«Ասսաթ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման է ներկայացրել Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի ժամկետի երկարացման, ինչպես նաև ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների նախագիծը։
Քարաբերդի հանքավայրի Կենտրոնական տեղամասի մշակման գործող նախագծով և 2013թ․ կնքված պայմանագրով նախատեսվում էր 1-ին և 3-րդ հանքային մարմինները մշակել բաց և ստորգետնյա եղանակով. վերին հորիզոնները մշակել բաց լեռնային աշխատանքներով, իսկ դրանից հետո մնացած ստորին մասերը՝ ստորգետնյա լեռնային աշխատանքներով: Այս նախագծով նախատեսվում է աշխատանքներն իրականացնել միայն ստորգետնյա մշակման եղանակով՝ արդյունահանելով 239081.9 տոննա հաշվեկշռային պաշարները։
Արդյունահանման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 9 տարում։
Հիշեցնենք՝ «Ասսաթ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվել էր 2013-ին և այն ավարտվել է 2024թ․ հունիսին։
Հանքավայրի շինարարության և շահագործման համար անհրաժեշտ բոլոր ստորգետնյա լեռնային փորվածքների անցումը նախատեսվում է իրականացնել հորատապայթեցման աշխատանքների կիրառմամբ:
Նախատեսվում է անքաքարը տեղափոխել մինչև 11.5 կմ հեռավորության վրա գտնվող Վանաձոր քաղաքի երկաթգծի կայարան, որտեղից էլ երկաթգծով տեղափոխել Արարատում գտնվող ոսկու կորզման ֆաբրիկա կամ այլ գործող ֆաբրիկա:
Հիշեցնենք` Քարաբերդի ոսկու հանքավայրը գտնվում է Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական սահմաններում: Հանքավայրի ամենամոտ բնակավայրը դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Քարաբերդ գյուղն է, որի հետ այն հաղորդակցվում է 1.5 կմ երկարությամբ գրունտային ճանապարհով:
Լեռնահատկացման պայմանագրով «Ասսաթ» ՍՊԸ-ին տրամադրվել էր 20,3 հա տարածք։
Կադաստրի կոմիտեի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ լեռնահատկացման սահմաններում ընդգրկված են պետական սեփականության գյուղատնտեսական նշանակության արոտավայր, համայնքային սեփականության արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերականի ընդերքի օգտագործման հողամաս, պետական սեփականության անտառային նպատակային նշանակության հողամաս, մյուս մասը պետական սեփականության գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք է, պետական սեփականության գյուղատնտեսական նշանակության այլ հող:
ՇՄԱԳ նախագծով ներկայացված ծայրակետային կոորդինատները չեն համապատասխանում հանքավայրի շահագործման իրական պատկերին: Անզեն աչքով տեսանելի է: Այն տարածքը, որը նախանշած է որպես հանքավայրի տարածք, շատ ավելի վերև է, քան բացահանքի և խախտված իրական տարածքները: Հետևաբար, պնդումները, որ անտառները չեն կտրվելու, և կենսաբազմազանությունը չի խախտվելու, առնվազն վստահելի չեն:
Ընկերությունն այս ՇՄԱԳ նախագծում նշում է, որ հանքավայրը նախատեսվում է շահագործել ստորգետնյա եղանակով, ինչը բացառում է լանդշաֆտի փոփոխությունը և խոչընդոտ չի հանդիսանա հողատեսքերի բնականոն գործունեության համար:
Հանքավայրի լեռնահատկացմամբ տրամադրված տարածքում անտառներ կան արևմտյան մասում, որտեղ նախատեսված են միայն ստորգետնյա շահագործման աշխատանքներ:
Ստորգետնյա արդյունահանման աշխատանքների կազմակերպման համար նախատեսված արտադրական հրապարակը գտնվելու է «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ին հատկացված` համայնքային սեփականության արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերականի ընդերքի օգտագործման սահմաններում, որտեղ անտառներ, անտառային հողեր հաշվառված չեն:
Մինչ Քարաբերդի հանքավայրի բացահանքի շահագործման ավարտը՝ 2024թ. հունիսը, խախտված հողերի ընդհանուր մակերեսը կազմել է 2.4 հա: Նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում կազմակերպվելու է արտադրական հրապարակ և կառուցվելու է մոտեցման ճանապարհ, որի հետևանքով կխախտվի ևս 0.2 հա մակերեսով հողատարածք։ Այսինքն, ռեկուլտիվացման ենթակա խախտված հողերի ընդհանուր մակերեսը կկազմի 2.6 հա տարածք։
Ստորգետնյա հանքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև բացասական վիզուալ ազդեցությունը նվազեցնելու նպատակով, նախատեսվում է, ի թիվս այլոց, արտադրական հրապարակի տարածքի եզրային հատվածներով իրականացնել ծառատունկ շրջանին բնորոշ տեսակներով՝ թխկի, հաճարենի և հացենի, որոնց քանակը, ըստ նախնական հաշվարկի, կլինի մոտ 30 ծառ։
Ինչպես է ընդլայնվել հանքավայրը 2020-2024թթ.
Ընկերությունը խոստանում է համայնքի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերին մասնակցություն ցուցաբերել տարեկան 48 մլն դրամի չափով, 5 մլն դրամ ուղղել սոցիալապես անապահով ընտանիքներին դեղորայքի տրամադրմանը, 1 մլն դրամ՝ դպրոցի առաջին դասարանցիների կարիքների համար, և ըստ անհրաժեշտության շինարարական տեխնիկա տրամադրել միջհամայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման աշխատանքների համար։
Քարաբերդի ոսկու հանքավայրը շահագործող «Ասսաթ» ՍՊԸ-ում, հիշեցնենք, հիմնական բաժնետերերը չեխ գործարարներ էին: Այնտեղ միայն 20 % մասնակցություն ուներ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ալեքսան Պողոսյանի որդին՝ Մհեր Պողոսյանը։ Մնացած բաժնեմասը՝ 24 % չափաբաժիններով, կիսում էին Ռադկա Կրչմալովան, Դանիել Տոնովեցը և Պյոտր Վաստիկը։
Սակայն իրական շահառուների այս տարվա վերջին հայտարարագրում հայտնվել է Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակագրված, Իռլանդիայում գրանցված նոր ընկերություն` «ԱյԷմՍի Էքսփլորեյշն Գրուպ» ՍՊԸ-ն (IMC Exploration Group plc), որի մեծ բաժնետերը նախկինում ներկայացված MVI Spol. s. r. o. է: Փոքր բաժնեմաս ունեցողների ցուցակում բելգիական և իռլանդական ընկերություններ կան, որոնք ներկայանում են որպես ներդրումային: Փոքր բաժնետերերի մեջ կան նաև օֆշորում գրանցված ընկերություններ:
IMC Exploration Group plc տնօրենների խորհրդում հայազգի երկու ներկայացուցիչներ կան` երկրաբան, խորհրդատու Գագիկ Գևորգյանը և ընկերությունների խմբի գլխավոր ֆինանսական տնօրեն Վահագն Մարուխյանը: Վերջինս նաև Amber Capital-ի ներդրումային տնօրենն է:
Մհեր Պողոսյանը, ով տնօրինում էր «Ասսաթ» ՍՊԸ-ն 2021-22թթ., այլևս ներկայացված չէ այնտեղ: Հոկտեմբերի 14-ից ընկերությունը նոր տնօրեն ունի` Ֆաբրիս Արման Փինարբասի Հակոբի, որի անունը հանդիպում ենք «Վիվառո»-ի հիմնադիր Բադալյան եղբայրների բիզնեսներում, մասնավորապես` նա տնօրինել է «Սոֆտ կոնստրակտ» ՓԲԸ-ն 2022-23թթ, ինչպես նաև գրեթե նույն ժամանակահատվածում «Իմեջին Հաբ Բայ Սոֆտ» ՍՊԸ-ի, «Սոֆթ Դիփի» բիզնես կենտրոն ՓԲԸ-ի տնօրենն է եղել:
Ֆաբրիս Արման Փինարբասի Հակոբին նաև 50% մասնակցություն ունի «Պիոն» ՍՊԸ-ում, որին մեկ տարի առաջ Կառավարությունը Չարենցավան համայնքի Ալափարս գյուղում պիոն տեսակի ծաղկի արտադրության համար ազատեց հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից:
Նրա անունը հանդիպում է 2024 թվականին հիմնադրված «Սաուդյան Արաբիա-Հայաստան առևտրային համագործակցություն» ՀԿ-ում, որը գրանցված է Ֆաբրիս Արման Ֆինարբասի Հակոբի նույն հաշվառման հասցեում, նույն տարում հիմնադրված «Արտերկրում գտնվող ֆրանսիացիների միություն-Հայաստան» ՀԿ-ում և այս տարվա հունիսին գրանցված Հայ-Ֆրանսիական առևտրի և արդյունաբերության պալատ միության Հայաստանյան մասնաճյուղ ԱՍ-ի գործադիր մարմնի ղեկավարն է:
