Հույս ունեմ` հաջողություն կունենանք. Աֆեյանը` Վարդանյանի և մյուս գերիների ազատման մասին
sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Խաղաղության հաստատումը կարևոր հանգամանք է Բաքվում պահվող հայ գերիների խնդրի լուծման համար։ Այդ մասին այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ավրորայի» համահիմնադիր, գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընկեր Նուբար Աֆեյանը։
Նրա խոսքով` արդեն երկու տարի է` բավականին մեծ գործ են անում գերիների խնդրի լուծման ուղղությամբ։
«Ամեն ինչ անում ենք, որ թե՛ մեր երկրի, թե՛ այլ երկրների ղեկավարները ուշադրություն դարձնեն այս հարցին։ Հույս ունեմ, որ կհաջողենք»,– նշեց նա։
Արդյոք ՀՀ գործող իշխանությունների ջանքերը գերիների վերադարձի համար բավարա՞ր են հարցին Աֆեյանը պատասխանեց, որ գիտի` այս խնդիրը բարձրաձայնվում է տարբեր երկրներում։
«Գիտեմ, որ սա կարևոր թեմա է ու տարբեր երկրներում այդ մասին բարձրաձայնվում է։ Հույս ունեմ, որ խաղաղության այս գործընթացի մեջ խաղաղություն և արդարություն կտիրի։ Խաղաղության հաստատումը կարևոր է բոլոր առումներով»,– վստահեցրեց Աֆեյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Արցախ, նոյեմբերի 4-ին նշանակվել Արցախի պետնախարար։ 2023 թվականի փետրվարի 23-ին նա ազատվել է պաշտոնից, սակայն մնացել է Արցախում մինչև 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիան։
Սեպտեմբերի 27-ին նա ապօրինաբար ձերբակալվել է և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում՝ Արցախի այլ քաղաքական ու զինվորական գործիչների հետ։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են ներկայացրել` ահաբեկչության ֆինանսավորում, զինված խմբավորումներ ստեղծել և սահմանն ապօրինի հատել։ Չնայած
մյուս մեղադրյալների գործերի հետ նյութերը միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորից 400-ը
քննել առանձին վարույթով: