mediamax.am
Ներկայացնում ենք Middles East Eye կայքում հրապարակված Corn, canapes and shouting matches: How Erdogan and Stoltenberg’s bromance saved Nato հոդվածի հայերեն թարգմանությունը:Ռագիպ ՍոյլուՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի «Իմ հերթապահության օրոք. ՆԱՏՕ-ի առաջնորդությունը պատերազմի ժամանակ» հուշագրությունը ներկայացնում է 2014-2024 թվականներին ծավալված մի շարք իրադարձությունների ետնաբեմը:Ներկայում Նորվեգիայի ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Ստոլտենբերգը հաճախ բախումներ է ունեցել Թուրքիայի հետ։ Սակայն գրքում նա փորձում է ընդգծել երկրի կարեւորությունը ՆԱՏՕ-ի համար՝ ասես փորձելով համոզել նաեւ ինքն իրեն։ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի առաջին խոշոր փորձությունը Թուրքիայի հետ տեղի ունեցավ 2015 թվականի նոյեմբերին, երբ թուրքական զինված ուժերը խոցեցին ռուսական Սու-24 գրոհային ինքնաթիռը՝ Թուրքիայի օդային տարածքը բազմիցս խախտելու համար։Ստոլտենբերգը հայտարարություն տարածեց՝ աջակցելով Թուրքիայի տարածքային ամբողջականությանը եւ նշելով, որ ՆԱՏՕ-ն Անկարայի թիկունքին է: Գրքում նա բացահայտում է, որ ոչ բոլոր ՆԱՏՕ-ի երկրներն էին համաձայն իր հետ։
«Ճշմարտությունն այն է, որ դաշինքի ներսում խորը անհամաձայնություն կար, - գրում է նա։ - Թուրքիան ստացավ Արեւելյան Եվրոպայի երկրների աջակցությունը՝ պահանջելով, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն աջակցի թուրքական գործողություններին»։Ստոլտենբերգը նշում է, որ Ֆրանսիան եւ Իտալիան դեմ էին Թուրքիային բացահայտորեն աջակցելուն։«Գերմանացիները դեմ չէին աջակցությանը, բայց միեւնույն ժամանակ ցանկանում էին, որ հայտարությունը ավելի շատ նրբերանգներ ունենա։ Նրանք պնդում էին, որ մեկ բան է դատապարտել սահմանի խախտումը, բոլորովին այլ բան՝ արդարացնել ինքնաթիռի խոցումը 17 վայրկյան տեւած խախտման պատճառով»։Ի պատասխան՝ Ռուսաստանը Սիրիայում տեղակայեց Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր եւ իր դրոշակակիր «Մոսկվա» նավն ուղարկեց Սիրիայի ափերի մոտ։ Ստոլտենբերգը գրում է. «Նույն օրը զանգահարեց Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը. «Ի՞նչ է կատարվում։ Աշխարհը լրի՞վ խելքը կորցրել է»։ Ստոլտենբերգը մեկ այլ տեղ բացահայտում է Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ի դաշնակիցների քաղաքական տարաձայնությունները։ Միլիարդատեր Պետրո Պորոշենկոն՝ 2014-2019 թվականներին Ուկրաինայի նախագահը, անթվագիր զրույցում Ստոլտենբերգին իր դժգոհությունն էր հայտնել առ այն, որ ՆԱՏՕ-ն չի աջակցում Ուկրաինային Ռուսաստանի դեմ, մինչդեռ Թուրքիան 2019-ին ուղղակիորեն զենք էր վաճառում Կիեւին։«Ուկրաինային ավելի շատ զենք եւ սպառազինություն էր պետք։ Նրանց խիստ անհրաժեշտ էին անօդաչու թռչող սարքեր, հակատանկային զենքեր եւ ժամանակակից օդային պաշտպանություն», - գրում է Ստոլտենբերգը։«Պորոշենկոն շնորհակալ էր, որ Թուրքիան մատակարարել էր առաջադեմ Bayraktar ԱԹՍ-ները, բայց դժգոհ էր, որ Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի մյուս երկրները զենք չէին վաճառում Ուկրաինային»։Ստոլտենբերգն ու ԷրդողանըՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի միջեւ մեկ այլ խոշոր ճգնաժամ սկսվեց 2019 թվականին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներխուժեց