մարդիկ ձերբակալվեն։
Քաղաքագետի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած այս օրակարգի դեմ ժողովուրդը մի քանի քայլով պետք է հակադարձի։
Նախ, պետք է այդ օրակարգը մերժել, առհասարակ չքննարկել, քանի որ կան մարդիկ, որոնք հիշում են տարիներ առաջ ինչ-որ մի հոգևորականի հետ կապված դեպք ու դնում շրջանառության մեջ։ Այս ամենով այդ մարդիկ ուղղակի նպաստում են Նիկոլ Փաշինյանի օրակարգի տարածմանը։
«Մեր եկեղեցու առաքելությունը, փրկչականից բացի, նաև ազգային ինքնության պահպանման հետ է կապված։ Սա միշտ պետք է հիշել ու աջակցել եկեղեցուն՝ որպես զավակի, ճիշտ այնպես, ինչպես մայրն է իր որդուն վերաբերվում։ Ինչպե՞ս պետք է լինի այդ աջակցելը, իհարկե, պատարագներին մասնակցելը, ավելի շատ լինել եկեղեցում, հոգևորականների կողքին, նույնիսկ սոցցանցերում գրառումներ անել՝ ի աջակցություն Առաքելական եկեղեցու։ Քարոզչությունը պետք է մեծացնել՝ ավելի շատ գնալով դեպի Աստված»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Այս ամենից զատ, Մենուա Սողոմոնյանը նաև կարծում է, որ պետք է մտածել այն մասին, որ եթե գնալու ենք խորհրդարանական հերթական ընտրությունների, պետք է դրան ապահովվի մարդկանց բարձր քաղաքացիական մասնակցություն։
«Այն մարդիկ, որոնք հիասթափվել են այս իշխանությունից և առհասարակ չեն ուզում մասնակցել ընտրություններին, պետք է նրանց հետ զրուցել, համոզել, որ մասնակցեն ընտրություններին, քանի որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար շատ վտանգավոր է բարձր մասնակցությունը։ Վստահ եմ, մարդկանց մասնակցության բարձր մակարդակ ապահովելու դեպքում այդ իշխանափոխությունը տեղի կունենա։
Ըստ իս, ժողովրդի հակաքայլերը՝ ուղղված այս իշխանություններին, հենց այս տրամաբանության մեջ պետք է լինի։
Նա կարծում է, որ պետք է ստեղծվեն նաև արդյունավետ բլոկներ, հատկապես արտախորհրդարանական ուժերի մեջ, որպեսզի ժողովրդի ձայնը չփոշիանա»,- ընդգծեց Մենուա Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակվեց Հովհաննավանաքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանը, սակայն վերջին չընդունեց իր կարգալույծ լինելու հանգամանքը և հայտարարեց, որ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում պատարագ կմատուցի։ Նրան իր սատարումը հայտնեց Նիկոլ Փաշինյանը, մասնակցեց այդ միջոցառմանը և հայտարարեց, որ «այս գործընթացով սկսում են Մայր Աթոռը ազատելու գործընթաց»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test