Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Համերաշխություն հաստատելու առումով եկեղեցին մեծ առաքելություն ունի. Աշոտ Մելքոնյան aravot.am aravot.am

time
Համերաշխություն հաստատելու առումով եկեղեցին մեծ առաքելություն ունի. Աշոտ Մելքոնյան

«Երբ խոսում ես ցանկացած ժողովրդի ձեւավորման՝ էթնոգենեզի մասին, անպայմանորեն պետք է հաշվի առնես, թե այդ էթնոսի մոտ երբ է ձեւավորվել ինքնությունը: Կա լեզու, կա տարածք, կան պատմամշակութային առանձնահատկություններ, բայց կա միաժամանակ ազգային ինքնագիտակցություն, որն ինքնության առաջին փուլն է: Երբ ինքը գիտակցում է, որ բոլոր հատկանիշներով տարբերվում է հարեւաններից, նշանակում է, որ իր մոտ ձեւավորվել է ինքնություն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ ինքնության, ազգային կրթության, Հայոց եկեղեցու եւ այլ թեմաների վերաբերյալ մեր զրույցում:

Նա նաեւ ընդգծում է, որ ինքնությունը պատմության ընթացքում կարող է փոխվել, տարբեր փուլերում տարբեր ժողովուրդների մոտ ինքնության տարբեր մակարդակներ գոյություն ունեն. «Օրինակ, կա կայսերական ինքնություն, կա ներպետական ինքնություն, ցավոք սրտի կա նաեւ գաղթականի հոգեբանություն եւ ինքնություն, որոնք զարմանալիորեն պատմության ընթացքում մենք ապրել ենք»:

Պատմաբանը հիշեցնում է, երբ Ք.Ա. 7-5-րդ հազարամյակում տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում էթնիկ պայթյուն, եւ աշխարհով մեկ սփռվել են այստեղից գնացած մյուս էթնոսները՝ Հնդկաստանից մինչեւ Եվրոպա, բուն հայրենիքում մնացել են հայերը եւ հարեւան պարսիկները. «Այստեղ սկսել է ձեւավորվել նրանց ինքնությունը: Երբ հայկական լեռնաշխարհում ձեւավորվել է առաջին պետական կազմավորումը՝ Արատտա կոչված պետությունը՝ երրորդ հազարմայակում, զուգահեռաբար ձեւավորվել է նաեւ ազգի ինքնությունը …

Պետականության ձեւավորման հետ մեկտեղ՝ զարմանալիորեն մեզ մոտ ինքնության վաղագույն շրջանում սկսել է ձեւավորվել անգամ կայսերական ինքնությունը: Երբ Արարատյան թագավորությունը՝ Ուրարտուն, ձեւավորվեց, մենք տարածաշրջանի խոշորագույն պետություններից մեկը դարձանք, Ասորեստանին դուրս մղեցինք եւ այսպես կայսերական ինքնություն ձեւավորվեց մեզ մոտ Ք.Ա. 8-րդ դարի սկզբներից եւ հատկապես Սարդուր 2-րդի գահակալության առաջին շրջանում,երբ Հայաստանը դարձավ 4 ծովերի երկիր, հասավ մինչեւ Պարսից ծոց, Միջին Ասիա, Հյուսիսային Կովկաս, Սեւ Ծով եւ Կասպից ծով, այս ամբողջի հետ մեկտեղ ահռելի մի կայսրություն ձեւավորվեց իր կայսերական մտածողությամբ»:

Աշոտ Մելքոնյանը մանրակրկիտ ներկայացրեց հայի ինքնության փոփոխության նաեւ ցավալի փուլերը: Մեր հարցին՝ հայի ինքնության կառուցման մեջ ինչ դերակատարություն ունի Հայոց եկեղեցին, գիտնականն այսպես է արձագանքում. «19-րդ դարի առաջին կեսին հայ իրականության մեջ բուռն քննարկումներ էին ընթանում հասարակական-քաղաքական շրջանակներում, թե Հայաստանի ապագան ինչպիսին պետք է լինի՝ ասպարեզ եկած նոր իրողությունների պարագայում. Արեւելյան Հայաստանի մի զգալի մասը միացել էր ռուսական կայսրությանը եւ արեւմտահայությունը նույնպես տենչում էր ռուսական տիրապետության տակ անցնել:

