Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կանայք քաղաքականության մեջ. խնդիրներն ու խոչընդոտները aravot.am aravot.am

time
Կանայք քաղաքականության մեջ. խնդիրներն ու խոչընդոտները

Հայաստանում քաղաքականությունը հաճախ ընկալվում է որպես տղամարդկանց դաշտ, իսկ կնոջ ներկայությունը իբրև բացառություն։ Թեև օրենսդրական փոփոխությունները հնարավորություն են ստեղծել կանանց ավելի լայն մասնակցության համար, իրականության մեջ նրանք շարունակում են բախվել կարծրատիպերի, համակարգային խոչընդոտների և կուսակցական փակ կառուցվածքների։

Քաղաքականությունը՝ man’s world

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ կին քաղաքական գործիչը հաճախ պետք է 2 անգամ ավելի համառ և աշխատասեր լինի, որ մարդիկ սկսեն ընդունել նրան՝ որպես առաջնորդ։ Նա նշում է, որ կնոջ առաջնորդության ընկալումները չնայած փոխվել են, սակայն քաղաքական դաշտը դեռ բարդ է, և կանայք հաճախ բախվում են բազմաթիվ խոչընդոտների։

«Շատերը, երբ փորձում են գովաբանել ինձ, ասում են՝ տղամարդ է այս աղջիկը կամ Ազգային ժողովի տղամարդ աղջիկ։ Նրանք կարծում են, որ լավ բան են ասում, քանի որ եթե այս դաշտում կնոջը վստահում ես, առնվազն նրան տալիս ես ինչ-որ տղամարդկային հատկություններ»,- ասում է Գրիգորյանը։

Սոցիալ-հոգեբանական ընկալումներից ընտանեկան ճնշումներ

Գրիգորյանն առանձնացնում է մի քանի հիմնական խոչընդոտ, որոնց կինը բախվում է քաղաքականության մեջ։ Առաջինը հասարակության սոցիալ-հոգեբանական ընկալումներն են։ Երկրորդը՝ ֆեյքերի ահռելի բացասական հոսքը, որոնք թիրախավորում են կանանց։ «Սոցիալական ցանցերում բացվում են կեղծ էջեր, որտեղ տարածվում են սուտ տեղեկություններ իմ անձնական կյանքի մասին։ Սա համակարգային խնդիր է։ Որքան պինդ ես կանգնում, այնքան հարձակումներն ուժեղանում են», – նշում է նա։

Բացի այդ՝ խնդիր կա նաև ընտանիքի կողմից ընկալման հարցում։ «Շատ կանայք ստիպված են լինում հաղթահարել նաև հարազատների ճնշումը։ Եթե ընտանիքը կողքիդ չէ, շատ դժվար է դիմանալ այդ մթնոլորտին»։

Կանայք որոշումների կայացման մեջ․ ներկայություն՝ առանց ազդեցության

Օրենսդրությամբ սահմանված է, որ յուրաքանչյուր երեք թեկնածուից առնվազն մեկը պետք է լինի կին՝ խթանելու կանանց ներգրավվածությունը քաղաքական դաշտում։ Պատգամավորի խոսքով՝ քվոտավորումը դեռ անհրաժեշտ է, քանի որ առանց դրա կանանց ներկայությունը զգալիորեն կնվազի. «Այսօր կանայք կազմում են ԱԺ-ի 30%-ից ավելին, բայց եթե քվոտավորումը հանվի, ցուցանիշը կընկնի»,- նշում է նա՝ օրինակ բերելով Վրաստանը, որտեղ համակարգի վերացումից հետո կանանց մասնակցությունը նվազել է։

