Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 160-րդ հոբելյանական թատերաշրջանը բացվեց ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական խորհրդական Նիկոլայ Ծատուրյանի «Երեք անունով՝ մի աղջիկ» ներկայացմամբ։ Անահիտ Աղասարյանի այս պիեսը նա բեմադրել էր դեռ 33 տարի առաջ՝ «Մետրո» թատրոնում։
Թատրոնի 160, իսկ Նիկոլայ Ծատուրյանի 80-ամյակն է։ Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, Նիկոլայ Ծատուրյանը հրաժարվել էր հոբելյանական երեկոյից՝ գերադասելով իր ծննդյան տոնը նշել առաջնախաղով։ Ըստ Լյուդվիգ Հարությունյանի, թատրոնի համար լավագույն նվերն է 33 տարի անց բեմադրել այն աշխատանքը, որը ժամանակին մեծ հետարքրքություն էր առաջացրել։
«Բեմում տարբեր սերունդների ներկայացուցիչներ են, բեմում խաղում է իմ կուրսի ղեկավարը՝ Սամվել Գրիգորյանը, ու նրա կողքին խաղում են Ջեմմա Ադամյանը, Արսեն Սաղաթելյանը։ Շատերը մտածում են՝ գուցե արդի չէ այս աշխատանքը, բայց ես կարծում եմ՝ այս պիեսը թատրոնի խաղացանկում շատ երկար կմնա», -ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Դահլիճը, ինչպես միշտ, լեփ-լեցուն էր։ Նիկոլայ Ծատուրյանն ասաց․ «Թատրոնի համար ավելի մեծ երջանկություն չկա, քան տեսնել լեփ-լեցուն հանդիսասրահ։ Շնորհակալ եմ, որ սիրում եք թատրոնը»։
Դրաման, որի գործողությունները տեղի էին ունենում մետրոյի լքված կայարանում, մի աղջկա կյանքի պատմություն է, որը տարբեր տարիքներում տարբեր անուններով է հանդես գալիս, մշտապես հայտնվում է կյանքի ամենադժվարին իրավիճակներում, բայց հույսը երբեք չի կորցնում։ Խեղված ճակատագրեր ունեցող հերոսների օրինակով քարոզվում էր նաև կողքի մարդկանց հանդեպ բարի ու կարեկից լինելու գաղափարը։
Գլխավոր դերերում թատրոնի երիտասարդ դերասաններ Ջեմմա Ադամյանն ու Արսեն Սաղաթելյանն են։ Բեմանկարիչը Անի Ռաշոյանն է, որն առաջին անգամ էր հանդես գալիս թատրոնում, զգեստների ձևավորումը Լուսինե Խաչատուրյանին է։
Արսեն Սաղաթելյանն ասաց․«Հատկանշանական է, որ գործողությունները տեղի են ունենում մետրոյի կայարանում, իսկ կայարանը մեզ մոտ սպասման խորհրդանիշ է։ Հատկանշական է, որ լքված կայարան է․ ներկայացումն անհույս սպասման մասին է, մարդկային ճակատագրերի մասին է, խեղված ճակատագրերի և ֆիզիկապես խեղված մարդու մասին, որը մարմնավորում եմ ես, և որն իր մեջ այդքան ուժ է գտնում, բարություն ու համարձակություն, որպեսզի կարողանան մյուս խեղված ճակատագրերով մարդկանց կանգնեցնել ճիշտ ուղու վրա, ճանապարհը ցույց տալ և ամեն ինչ անել, որ շարունակեն ապրել»։
Ջեմմա Ադամյանն էլ ասաց․ «Իմ կերպարը իր երեք տարիքներում փոխում է անունը՝ ձգտելով նրան, որ էլ ավելի լավ կլինի, այսինքն՝ հին կերպարը չկորցնելու, հույսն ու հավատը չկորցնելու մասին է․ յուրաքանչյուր իրավիճակում, թեկուզ լինես մխրճված ճահճի մեջ, քո մեջ ուժ պետք է գտնես ու վերածնվես»։
33 տարի առաջ «Մետրո» թատրոնում այս ներկայացման գլխավորած հերոսներից մեկին մարմնավորած Լևոն Սարգսյանը, որը եկել էր Գյումրի՝ դիտելու ներկայացումը և որն անչափ հուզված էր, ասաց․ «Ուղիղ 33 տարի առաջ սա իմ առաջին մեծ դերն է եղել, 33 տարի հետո այնպիսի տպավորություն է, որ ես ինձ կողքից տեսնում եմ։ Այսօրվա մեր դերասանական գժոտ, խելառ խումբը իմ անցյալը փռեց ոտքերիս տակ, որ ես առաջին անգամ ափսոսացի անցնել իմ անցյալի վրայով։
Շնորհակալ եմ Գյումրու թատրոնին, շնորհակալ եմ այս հրաշք անձնակազմին, այսօր ուզում եմ թռնել, այ այդպես թևեր են տվել։
Այս ներկայացումը հոգու համար է ու ամենակարևորը մարդու մասին է։ Այսօր մենք կորցրել ենք մարդուն, մարդն իր արժեքը գցել է այսօր, մարդու համար ամենաթանկ կուրսը դոլարի կուրսն է, բայց ամենամեծ կուրսը մարդու կուրսն է։
Ինչպես Դիոգենեսն է ասում՝ էսօր օրը ցերեկով լապտերը ձեռքերիս մարդ ենք ման գալիս։ Ես այսօր էդ մարդուն գտա, փառք Աստծո, համոզված եմ, որ կամաց-կամաց այս տիպի ներկայացումներով յուրաքանչյուր քաղաքում կլինի թատրոնի օդ, որ մենք շնչենք։
Բոլորիս մաղթում եմ մաքուր, անարատ թատերական օդ, որի պակասը մենք այսօր ունենք։ Շնորհավորում եմ թատրոնի անձնակազմին․ խոնարհվում եմ Գյումրու թատրոնի առաջ, խոնարհվում եմ իմ վարպետի առաջ։
Այդ մեծ ռեժիսորն արել է մի գործ, որը 33 տարի անց էլ բեմադրվի, մեկ է՝ շատ արդիական է, այն մարդու, սիրո մասին է, ոչ մեկ չի կարող բացատրել ինչ է սերը, բայց այսպիսի ներկայացումներով բացատրությունը կա, որովհետև ամեն մարդ իր փոքրիկ սիրո պատասխան կգտնի»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test