Այս պայմաններում ազգի մեծերը մտածում էին, թե որոնք են լինելու ազգի հենարանները, սյուները: Այսպես կոչված՝ ավանդական կղերապահպանողական հոսանքի ներկայացուցիչները, որոնք հիմնականում հոգեւորականներ էին, շատ դիպուկ ձեւով երկու հանգամանք էին նշում՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, որը հնարավորություն կտա պահպանել ազգի միասնությունը հոգեւոր առումով, որովհետեւ մի մասը Օսմանյան կայսրության մեջ էր, մի մասը հայտնվել էր ռուսական տիրապետության տակ, մյուսն էլ՝ պարսկական: Այսինքն Հայաստանը եռատվել էր, եւ այս պարագայում Հայաստանյայց Առաքելական եկեղեցին կարող էր միասնությունը պահպանել: Ասում էին՝ երկրորդ սյունն էլ գրաբարն էր»:

Հարցին՝ Հայոց եկեղեցին իբրեւ պատմական ինստիտուտ մեծ դերակատարություն է ունեցել անցյալում կրթության գործում, այսօր այն ե՞ւս ունի անելիք, Աշոտ Մելքոնյանը պատասխանում է. «Եկեղեցին եւ պետությունն անջատ են միմյանցից, բայց երբ փորձում ես հասկանալ, թե Սփյուռքում ինչ իրավիճակ է, տեսնում ես, որ մեծագույն մասը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու կողքին է… Ավանդաբար դպրոցը եկեղեցու կողքին է եղել, եւ այս մոտեցումը շարունակել է պահպանվել: Արեւմտահայ ազգային սահմանադրության մեջ նախատեսվող գործառույթներից մեկն այն էր, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին պետք է զբաղվի նաեւ կրթության գործերով, ուրիշ հարց է, որ խորհրդային տարիներին դրանք բաժանվեցին, բայց երբ դու տեսնում ես, որ կան հոգեւոր ճեմարաններ՝ Վազգենյան ճեմարանը, Գեւորգյան ճեմարանը, դրսում գործողները՝ Ժառանգավորացը, Թարգմանչացը, Կաթողիկե եկեղեցուն կից հայկական դպրոցները՝ Մխիթարյան միաբանության շրջանակներում, ահռելի ազգօգուտ աշխատանք են կատարում, եւ դա պետք է շարունակվի նաեւ այսօր»:

Խոսելով ազգային կրթության մասին, մեր զրուցակիցն ասում է՝ չի կարող դպրոցը ազգային չլինել, պետությունը ազգային չլինել. «Երբ ժամանակին մեր լուսահոգի գործընկեր Արտակ Մովսիսյանը նշում էր, որ դպրոցական դասագրքի 52 էջանոց չափորոշիչները հայրենասիրություն բառը չեն պարունակում, մեզ ասում էին, որ հայրենասիրությունն անցած էտապ է, ազգային սնապարծության դրսեւորում է, մինչդեռ ԱՄՆ կառավարությունն այդ օրերին ընդունեց որոշում, որ դպրոցներում պետք է հայրենասիրությունը որպես առարկա դասավանդել երեխաներին»:

Հարցին՝ կարո՞ղ է Հայ Առաքելական եկեղեցին լինել հանրային միասնության, համախմբման առանցք, գիտնականը պատասխանում է՝ իհարկե կարող է: Նրա ձեւակերպմամբ, մեր ներկա անհաջողությունների գլխավոր պատճառն այն է, որ հասարակությունը երկփեղկված է, իսկ եկեղեցու մոտեցման կարեւորագույն պահերից մեկն այն է, որ այն հնարավորինս փորձում է լինել մեծահոգի:

Աշոտ Մելքոնյանի խոսքով, եթե եկեղեցին բարեփոխվելու անհրաժեշտություն ունի, դա հասկանալի է, բայց ծայրահեղ մոտեցումները մեր եկեղեցու նկատմամբ անընդունելի են. «Ես կարծում եմ, որ համերաշխություն հաստատելու առումով եկեղեցին մեծ առաքելություն ունի, իշխանություններն էլ պետք է քարը գոգից թափեն եւ քայլ կատարեն՝ որպես ուժի մարմնացում, որովհետեւ պետությունն ինքն ուժի մարմնացում է: Եվ եթե պետությունը քայլ արեց, կարծում եմ՝ եկեղեցին եւս կընդառաջի, եւ կփորձենք փոխըմբռնման մթնոլորտում այս խորը ճահճից դուրս գալ»,-համոզված է Աշոտ Մելքոնյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test