Ըստ Գրիգորյանի՝ թեև թվերը աճել են, կանանց ազդեցությունը կարևոր որոշումների վրա դեռ սահմանափակ է։ «Կառավարության կազմում կանայք շատ են, բայց նրանց ազդեցությունը փոքր է»,- ասում է նա։ Այնուամենայնիվ, լավատես է. «Այսօր կանայք ավելի ակտիվ են, և մեր առաջընթացը պիտի հարթի ճանապարհ հաջորդ սերնդի կանանց համար, ինչպես մեզնից առաջ եղածներն են հարթել մեզ համար»։

Քաղաքականությունը՝ գայլային կանոններով

Նախկին պատգամավոր, ԲՀԿ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշում է՝ քաղաքականություն մտնելը ճիշտ էր, քանի որ կինը զգայուն է, իսկ քաղաքականությունը կարող է լինել փափուկ, ճկուն ու արդյունավետ՝ ի տարբերություն բիրտ տղամարդկային մոտեցումների։ Նա ընդգծում է, որ հիմնական խոչընդոտը տղամարդկանց գործողություններն են և կանանց համերաշխության բացակայությունը. «Կանանց համերաշխությունը հանրային քաղաքական դաշտում միֆ է՝ չկա Հայաստանում»։ Զոհրաբյանը նաև մատնանշում է կուսակցության ներսում «գայլային օրենքները», երբ համախմբումը միայն շահի կամ արհեստական դեկորացիայի վրա է, արդյունք չկա։

Նախին պատգամավորի խոսքով՝ Հայաստանում ընտրողների 52%-ը կանայք են, բայց նրանց մեծ մասը դեռ չի ցանկանում կին նախագահ կամ վարչապետ տեսնել։ «Մենք դեռ շատ անելիքներ ունենք՝ կոտրելու այն մենթալիտետը, որ կինը շատ բան կարող է բերել քաղաքականություն»,- ընդգծում է նա, նշելով նաև, որ միջազգային փորձերը ցույց են տալիս՝ կանանց մասնակցությամբ խաղաղության պայմանագրերը ավելի երկար կյանք ունեն։

Քվոտան և կրթությունը՝ հիմնախնդիրներ

Թեև Զոհրաբյանը կողմ է կանանց քաղաքական մասնակցությանը, այնուամենայնիվ, քննադատում է ընթացիկ քվոտավորման համակարգը. «Մի՛ արեք արհեստական, մի՛ բերեք որպես քվոտա։ Շատ քվոտաները միայն ցուցակային են, իրական մասնակցություն չեն ապահովում,- պնդում է նա և հավելում,- Այսօր մեր Ազգային ժողովում կանայք կան, որոնց ո՛չ տեսել ենք և ո՛չ էլ անուններն ենք լսել, բայց իրենք քվոտա են։ Մենք հիմա 107 պատգամավոր ունենք, որոնցից, երևի, 30-ին ենք ճանաչում, մնացածը քվոտա են»։

Կնոջ տեղը չէ քաղաքականությունը

Կանանց իրավունքների պաշտպան Կարինե Դավթյանի խոսքով՝ հասարակությունում դեռ ընդունված չէ քաղաքականության մեջ կնոջ դերի բարձրացումը։ «Որոշակի նարատիվներ դեռ շրջանառվում են, թե կնոջ տեղը հիմնականում կրթության ոլորտում է»,- նշում է նա՝ հավելելով, որ գյուղական համայնքներում կարծրատիպերն ավելի խորն են։

Դավթյանն առանձնացնում է երեք հիմնական խոչընդոտ՝ հասարակության կարծրատիպերը, ընտանիքի կողմից ստեղծված արհեստական սահմանափակումները և կնոջ ինքնավստահության պակասը։ Նա ընդգծում է նաև, որ քաղաքականության մեջ մարդիկ հաճախ քննարկում են ոչ թե կնոջ կատարած աշխատանքը, այլ արտաքին տեսքը կամ հագուստը։

