Հակասանիտարական, գարշահոտ վիճակ ու համաճարակի վտանգ Արմավիր քաղաքի սրտում․ կեղտաջրերը լցվում են մարդկանց տները, մարզասրահներ ու լողավազաններ, իսկ «Վեոլիա Ջուր»-ը, ըստ բնակիչների, 2 ամիս է՝ մարդկանց դարձրել է «հոգեկան հիվանդ»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, դեռևս շարունակվում է հակասանիտարական ու գարշահոտ իրավիճակը Արմավիրի մարզում։Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 2 ամիս է՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Արմավիր քաղաքի հազարավոր բնակիչների, օբյեկտների աշխատակիցներին դարձրել է «հոգեկան հիվանդ»։ Երկու ամիս է՝ Սիլիկյան փողոցում կոյուղատարի չփոխելու պատճառով «Վեոլիա Ջուր»-ի անգործության կամ միտումնավոր դանդաղ աշխատելու հետևանքով կեղտաջրերը կոյուղատարերից դուրս են գալիս ու լցվում թաղամասով մեկ, իսկ հոտը զգացվում է մի քանի հարյուր մետրից։Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով բնակիչներ իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ ասելով․ «Ով է տեսել 21-րդ դարում նման քար անտարբերություն մարդու նկատմամբ, և ոչ միայն մարդու, այլ նաև սպառողի։ Չէ՞ որ մեր տված գումարներով է «Վեոլիա Ջուրը» իր աշխատակիցներին վճարում։ Բա եթե մենք կանոնավոր վճարումներ ենք կատարում, ինչու՞ «Վեոլիա Ջուր»-ն ջայլամի քաղաքականություն է վարում։Այս երկու ամսվա ընթացքում միայն Արմավիրի մարզպետարանը և Արմավիրի քաղաքապետարանը ինչով հնարավոր է՝ օգնության ձեռք են մեկնել, բայց խնդիրը՝ վթարը վերացնելու հիմնական պատասխանատուն «Վեոլիա Ջուր» է։ Արմավիրի մարզպետարանն ու Արմավիրի քաղաքապետարանը հո պարտավոր չե՞ն ամեն օր հատուկ նասոսներ բերեն ու էդ կեղտաջուրը հեռացնեն։Խնդրում ենք և նաև պահանջում, որպեսզի «Վեոլիա Ջուրը» իսկապես գործ անի, ոչ թե մի օր գա, մի քանի ժամ անկապ փորի ու թողնի գնա։ Նույնիսկ հազարից ավելի բնակիչներով ցանկացել ենք «Վեոլիա Ջրի» դեմ՝ մեր ու մանուկով, ահել-ջահելով, Երևան–Արմավիր գլխավոր ճանապարհը փակել, բայց այս պահին ձեռնպահ ենք մնում, որովհետև տեղեկացել ենք, որ արդեն իրավիճակի մասին իմացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ով արդեն խնդրով զբաղվող կառույցների պաշտոնյաների հետ խիստ խոսակցություն է ունեցել, և նրանք պարտավորվել են 2–3 օրվա ընթացքում գործը առաջ տանել, այսինքն՝ ավարտել»։Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խրախուսում է և մեծ տեղ է տալիս ներդրումներին։ Սակայն ինչ անուն տաս նրան, որ Սիլիկյան փողոցում մեծ ներդրումներ են կատարվել և բացվել է ժողովրդի կողմից կարճ ժամանակում բավականին դրական համբավ ունեցող «Nana» ժամանցի վայր, որտեղ նախ ստեղծվել է մոտ 100-ից ավելի աշխատատեղ, բացվել են լողավազաններ, մարզասրահներ։ Իսկ հիմա «Վեոլիա Ջուր»-ի պատճառով ամբողջ կեղտաջուրը լցվել է նաև այդ ժամանցի վայրի տարածք։Նույնիսկ 100-ից ավելի բնակիչներ կեղտաջրերի պատճառով հայտնվել են շրջափակման մեջ։Եթե «Վեոլիա Ջուր»-ն բարի կամք դրսևորի և խնդիրը լուծի, ապա «Nana»-ի տնօրինությունը միլիոնների ծախս է անելու՝ ամբողջ կեղտ տարածքից հեռացնելու և այն նախկին տեսքի բերելու ուղղությամբ։Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ սեպտեմբերի 16-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Արմավիր քաղաքում տիրող գարշահոտ, հակասանիտարական վիճակի մասին։Հրապարակումից հետո Արմավիրի մարզպետարանից կապվել էին SHAMSHYAN.com-ի հետ և հայտնել, որ խնդրին իրենք տեղյակ են ու կպարտավորեցնեն «Վեոլիա Ջուր»-ին, որպեսզի օրերի ընթացքում խնդիրը լուծի։Սեպտեմբերի 23-ին, դարձյալ եղանք նույն վայրում, որտեղ, ցավոք, պարզվեց, որ ոչ մի աշխատանք չի կատարվել ու չի կատարվում։Զարմանալի է, որ օրեր առաջ Արմավիր քաղաք էր այցելել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկա գտնվելու ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ֆեստիվալին, ու այդ պաշտոնյաները հավանաբար այլ ճանապարհով են վարչապետին ուղեկցել միջոցառման վայր։ Հակառակ դեպքում, եթե վարչապետը երթևեկեր այդ հատվածով, հաստատ այդ հոտը զգալու էր ու պաշտոնյաներին դաս էր տալու իր հանրահայտ «պողպատե մանդատով»՝ մուրճով։Ցավալի է նաև, որ ո՛չ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ո՛չ Արմավիրի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Բարսեղ Նիկողոսյանը, ո՛չ էլ Արմավիրի քաղաքապետը կամ չեն կարողանում ազդել «Վեոլիա Ջուր»-ի վրա, կամ էլ արհամարհած ունեն Արմավիրցիների խնդրանքին, որ քաղաքը փրկեն այդ գարշահոտ հակահիգիենիկ վիճակից։Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։