«Իրավական պետության մեջ նման բան չէր կարող լինել, որովհետեւ պարոն Ղուկասյանին բազմիցս հրավիրել էին հարցաքննությունների, ոչ մի անգամ քաղաքապետը չէր հրաժարվել գնալ։ Այս ամենը, որ կազմակերպեցին, ինչ-որ բան ցույց տալու, ժողովրդին ինչ-որ բան ասելու համար էր։ Ես մի բանի վրա եմ զարմանում՝ այն, ինչ մենք ստեղծում ենք հիմա, մենք չենք էլ հասկանում, թե վաղը ոնց ենք կործանելու երկիրը։ Էս ամենը վաղը բերելու է երկրի կործանման»,- Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ լրագրողներին ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական Հովսեփ Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները, որոնք պարտավոր են օրենքը պահպանել, ամենավերջին ձեւով այսօր ոտնահարում են օրենքը․ «Կարելի էր նույն քաղաքապետին շատ հանգիստ հրավիրել ու տանել, այս շոուն չստեղծել։ Էն անձը չէր, ո՞ւր պիտի գնար կամ ինչո՞ւ պիտի փախներ»։
Նա նշեց, որ այսօր ոստիկանական մեծաքանակ զորք էր տարվել Գյումրի։ «Ես ինքս ազատամարտիկ եմ եղել, եթե մենք այն ժամանակ այդքան զորք ունենայինք, երեւի Բաքու կհասնեինք։ Ու էդ երիտասարդ տղերքին ժողովրդի վրա էին հարձակվել տալիս։ Ես տեսնում էի վերեւից, մի անչափահաս երեխա փախնում էր, կարմիր բերետավորներն ընկած էին էդ երեխու հետեւից»։
Հովսեփ Սիմոնյանն ասաց, որ չի կասկածում՝ Վարդան Ղուկասյանին կարող են կալանավորել, այլապես այս շոուն չէին սարքի։ «Երեւի ինքը Վատիկանից պիտի գա ու տեսնի, որ ինչ-որ մարդ են բռնել։ Երեւի վամպիր է էդ մարդը, արյան կարոտ է եւ սեփական՝ հայ ժողովրդի արյան կարոտ է»,- ասաց նա։
Ըստ Սիմոնյանի՝ այս կապիկությունները պիտի շարունակվեն մինչեւ 2026 թվականի ընտրությունները, ովքեր խանգարում են Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի ընտրությունների համար, պետք է չեզոքացվեն։
Հարցին՝ քաղաքապետարանը շարունակելո՞ւ է բնականոն աշխատանքը, Հովսեփ Սիմոնյանն ասաց․ «Կա օրենք, եթե այդ օրենքներն էլ փորձեն ոտնահարել, այդ դեպքում երեւի քաղաքի ժողովուրդն իր ամբողջական խոսքը կասի։ Քաղաքապետարանն իր բնականոն աշխատանքով պետք է զբաղվի, կան քննչական գործողություններ, թող անեն այդ գործողությունները, մենք բոլորս կգտնվենք մեր աշխատանքի վայրում, կկատարենք մեր պարտականությունները եւ ծառայություն կմատուցենք մեր ժողովրդին»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test