PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի՝ Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Շարմ էլ Շեյխում ադրբեջանցիների հետ քննարկել են հայ գերիների ազատ արձակման հարցը, հայտնում է Panorama.am-ը։
«Մենք մեր ամենօրյա աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված կլիներ։ Բայց իրականացնում ենք այդ աշխատանքը։
Ինչպես և միշտ, այս պահին ևս ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք։ Մենք չենք դադարեցնում մեր ջանքերը։ Բառացիորեն երեկ նաև Շարմ էլ Շեյխում ադրբեջանցիների մեր գործընկերների հետ կրկին քննարկել ենք այս հարցը։ Հուսանք, առաջիկայում մեր ջանքները դրական արդյունք կտան»,-ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ չնայած խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռք բերված որոշ պայմանավորվածություններին, կան մի շարք հարցեր, որոնք դեռևս մնացել են բաց։
«Հաստատված խաղաղության պայմաններում, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի շրջանակում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունների պայմաններում մնում են որոշ հարցեր, որոնք լուծված չեն»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այդ չլուծված հարցերի թվում առաջնային տեղ է զբաղեցնում Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test