Սիրիայի հյուսիս, որպեսզի սահմանի երկայնքով բուֆերային գոտի ստեղծի եւ տարածաշրջանից հեռացնի Սիրիայի քրդական զինված խմբավորումները, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում։ Ստոլտենբերգը Էրդողանին նկարագրում է որպես «հին ծանոթ»։«Էրդողանը նվիրված է, գիտակ եւ լավ պատկերացում ունի մանրամասների մասին։ Նրա հետ հեշտ է կապ հաստատել։ Նա հաճախ հանդիպումներին iPad է բերում եւ դրանով ցույց է տալիս թվեր, աղյուսակներ եւ տեսանյութեր՝ հիմնավորելով իր տեսակետը», - գրում է նորվեգացին։Ստոլտենբերգն ասում է, որ Էրդողանը «խնդիր» էր դարձել ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ անձամբ իր համար։Թուրքիան ցածր դիրք է զբաղեցնում Economist Intelligence Unit-ի կողմից ամեն տարի հրապարակվող ժողովրդավարության ինդեքսում եւ է՛լ ավելի մեծ անկում ապրեց 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո։«Անկարա կատարած այցի ժամանակ ես զարմացած էի, թե ինչ ուժ է ճառագում Էրդողանի նոր նախագահական պալատը, - գրում է Ստոլտենբերգը։ - Մեքենայով անցնում եք բարձր դարպասներով եւ մտնում մեծ այգի, որտեղ պալատից բացի մզկիթ եւ մի քանի այլ շինություններ կան։ Պատվիրակությանն ու ինձ ուղեկցեցին մի քանի հսկայական դահլիճներով եւ աստիճաններով, նոր սենյակներով եւ նոր սրահներով, որտեղ մենք որոշ ժամանակ սպասեցինք»։Ստամբուլում կայացած մեկ այլ հանդիպման ժամանակ Ստոլտենբերգը «խոր մտահոգություն» հայտնեց, որ թուրքերը ներխուժել են Սիրիայի հյուսիս, եւ Էրդողանը խոսքեր չխնայեց՝ ապացուցելու, որ Թուրքիան դեմ չէ քրդերին, քանի որ երկրում ապրում են տասնյակ հազարավոր սիրիացի քուրդ փախստականներ, ինչպես նաեւ միլիոնավոր քրդեր։«Ժողովրդի պաշտպանության ուժերը» (YPG) ահաբեկիչներ են։ Դուք դա ասել եք նախկինում։ Ինչո՞ւ այլեւս չեք ասում։ Այո, նրանց կարիքն ունեք Իսլամական պետության (ISIS) դեմ պայքարելու համար։ Բայց դրանից նրանք պակաս ահաբեկիչ չեն դառնում», - Ստոլտենբերգին ասէլ էր Էրդողանը։Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ասաց. «Չի կարելի մտածել, որ հնարավոր է մեկ ահաբեկչական կազմակերպություն օգտագործել մյուսի դեմ պայքարելու համար։ Դուք տեսաք, թե ինչ տեղի ունեցավ Աֆղանստանում՝ 1980-ականներին խորհրդային օկուպացիայի դեմ պայքարում։ Աջակցեցիք մոջահեդներին եւ ստացաք Թալիբան եւ Ալ-Ղաիդա։ Նույն սխալը մի՛ կրկնեք»։«Հիանալի բոված շագանակներ»Սակայն հանդիպումների ժամանակ Էրդողանը նաեւ անակնկալներ էր մատուցում։ Մի անգամ հանկարծ հարցրեց՝ արդյո՞ք Ստոլտենբերգը սիրում է եգիպտացորեն, քանի որ եգիպտացորենի սեզոն էր։ Նորվեգացին պատասխանեց, որ սիրում է։«Հաջորդ պահին ներս բերեցին ոսկեգույն եգիպտացորենի կողրերի մի հսկայական սկուտեղ: Դրանք ձեռքով վերցրինք եւ սկսեցինք ուտել։ Սենյակում մոտավորապես ութ-տասը հոգի կար, եւ բոլորը հաճույքով ծամում էին։ Հիանալի բոված շագանակներ էլ բերեցին», - գրում է Ստոլտենբերգը։«Արարողակարգի ղեկավարն ատում է նման բաներ, - ասաց Էրդողանը՝ ես մի կողր վերցնելով։ - Գիտե՞ք տարբերությունը թալիբների եւ արարողակարգի ծառայության միջեւ», - հարցրեց նա՝ սպասողական հայացքով նայելով ինձ, մինչ եգիպտացորենի հատիկներն ու աղը ցրվում էին հատակին։Ես գլուխս օրորեցի։ Էրդողանը ժպտաց. «Թալիբների հետ հնարավոր է բանակցել»։Զրույցի ընթացքում, գրում է Ստոլտենբերգը, Էրդողանն ասաց, որ միջազգային