ՀՀ իշխանությունները պատրաստվում են Երևանում 2026 թվականի մայիսին ընդունել Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը։
Մակրոնի նախաձեռնությամբ հիմնված այս հարթակը, որի որևէ գագաթնաժողով Նիկոլ Փաշինյանը կարծես բաց չի թողել, և որոնք վճռորոշ են եղել նաև հայ-ադրբեջանական շփումների տեսանկյունից, հիմնականում քննարկում է հակառուսական թեմատիկա՝ ինչպես համագործակցել, ինչպես աջակցել Ուկրաինային, որպեսզի Ռուսաստանը պատերազմում չհաղթի կամ մատնվի պարտության։ Եվ այս հարթակի առաջիկա գագաթնաժողովներից մեկը լինելու է Երևանում՝ 2026-ի մայիսին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օրերս հայտնեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին բարձր մակարդակով բանավոր հրավիրել են Երևան՝ հաջորդ գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
«Հրավերներն առայժմ բանավոր են, դեռևս դետալները քննարկելու առիթ չի եղել: Ինչո՞ւ եք դժվար պատկերացնում նախագահ Էրդողանի այցը Երևան, երբ արդեն եղել է վարչապետ Փաշինյանի այցը Անկարա: Ես չեմ ասում՝ ամեն ինչ շատ հարթ է, նույն կերպ դժվար է պատկերացնել վարչապետ Փաշինյանի այցը Բաքու, ո՞նց կարելի է սա ժխտել, բայց ժամանակ է ընթանալու, և մենք գնում ենք էն ճանապարհով, որ մի օր այդ իրավիճակը լինելու է»,- ասել է Միրզոյանը։
Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, արդեն գրում են, որ Ալիևը չի ընդունելու հրավերը և չի այցելելու Երևան։
«Ադրբեջանը հավատարիմ է իրական գործողությունների սկզբունքին: Առանց ստորագրված համաձայնագրի և գործնական մեխանիզմների գործարկման բարձր մակարդակի այցը կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտի մասին: Մինչև իրավական շրջանակի ստեղծումը և պարտավորությունների իրականացումը, նման քայլերը վաղաժամ կլինեն։
Ապագայում բարձր մակարդակի այցելությունների հնարավորությունը չի բացառվում: Ընդհակառակը, խաղաղության պայմանագրի ստորագրումից և իրականացումից հետո սա կլինի գործընթացի տրամաբանական շարունակությունը: Այժմ անհրաժեշտ են գործնական քայլեր՝ նախկինում համաձայնեցված պարտավորությունները կատարելու համար, որոնք կամրապնդեն խաղաղությունը ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե»,- գրում է ադրբեջանական Caliber.az-ը։
Ալիևը, որն այս հարթակի շրջանակում եվրոպական տարբեր մայրաքաղաքներում հանդիպում է Փաշինյանին, սուրճ խմում վերջինիս հետ, պայմանավորվածություններ ձեռք բերում, փաստորեն մտադրություն չունի այցելել Երևան միջազգային գագաթնաժողովի՝ առանց ստորագրված փաստաթղթի Երևանի հետ, չնայած հանգամանքին, որ ադրբեջանական կողմը ևս հայտարարում է, թե խաղաղություն է հաստատվել Վաշինգտոնում օգոստոսի 8-ից հետո։ Պաշտոնական Բաքվի դիվանագիտական «սառնությունն» ակնհայտորեն նպատակաուղղված է վերահսկելու գործընթացի տեմպն ու օրակարգը։ Ալիևը չի ցանկանում ներկայանալ հարթակ, որտեղ Հայաստանը լինելու է հյուրընկալող կողմ, ունենալու է ավելի բարենպաստ դիրքեր, քանի դեռ Բաքուն չի ստանում գրավոր երաշխիքներ։
Սա ընդհանուր առմամբ տեղավորվում է Երևանի որևէ առաջարկ չընդունելու, գործընթացի նկատմամբ ողջ վերահսկողությունը պահպանելու Բաքվի տրամաբանության շրջանակում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test