Դեռ վերջերս նորույթ համարվող արհեստական բանականության (ԱԲ) գործիքներն այսօր շատերիս առօրյայի մասն են: Դրանք նկատելիորեն օգնում են աշխատանքում, առօրյա կյանքում, սակայն կարող են նաեւ վնասել՝ գուցե ոչ այդքան ակնհայտ: Տեղեկատվության հեշտ հասանելի ու հոգնեցնելու չափ լայնածավալ հոսքերի պայմաններում հիմնաքարային կրթության դերը նորովի է կարեւորվում: Բիզնես ոլորտի առաջնորդների առջեւ ծառացած ժամանակակից մարտահրավերների, բարձորակ բիզնես կրթության եւ սեփական մտածողությանն անդադար մարտահրավեր նետելու հրամայականի մասին Մեդիամաքսը զրուցել է School of Business-ի դեկան, Համաեվրոպական Executive MBA կրթական ծրագրի տնօրեն եւ դասախոս դոկտոր Լեսլի Սզամոզիի հետ: Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի համատեղ Համաեվրոպական Executive MBA կրթական ծրագիրը հայաստանյան դիմորդներին հնարավորություն է ընձեռում ստանալու բարձրակարգ բրիտանական եւ եվրոպական բիզնեսի կառավարման կրթություն եւ երկու MBA դիպլոմներ Յորքի ու Ստրասբուրգի համալսարանից՝ շարունակելով ապրել, աշխատել եւ սովորել Հայաստանում։- Այսօր շատ են շրջանառվում արհեստական բանականության վերաբերյալ կարճ վարպետության դասերի գովազդներ, որտեղ ներկայացվում է, իբրեւ թե ճիշտ կիրառման դեպքում ԱԲ-ն կարող է ընդամենը մի քանի րոպեում մշակել ամբողջական բիզնես ռազմավարություն։ ԱԲ-ի շուրջ ստեղծված այս աղմուկը որոշ մարդկանց ստիպում է մտածել, թե ֆորմալ բիզնես կրթությունն այլեւս նշանակություն չունի։ Որպես Համաեվրոպական Executive MBA ծրագրի տնօրեն եւ երկարամյա կրթական փորձ ունեցող մասնագետ՝ ո՞րն է Ձեր պատասխանը նման ընկալմանը։ - Արհեստական բանականությունը գործիք է, այլ ոչ ամենակարող լուծում։ Եթե ԱԲ-ն լիներ ամեն ինչի գլխավոր գործիքը, մենք չէինք կարողանա տարբերակել այս կամ այն բիզնես ռազմավարությունը: Պատկերացրեք՝ հինգ մարդ օգտագործում է աշխարհի ամենազարգացած ԱԲ համակարգը. նրանք մուտքագրում են նույն տեղեկատվությունը, եւ տեսականորեն՝ կստանան նույն արդյունքը։ Այս դեպքում այլեւս տարբերություն չկա մեկի եւ մյուսի միջեւ։ ԱԲ-ն գործիք է, որը կարող է օգնել եւ հաջողության ավելի մեծ հնարավորություն տալ, սակայն ինքնին լուծում չէ։
Բիզնեսի եւ կրթության տեսանկյունից՝ մենք պետք է կարողանանք հասկանալ, թե ինչպես օգտագործել այդ գործիքը՝ համադրելով հիմնաքարային գիտելիքի հետ: Չես կարող ԱԲ-ի գեներացրած տեղեկատվությանը վերաբերվել որպես բացարձակ ճշմարտության։ Վերջին շրջանում շատ են արձանագրվել դեպքեր, երբ ԱԲ-ն պարզապես հորինել է տեղեկատվությունը: Այն լավն է այնքանով, որքանով լավն է դրանում ներմուծված տեղեկատվությունը: Ակնհայտ օրինակ է այն դեպքը, երբ ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Ռոբերտ Ֆ. Քենեդին ներկայացրեց ԱԲ-ով գեներացված զեկույց, որը մեջբերում էր գոյություն չունեցող ուսումնասիրություններ։ Տեսականորեն՝ այդպես կարող ես նաեւ վնաս հասցնել:Ուստի, թեեւ ԱԲ-ն հզոր գործիք է, եւ ես իսկապես տպավորված եմ դրանով, ամենակարեւորն այն է, թե ինչպես ենք այն համադրում մարդկային գիտելիքի հետ։ Բացի այդ, ԱԲ-ն չի կարող ձեր փոխարեն կապեր ստեղծել, չի կարող փոխարինել փորձի փոխանակմանը, եւ լիովին չի հասկանում տեղական իրականությունները։ Այն հաշվի է առնում միջինացվածը եւ ձգտում դեպի միջին արժեքը, ինչը երբեմն կարող է ոչ թե օգնել, այլ վնասել։ Եվ հենց այստեղ է վտանգը՝ քանի որ թե՛ Հայաստանը, թե՛ որեւէ այլ երկիր ունի իր յուրահատուկ համատեքստը, որը ԱԲ-ն կարող է չնկատել։- Այդ պարագայում ի՞նչ եք դուք տալիս ուսանողներին, որո՞նք են հիմնական առավելությունները:- Կարծում եմ՝ մեզ մոտ լավ է ստացվում համակարգել այսօր հասանելի հսկայածավալ տեղեկատվությունը, համախմբել աշխարհի տարբեր ծայրերի փորձի վրա հիմնված մտածողությունը մի ձեւաչափում, որը կարող ենք կիրառել տարբեր համատեքստերում: Մեկ այլ առավելություն է այն, որ երկար տարիների փորձի եւ տարբեր մարդկանց հետ աշխատանքի արդյունքում մենք կարողանում ենք գտնել յուրատիպ լուծումներ բարդ խնդիրների համար, որոնք այլոք հազիվ թե կարողանան անել նույն արդյունավետությամբ: Այս երկար տարիների աշխատանքի ընթացքում ես մեր MBA ծրագրի ավարտին հաճախ եմ լսում ուսանողներից հետեւյալ արտահայտությունը. «Ես հիմա այլ կերպ եմ մտածում»: Կարծում եմ սա եւґ ծրագրի, եւґ ուսանողների վաստակն է, քանի որ մտածողություն փոխելը ժամանակատար գործընթաց է: - Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես եք ԱԲ գործիքներն ինտեգրում կրթական ծրագրին: Կարո՞ղ եք օրինակ բերել: - Ես դասավանդում եմ կազմակերպական վարքագիծ, որի շրջանակում ամենամեծ հարցերից մեկն այն է, թե ինչպես մոտիվացնել աշխատակիցներին: Ձեւերից մեկը, որը սիրում եմ կիրառել այս հարցին անդրադառնալիս, հետեւյալն է. ես հարցնում եմ ուսանողներին՝ ինչպե՞ս դուք կմոտիվացնեիք ձեր ընկերության աշխատակիցներից մեկին, գրի առեք դա: Դրանից հետո ես ներկայացնում եմ, թե ինչ գիտենք մենք այդ մասին տեսության եւ պրակտիկ տեսանկյունից: Այնուհետեւ նույն հարցը տալիս ենք արհեստական բանականության որեւէ գործիքի, եւ վերջում համեմատում երեք տեսանկյունները՝ ինչն է նույնը, ինչն է տարբեր, ինչն է աշխատող, ինչը՝ ոչ, եւ ուսանողները փորձում են դրանց տալ այն միջավայրի համատեքստը, որում աշխատում են: Այդ ամբողջն ամփոփելուց հետո նորից եմ հարցնում՝ ի՞նչ կանեք աշխատակցին մոտիվացնելու համար: Ես սիրում եմ ԱԲ-ն կիրառել որպես գործիք՝ այն ընդգրկելով ընդհանուր քննարկմանը, սակայն նորից ընդգծեմ՝ այն միայն գործիք է, եւ ոչ լուծում: - Չգիտեմ՝ Ձեր ուսանողները ԱԲ-ի նկատմամբ վախ ունեն, թե ոչ, սակայն կարծում եմ, որ դասավանդման այս մոտեցումը կարող է օգնել մարդկանց նաեւ վախի հաղթահարման հարցում, քանի որ ցույց է տալիս՝ ինչ կարող են ստանալ ԱԲ-ից եւ ո՞րն է իրենց ներդրումը որպես մարդ: - Միանշանակ: Գուցե փոքր-ինչ կարծրատիպային է, բայց ԱԲ-ից վախենում են հիմնականում տարիքով ավելի մեծ մարդիկ, երիտասարդները՝ ոչ: Երիտասարդներին պարզապես պետք է լրացուցիչ վստահություն առ այն, որ իրենք ճիշտ որոշում են կայացնում: Իմ դերն այստեղ համոզվելն է, որ նրանք մարտահրավեր են նետում ոչ միայն ԱԲ-ին, այլեւ սեփական մտածողությանը:- Այս հարցազրույցին պատրաստվելիս որոշեցի հարցնել Chat GPT-ին, թե որոնք են այն երեք առաջնային մարտահրավերները, որոնց այսօր՝ AI-ի ժամանակներում, բախվում են բիզնես ոլորտի առաջնորդները: Այն այս երեքն առանձնացրեց. - հավասարակշռել արհեստական բանականությունից բխող արդյունավետությունը մարդակենտրոն առաջնորդության հետ,- կառավարել ԱԲ էթիկայի, վստահության եւ կարգավորման հարցերը,- վերասահմանել տաղանդը եւ կազմակերպական մոդելները ԱԲ դարաշրջանում։Համաձա՞յն եք այս ընտրության հետ: Եթե ոչ, խնդրում եմ նշեք, թե Ձեզ համար որոնք են երեք առաջնային մարտահրավերները: - Հետաքրքրական է, որ համակարգիչը մեզ ասում է՝ հավասարակշռեք մարդկային գործոնը առաջնորդությունում, կամ՝ վերասահմանեք տաղանդը ԱԲ աշխարհում: Հեգնանք կա դրանում. համակարգիչն ասում է մարդկանց, որ նրանք պետք է ավելի մարդկային լինեն: Արդյոք թվարկվածն այսօրվա կառավարչական մարտահրավերնե՞ր են: Միանշանակ այո: Սակայն եթե ինձ հարցնեին, թե որոնք են երեք առաջնային մարտահրավերները, հետեւյալը կնշեի. գտնել մարդկային արժեքը ԱԲ աշխարհում՝ ի՞նչ կարող ենք մենք տալ: Միանշանակ այդ ցանկում կլիներ նաեւ էթիկայի խնդիրը: Բայց չեմ կարծում, որ տաղանդի վերասահմանումը կներառեի, փոխարենը կնշեի՝ ինչպես կառավարել տաղանդը, դա ավելի կարեւոր է: Մենք գիտենք, թե մեզ ինչ տաղանդ է պետք, բայց ինչպե՞ս կառավարել այն, ինչպե՞ս ԱԲ-ով շարժվող աշխարհում մարդկանցից ստանալ լավագույն արդյունքը: Կարծում եմ, որ մեր կրթական ծրագիրը լավագույնս է դրսեւորվում մարդկանց թաքնված տաղանդները դուրս բերելու հարցում: Միեւնույն ժամանակ, որոշակի սահմանափակումներ կան՝ կախված տվյալ կազմակերպության կամ երկրի միջավայրից: Հայաստանի շուկայում դեռեւս գերակշռում է առաջնորդության՝ տղամարդկանց կողմից վարվող ավտոկրատական մոտեցումը: Կառավարումը գործընթաց է, մարդկանց զարգացումը՝ եւս: Միեւնույն ժամանակ ուրախ եմ տեսնել, որ այս առումով փոփոխություններ են սկսել տեղի ունենալ Հայաստանում: Կարծում եմ՝ դրա պատճառն այն է, որ բազում ընկերություններ շատ տաղանդավոր աշխատակիցների կորցրին՝ կառավարման եւ առաջնորդության իրենց ոճի՝ այսօրվա երիտասարդությանն անհամապատասխանության հետեւանքով: Պատճառներից է նաեւ Հայաստանից «ուղեղների արտահոսքի» աղետալի չափը: Ուրեմն, հարցը պետք է այդպես դնել՝ ինչպե՞ս պահենք մարդկանց երկրի ներսում, ինչպե՞ս նորից գրավենք նրանց եւ «ուղեղների վերադարձ» կազմակերպենք: Մարդիկ արտերկրից կվերադառնան ներդրում կատարելու այնպիսի համակարգում, որին ծանոթ են, որի հետ աշխատել են դրսում: Հայաստանի համատեքստում կառավարման մարտահրավերներն այս դաշտում են: - Կրթությունը պետք է ժամանակին համընթաց զարգանա՝ հատկապես տեխնոլոգիական արագ փոփոխությունների մեր ժամանակներում: Քանի որ դուք 1999 թվականից բիզնես կրթության ոլորտում