իրավունքի համաձայն Թուրքիան Սիրիայում գտնվելու լիակատար իրավունք ունի, առնվազն նույնքան իրավունք, որքան ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ ՆԱՏՕ-ի այլ երկրները, որոնք զորքեր էին տեղակայել Սիրիայում՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար։ Ստոլտենբերգը զգուշացրեց Էրդողանին, որ չհարվածեն քաղաքացիական անձանց։ Էրդողանը պատասխանեց. «Մենք սպանում ենք ահաբեկիչներին։ Դո՛ւք եք հարվածում խաղաղ բնակիչներին, երբ ռմբակոծում եք Իսլամական պետությանը Ռաքքայում եւ Մոսուլում։ Ոչ ոք դրան չի առարկում»։ Նորվեգացին խոստովանում է, որ «Էրդողանը կրկին ճիշտ էր»։ Թրամփը, Մակրոնն ու ԷրդողանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2019 թվականի որոշումը՝ Սիրիա թուրքական ներխուժումից հետո ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին, զայրացրեց եվրոպացիներին, հատկապես՝ ֆրանսիացիներին։«Եվրոպայի արձագանքը նյարդայնացրեց Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը», - գրում է Ստոլտենբերգը։ Ճգնաժամի ընթացքում Էրդողանը բազմիցս ասում էր Ստոլտենբերգին, որ ՆԱՏՕ-ն ձախողվել է, եւ ինքը «կհեղեղի Եվրոպան միգրանտներով», եթե նրանք չհասկանան Թուրքիայի խնդիրներն ու պահանջները։Ճգնաժամն ի վերջո դրդեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին անել իր հայտնի հայտարարությունը դաշինքի մասին։ Նա The Economist-ին ասաց, որ «ՆԱՏՕ-ն ուղեղը մեռած է»։ Այդ մեկնաբանությունը զայրացրեց Թրամփին, որը Ստոլտենբերգին ասաց, որ դա «անհարգալից եւ վիրավորական հայտարարություն է»։ Թրամփը հավելեց, որ դաշինքն իրականում միայն մեկ խնդիր ունի, եւ դա Ֆրանսիան է։Բնականաբար, Մակրոնը այլ կերպ էր մտածում։ ՆԱՏՕ-2030 առաջարկի շուրջ բանակցությունները ձգձգելուց հետո Մակրոնը Ստոլտենբերգին ասաց, որ իրեն մտահոգում է Թուրքիան։ «Էրդողանի եւ Մակրոնի միջեւ հարաբերությունները բարդ էին, - գրում է Ստոլտենբերգը: - Թուրքիայում կրոնը ավելի ու ավելի կարեւոր քաղաքական գործոն էր դառնում: Էրդողանին քննադատելով՝ Մակրոնը կարող էր ներկայանալ որպես ժամանակակից, աշխարհիկ պետության ջերմ պաշտպան: Էրդողանն իր հերթին կարող էր օգտագործել Մակրոնի հետ բախումները, իրեն իսլամական աշխարհի առաջնորդ ներկայացնելու համար, որը դիմակայում էր իսլամի քննադատությանը եւ վիրավորանքներին: Դժվար էր աշխատել ՆԱՏՕ-ի խոշոր երկրների երկու նախագահների հետ, որոնք կատարյալ թշնամիներ էին դարձել», - գրում է նա:Էրդողանի բարեկամությունը Թրամփի հետ օգնեց որոշ խոչընդոտներ հաղթահարել: 2018 թվականի հուլիսին Թրամփը ճնշում գործադրեց դաշնակիցների վրա, որպեսզի մեծացնեն պաշտպանական ոլորտի ծախսերը:Ստոլտենբերգը մեջբերում է Թրամփին. «Սլովենիա՝ մեկ տոկոսից պակաս: Չեմ զարմանում: Ճանաչում եմ կնոջս, գիտեմ՝ ինչի վրա է ծախսում իր փողերը... Թուրքիան նրանով է լավ, որ Էրդողանը կարող է ասել այն, ինչ ուզում է, նրան ոչ ոք չի վերահսկում: Երբ նա ընտրություններում 61 տոկոս ստացավ, ես ասացի՝ «Ինչո՞ւ պարզապես չեք ասում, որ 80 տոկոս էր: Ավելի լավ է հնչում»։Սա ասելուց հետո Թրամփը ափով հարվածում է իր կողքին նստած Էրդողանի ափին։ Թուրքիան ընդդեմ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանՍտոլտենբերգի վերջին փորձությունը տեղի ունեցավ 2022 թվականի մայիսին, երբ Էրդողանը որոշեց արգելափակել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ի