Հաջողության պատմություններ և հավասար մասնակցություն

2017 թվականից ի վեր Շիրակի մարզում կանանց ու աղջիկների համար կազմակերպվել են քաղաքական ճամբարներ, ուսուցողական այցեր Ազգային ժողով և նախարարություններ, ինչպես նաև 25-ից ավելի ծրագրեր համայնքային զարգացման համար։ Կարինե Դավթյանը նշում է, որ այդ նախաձեռնությունները նպաստել են կանանց տեսանելիության բարձրացմանը, ներգրավվածության մեծացմանը և որոշումների կայացման գործընթացում մասնակցությանը։ Շատ կանայք ինքնառաջադրվել են, ստացել առաջարկներ կուսակցություններից կամ բացել հասարակական կազմակերպություններ. «Հաջողության պատմություններ շատ ավելի շատ են»,- ընդգծում է նա։

Դավթյանը խորհուրդ է տալիս ոչ խտրականության մոտեցում ցուցաբերել ցանկացած անձի նկատմամբ, հատկապես՝ կանանց, և կարևորում է իրավական հիմքերի ապահովումը՝ 50/50 մասնակցության համար։ Նա նաև շեշտում է, որ Հայաստանը պետք է ակտիվորեն վավերացնի միջազգային փաստաթղթեր, որոնց միջոցով նաև կխթանվի կանանց քաղաքական մասնակցությունը։

Կանայք չեն առաջադրվում, որովհետև դա հավելյալ ծանր բեռ է

Քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խոսքով՝ Հայաքվեի խորհրդում անդամների 20%-ը կանայք են, սակայն վարչությունում՝ օպերատիվ կառավարման մարմնում, կանայք չկան։ «Խորհրդում ներկայացված կանանցից ոչ մեկը չէր ցանկացել զբաղվել ամենօրյա քաղաքական աշխատանքներով. դա լրացուցիչ, ծանր բեռ է»,- նշում է նա։ Չնայած կանանց խրախուսելու փորձերին, շատերը հրաժարվում են առաջադրվել, քանի որ դա պահանջում է շատ ժամանակ, էներգիա և հոգեբանական պատրաստվածություն։

Համակարգային հիշողությունն ամենադժվար փոխվողն է

Չալաբյանը բացատրում է՝ հասարակության արժեքներն ու պատկերացումները փոխվում են շատ դանդաղ՝ մեծ իներցիայով։ Հայաստանի դեպքում, եթե վերցնենք հասուն բնակչությանը՝ 2 միլիոն մարդ այդ արժեքների կրողն են։ Նոր արժեքներ ներարկելը շատ երկար գործընթաց է, և ցանկացած նոր արժեքի ներարկում դիմադրության է հանդիպում։

Նա հիշեցնում է, որ 50 տարի առաջ՝ կոմունիստական տարիներին, Հայաստանում քաղաքականության մեջ պրակտիկորեն չկային կանայք։ Ժամանակի ընթացքում աստիճանաբար փոխվում է, բայց այդ առաջընթացը միևնույն է բավական դանդաղ է, քանի որ բախվում է համակարգային հիշողության հետ։

Հայաստանում կանանց քաղաքական մասնակցությունը շարունակում է բախվել կարծրատիպերի, ինստիտուցիոնալ փակուղիների և «գայլային կանոնների»։ Քվոտաները փոխում են միայն համամասնությունը, իսկ իրական ազդեցությունը սահմանափակ է։ Ուղղակի հավասար մասնակցությունը բավարար չէ. անհրաժեշտ է մշակութային ու արժեքային խորքային վերափոխում, որը թույլ կտա կանանց իրական մասնակցություն ունենալ որոշումների ընդունմանը՝ առանց շարունակական «ապացուցման» պարտադրանքի։

Հոդվածը ստեղծվել է Participate and Promote Democracy Եվրամիության ծրագրի շրջանակում՝ Bright Future նիդեռլանդական կազմակերպության և Promising youth Հայաստանյան կազմակերպության անդամների կողմից։

Մարիամ Ասոյան, Հարություն Սարգսյան, Նունե Գրիգորյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test