եք, հետաքրքիր է լսել Ձեր դիտարկումները վերջին տարիներին այս դաշտում տեղի ունեցած փոփոխությունների մասին: - Եթե մտովի հետ գնանք 1999 թվական, ապա շատերը կհիշեն՝ տեղեկատվություն գտնելու համար մարդիկ գրադարաններում ժամեր, երբեմն նաեւ օրեր էին անցկացնում: Հիմա, երբ նույն տեղեկատվությունը կարող է հասանելի դառնալ վայրկյանների ընթացքում, մեկ այլ խնդրի ենք բախվում. լայնածավալ տեղեկատվության հասանելիության պարագայում պետք է կարողանանք համախմբել այդ տեղեկատվությունը: Կարող եմ պնդել, որ այսօրվա ուսանողները, երբ «Z» սերունդն է մտնում MBA կրթության դաշտ, շատ ավելի խելացի են: Մենք այսօր հասել ենք այն կետին, երբ պարբերաբար վիճարկում ենք մտածողությունը: Մեկ այլ դրական գործոն է այն, որ իմ դիտարկմամբ MBA մակարդակում կրթություն ստացող այսօրվա ուսանողներն ավելի մտահոգված են միջավայրի, բազմազանության, էթիկական, հավասարության, ներառականության եւ այլն սոցիալական հիմնախնդիրներով: Այսինքն՝ նրանք մտածում են ոչ միայն գումար վաստակելու, այլեւ բարիք գործելու մասին: Կարծում եմ, որ այս մոտեցումը պետք է ամրագրված լինի յուրաքանչյուր լավ MBA ծրագրում: Այսօրվա ուսանողները նաեւ միջազգային փորձառության մեծ ձգտում ունեն: Մենք մեր ուսանողներին տանում ենք Յորք, Ստրասբուրգ եւ Սալոնիկ՝ ուսումնական շաբաթների՝ հնարավորություն ընձեռելով նրանց իրերը տեսնելու այլ լույսի ներքո, կապեր ստեղծելու այլ մասնագետների հետ եւ այլն:- Կարծում եմ, իմաստ ունի նշել, որ ձեր MBA ուսանողներն արդեն իսկ իրենց ոլորտներում որոշակի փորձ ունեցող մասնագետներ են: Կարո՞ղ եք մի փոքր պարզաբանել, թե ում համար է նախատեսված Համաեվրոպական Executive MBA ծրագիրը եւ կարիերայի ո՞ր փուլում է պետք դիմել: - Ինձ համար կրթությունը երբեք չի ավարտվում, այն շարունակական գործընթաց է: Եվ մարդիկ կարիք չունեն դպրոց վերադառնալու կրթվելու համար: Մենք կարող ենք ինքներս կրթվել մեզ հետ աշխատող մարդկանցից, ինքներս մեզ ընձեռած հնարավորություններից ու այն իրավիճակներից, որոնցում մեզ դնում ենք: Այն մարդիկ, որոնք միանում են մեր MBA ծրագրին, փնտրում են ոչ միայն կարիերային մեծ հնարավորություններ ունենալու, այլեւ իրերին այլ տեսանկյունից նայելու ունակություն ձեռքբերելու համար: Հաճախ եմ ուսանողներիցս լսում, որ ասում են՝ կարիերաս հասցրել եմ կոնկրետ մակարդակի, սակայն կարծես թե զարգացումս կանգ է առել, չեմ կարողանում հաջորդ մակարդակ հասցնել, ուստի պետք է ինձ այլ կերպ մարտահրավերը նետեմ: Մեկ այլ մոտեցում է այն, որ ուսանողը հասկանում է՝ պետք է հասկանա բիզնեսը տարբեր տեսանկյուններից, այլ ոչ թե միայն այն հատվածը, ինչով ինքն է զբաղվում: Մեր ուսանողները հիմնականում նմանատիպ մարտահրավերներ են փնտրում: Կոնկրետ հայկական շուկայի մասին եթե խոսեմ, կասեմ հետեւյալը. եթե համեմատենք այն ժամանակաշրջանի հետ, երբ նոր էինք սկսել ծրագիրը, ապա հիմա ուսանողները շատ ավելի կենտրոնացած են արտաքին շուկայի վրա, քան ներքին, որովհետեւ հասկանում են՝ երկրի