անդամակցության հայտերը։Ըստ Ստոլտենբերգի, Էրդողանի քայլը հատկապես զարմանալի էր, քանի որ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն Էրդողանից երաշխիքներ էր ստացել, որ Թուրքիան դրական կվերաբերվի հայտերին։«Ես բարձրացրի հարցը արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ, եւ նա հստակեցրեց, որ Թուրքիան դեմ չի լինի ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Խորհրդի մի քանի փուլերը, որոնց ներկա էր թուրք դեսպանը, դա հաստատեցին։ Մենք կարծում էինք, որ ամեն ինչ կարգին է», - ասում է Ստոլտենբերգը։Հետո Էրդողանը հանկարծ ասաց, որ Թուրքիան պատրաստ չէ աջակցել հայտերին, եթե Շվեդիան եւ Ֆինլանդիան քայլեր չձեռնարկեն՝ լուծելու Թուրքիայի անվտանգության խնդիրները՝ կապված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) եւ դրա սիրիական թեւի հետ։Էրդողանի եւ Ստոլտենբերգի, ինչպես նաեւ Չավուշօղլուի եւ նրա շվեդ եւ ֆին գործընկերների միջեւ զրույցները շաբաթներ տեւեցին։2022 թվականի հունիսին Ստոլտենբերգը եւ ուրիշներ առաջարկեցին մի փաթեթ, որով Շվեդիան եւ Ֆինլանդիան դատապարտելու էին PKK-ին։ Սակայն Էրդողանը դրանով չբավարարվեց։ Նա պնդեց, որ տեքստում հիշատակվի PKK-ի սիրիական թեւը՝ YPG-ն, ինչպես նաեւ FETO-ն՝ Գյուլենի շարժումը, որը, ըստ Թուրքիայի, կանգնած էր 2016 թվականի հեղաշրջման փորձի հետեւում։Ստոլտենբերգը գրում է, որ այս հարցի վերաբերյալ հանդիպումների փուլերից մեկի ժամանակ ինքը մենակ մնաց Էրդողանի հետ։«Ինձ մի բան էր մտահոգում. որ նա չլքի հանդիպումը, որովհետեւ ձանձրացել է, քաղցած կամ հոգնած է, - գրում է նա։ «Մի բան կցանկանա՞ք։ Սո՞ւրճ։ Տո՞րթ։ Սենդվիչնե՞ր», - հարցրի ես։«Ես այդքան էժան չեմ», - պատասխանեց Էրդողանը՝ ծուռ ժպտալով։ Մեզ տվեցին մի քանի դալուկ կանապեներ, բայց Էրդողանը ախորժակով կուլ տվեց դրանք, մինչ մենք շարունակում էինք մեր առանձնազրույցը»։Էրդողանն ու Ստոլտենբերգը շարունակեցին հանդիպումը եւս մեկ ժամ, մինչ ՆԱՏՕ-ի աշխատակիցներն ու թուրք պաշտոնյաները փորձում էին տեքստում ներառել YPG-ն։Առաջարկվեց ճշգրտված տեքստ՝ YPG-ի լրացուցիչ հիշատակմամբ եւ պայմանով, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան «իրենց լիակատար աջակցությունը կտրամադրեն Թուրքիային՝ պայքարելու ազգային անվտանգության սպառնալիքների դեմ», այդ թվում՝ չեն աջակցի YPG-ին կամ Գյուլենի շարժմանը։ Ստոլտենբերգը կարծում էր, որ հասել են համաձայնության, բայց Չավուշօղլուն պահանջեց ներառել հանդիպման ժամանակ ավելի վաղ քննարկված հատվածը, որտեղ նշվում է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկեն նախքան Թուրքիան կվավերացնի համաձայնագիրը։«Ես զգացի, որ համբերությունս վերջանում է։ «Մեւլո՛ւթ, ձայնդ կտրի՛ր», - ասացի ես եւ խիստ նայեցի նրան։ Լռություն տիրեց։ «Միայն ընկերների հետ կարելի է այդպես խոսել, - մտածեցի ես», - գրում է Ստոլտենբերգը։Նա ավարտուն տեքստը «դանդաղ, երեք անգամ» կարդաց Էրդողանին, Նիինիստոյին եւ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնին։«Հետո ես քայլեցի սեղանի շուրջ։ Նիինիստոն համաձայնվեց։ Անդերսոնը համաձայնվեց։ Էրդողանը նախ նայեց ինձ, ապա Նիինիստոյին եւ Անդերսոնին, ապա նորից ինձ։ «Լավ», - ասաց նա։ Դահլիճը պայթեց ծափահարություններից»։Թարգմանությունը՝ Մարիա ՍադոյանիԱյս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test