ՇՄԱԳ հայտում նշվում է, որ ընկերությունն անցկացրել է նախորդ 3 հանրային լսումները, և բնակիչները տվել են իրենց համաձայնությունը:
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ասսաթ» ՍՊԸ-ի կողմից Քարաբերդի ոսկու հանքավայրի (կենտրոնական տեղամաս) ժամկետի երկարաձգման, ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 4-րդ հանրային լսումը:
MVI -ի կայքից տեղեկանում ենք, որ Քարաբերդի հանքում 2021 թվականին արդյունահանվել և վերամշակվել է 46 կգ 999 ձուլակտոր: 2023 թվականի նոյեմբերի դրությամբ հանքաքարի պահեստում եղել է 40.000 տոննա բարձրորակ հանքաքար, որը սպասում էր սեփական վերամշակման գործարանի կառուցմանը: Սակայն, գործարանի նախագիծը, հիշեցնենք, մերժվեց:
2023 թվականին արդյունահանվել է մոտ 200 կգ պոտենցիալ ոսկի՝ ոսկու հանքաքարի տեսքով: Միջազգային երկրաբանական ուսումնասիրությունների համաձայն՝ Քարաբերդի հանքում ոսկու ընդհանուր պաշարները կազմում են 7 775 կգ (250 հազար ունցիա):
Նույն կայքից պարզվում է, որ ընկերությունը Հայաստանում տարբեր նախագծեր է նախատեսում իրականացնել կամ առնվազն իրեն գովազդում է միջազգային հարթակներում որպես տարբեր նախագծերում ներկայացված հանքարդյունաբերող:
2023 թվականի ապրիլին MVI-ը ստորագրել է փոխըմբռնման հուշագիր, իսկ 2023 թվականի նոյեմբերին՝ շրջանակային համաձայնագիր հայաստանյան «Ֆերո գրուպ գոլդ» ՍՊԸ-ի հետ, որը, հիշեցնենք, երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու լիցենզիա էր ստացել Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի հարավարևելյան`«Վլադ» կոչվող տեղամասի համար:
Ենթադրվում է, որ այս հանքավայրում կա 9 500 կգ ոսկու պաշար՝ առնվազն 2.7 գ/տոննա չափաբաժնով: Չնայած նշվում է, որ MVI Ireland s. r. o.-ն տիրապետում է «Ֆերո գրուպ գոլդ» ՍՊԸ ի 60%-ին, ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հայկական ընկերության միակ բաժնետերը Սեյրան Սարիբեկի Սարիբեկյանն է:
Հանքարդյունաբերական գործունեության ընդլայնման և Հայաստանում նոր հանքավայրերում արդյունահանման թույլտվություն ստանալու շրջանակներում, 2022 թվականի ապրիլին MVI Ireland s. r. o-ն պայմանագիր է կնքեց Copper Solutions LLC – Armenia ընկերության հետ՝ համագործակցության մասին՝ Տիգրանաբերդ/Տիգրանասար և Թթուջուր հանքավայրերի հետախուզման և այնուհետև արդյունահանման լիցենզիաներ ստանալու համար:
Ուսումնասիրությունների համաձայն՝ առաջին հանքավայրը պարունակում է մոտ 10.2 տոննա ոսկի՝ միջինը 8 գ/տոննա պարունակությամբ: Երկրորդը՝ Թթուջուրը, պղնձի հանքավայր է՝ մինչև 120 հազար տոննա 1.5% պղնձի և 8 տոննա 1 գ/տոննա ոսկու պարունակությամբ:
Copper Solutions LLC-ն արդեն դիմել է հետախուզման լիցենզիաների համար: MVI Ireland s. r. o.-ն արդեն իսկ ունի 50% բաժնեմաս այս նախագծում՝ հետախուզման լիցենզիաների տրամադրումից հետո ևս 30% բաժնեմասի ձեռքբերման հնարավորությամբ:
Գլխավոր լուսանկարը`Nikola Jelínek, arnika.org-ից
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test