ապագան չի սահմանափակվում ո՛չ Հայաստանով, ո՛չ էլ Կովկասով, այն համաշխարհային շուկայում է: Որպեսզի կարողանաս մրցունակ լինել այնտեղ, պետք է հասկանաս այն հիմնաքարերը, որոնց ծանոթ են այլ երկրներում: Կարծում եմ, որ այդտեղ է մեր առանցքային դերը: Ես մեզ չեմ տեսնում որպես զուտ դասավանդողների, այլ տեսնում եմ որպես մարդիկ, որոնք օգնում են զարգացնել երկիրը, ինչն իրականացվում է լսարանի ուսանողների հետ աշխատանքի միջոցով, բայց որ ավելի կարեւոր է՝ նրանց՝ մյուսներին սովորեցնող դարձնելու միջոցով: Ցավոք, ոչ բոլորն ունեն մեր ծրագրում կրթվելու հնարավորություն, բայց այն մարդիկ, որոնք ձեռք են բերում այդ հնարավորությունը, կսովորեցնեն մյուսներին: Դա է, որ ամենաշատն եմ գնահատում մեր ուսանողների մեջ. նրանք իսկապես ցանկանում են մեր երկիրն ավելի լավը դարձնել:- Շատ հաճելի է նման խոսքեր լսել օտարերկրացուց:- Իմ մեծ տատիկը հայկական ծագում ունի, ուստի ըստ սահմանման՝ դա ինձ հայ է դարձնում: Գիտեմ՝ բոլորը Հայաստանից են ծագում (ծիծաղում է-հեղ): Ուզում եմ հստակեցնել. ինձ համար մեծագույն հաճույքը՝ կլինի դա Հայաստանում, թե այլ երկրներում, որտեղ մենք իրականացնում ենք այս ծրագիրը, փոփոխություն բերելն է: Ես ուրախ եմ տեսնել մեր ուսանողների հաջողությունները, եւ դա ասելով ամենեւին էլ նկատի չունեմ ֆինանսական կողմը: Այո, նրանցից շատերը «Porsche» են վարում, բայց դա չէ հարցը: Նրանք մարդիկ են, որոնք ասում են՝ ես թույլ չեմ տալու, որ համակարգը ինձ հետ մղի, ես կոտրելու եմ պատնեշները, բացելու եմ դարպասները: Եվ նույնիսկ եթե դա դեռ ընդամենը «ճաք» է, մենք գիտենք՝ ճիշտ ճանապարհին ենք:Այս պատճառով է նաեւ, որ ես ուզում եմ լսարանում տեսնել մարդկանց, որոնք իսկապես պետք է լինեն լսարանում, մարդիկ, որոնց ոչ թե պարզապես թղթի կտոր է պետք՝ ղեկավարին ցույց տալու համար, այլ մարդիկ, որոնք պատրաստ են ընդլայնելու իրենց մտքի սահմաններն ու պատրաստակամ են օգնելու մյուսների: - Կուզենայի մի փոքր հումորային հարցով ավարտենք զրույցը. եթե Chat GPT-ին դառնար Ձեր MBA ծրագրի ուսանողը, այն կկարողանա՞ր բարեհաջող ավարտել, թե՞ կտապալեր քննությունները: - Առաջին հերթին ասեմ, որ հուսով եմ՝ այդ կետին երբեք չենք հասնի (ծիծաղում է-հեղ): Եվ գիտե՞ք ինչ. եթե ChatGPT-ին ինձ տար կատարված հանձնարարությունը, ես դրա գնահատումը կհանձնարարեի ChatGPT-ին: Կարծում եմ, որ առաջադիմությունը նորմալ կլիներ, բայց հաստատ ոչ գերազանց: Հնարավոր է, որ եթե այս հարցազրույցն անելու լինեինք 20 տարի անց, իմ ChatGPT-ն զրուցեր Ձեր ChatGPT-ի հետ: Այն միայն ավելի զորեղ է դառնալու, եւ ես ամենեւին էլ դեմ չեմ այս գործիքի կիրառմանը, ավելին՝ ես գնահատում եմ, թե ինչպես է այն օգնում ինձ աշխատանքում: Բայց ես միշտ մարտահրավեր եմ նետում դրան: Եվ եթե ChatGPT-ին լիներ ինձ հետ նույն սենյակում, ես դրան մարտահրավեր կնետեի ճիշտ այնպես, ինչպես անում եմ մյուս ուսանողների պարագայում: Պրոֆեսոր Լեսլի Սզամոզիի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test