«Առավոտի» հարցերին պատասխանում է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ի համահիմնադիր, խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը:
–Պարոն Ավագյան, վաղուց անդրադարձ չենք արել փոքր բիզնեսի ներկայացուցիչներին։ Ի՞նչ վիճակում են հիմա նրանք, ի վերջո, շրջանառության հարկի բողոքի ակցիաներ եղան, կառավարությունը հակադարձեց, հիմա այս ոլորտում հարթվե՞ց ամեն ինչ։
-Եթե կհիշեք, շրջանառության հարկի այս նախագիծն ընդունվեց 2024թ-ին, իսկ ուժի մեջ մտավ 2025 թ-ի հունվարի 1-ից։ Այն ժամանակ Ֆինանսների նախարարությունն ասում էր, թե այս օրենքը գալիս է արդարություն (ես այստեղ արդարություն բառը չակերտներով կօգտագործեի) վերականգնելու… Ասում էր՝ բավ է, փոքր բիզնեսները պետք է վճարեն հավասար հարկեր մեծերի հետ… Եվ այս նախագծի հիմքում ի սկզբանե դրված էր նաև նպատակ, որ լրացուցիչ մոտ 18 մլրդ եկամուտ կհավաքագրվի։
Հետո, երբ փոքր բիզնեսի ներկայացուցիչները դուրս եկան փողոց, բողոքի ակցիաներ իրականացրեցին, կառավարության ամենաբարձր ամբիոնից, ինչպես նաև տարբեր տրամաչափի պաշտոնյաներ սկսեցին իրենց ուղիղ եթերներով, հարթակներով համոզել մարդկանց, որ փոքր բիզնեսի հարկի բարձրացում տեղի չի ունեցել, և ներկա կառավարությունը ամենևին էլ նպատակ չի ունեցել հարկերը բարձրացնելու։ Նույնիսկ սկսել էին համոզել, որ նոր մոդելից օգտվելու դեպքում հարկերը, հակառակը, կիջնեն և դրա օրինակներ էին բերում։
Ցավոք, թվերը հակառակն են փաստում՝ ներկա կառավարության որոշումների հետևանքով փոքր բիզնեսի հարկային բեռը հստակ ավելացել է։
Մենք, որպես փոքր բիզնեսի շահերը ներկայացնող ասոցիացիա, բացի մեզ հայտնի իրական հատվածի վիճակից, խնդրել էինք ՊԵԿ-ին պաշտոնական թվեր տրամադրել՝ հենց շրջանառության հարկ վճարողների վիճակը հասկանալու համար։
Պաշտոնական թվերով ևս պատկերը այդքան էլ հուսադրող չէ։ Եթե դիտարկենք շրջանառության հարկ վճարող և բացառապես առևտրի ոլորտում գործողներին, ապա 2024թ-ի տարեկան արդյունքներով առևտրի ոլորտում գործողների շրջանառության հարկի արդյունավետ դրույքաչափը (արդյունավետ դրույքաչափ ասելով նկատի ունենք օրենքով սահմանված բոլոր նվազեցումները անելուց հետո ստացված հարկի տոկոսը շրջանառության նկատմամբ) կազմել է 2,47 տոկոս, իսկ 2025թ-ի կիսամյակային արդյունքներով այն կազմել է 2,60 տոկոս։ Այսինքն, այն պնդումները, որ հարկը կիջնի մինչև 1 տոկոս, չեն իրականացել. հարկը նույնիսկ բարձրացել է։
Այստեղ շատ հետաքրքիր է մյուս խնդիրը՝ առևտրի ոլորտում գործող շրջանառության հարկ վճարողների թիվն աճել է։ Օրինակ, 2024թ-ի հետ համեմատությամբ 2025թ-ի երկու եռամսյակների վերջում բացառապես առևտրի ոլորտում գործողների թիվն աճել է մոտ 9,000-ով։ Այստեղ առնվազն կարելի է ենթադրել, որ առևտրի ոլորտում ավելացած գործողների մեջ մեծ թիվ են կազմել տրոհվածները և մյուս թեզը, որ այս փոփոխությունները գալիս էին կանխելու այդ երևույթը, կարծես ևս չի ստացվել, այլ հակառակն է տեղի ունեցել։
-Իսկ բացի առևտրից, մյուս ոլորտներում ինչպիսի՞ն է պատկերը:
-Եթե դիտարկենք մյուս ոլորտները, գործող շրջանառության հարկ վճարողների մոտ հարկային բեռը ևս բարձրացել է։
Օրինակ, ամենածանր վիճակում գտնվող և, ցավոք, մեր երկրում փոքրամասնություն կազմող արտադրության ոլորտի փոքր բիզնեսների մոտ շրջանառության հարկի արդյունավետ դրույքաչափը 2024թ-ի արդյունքներով 3,5 տոկոսից բարձրացել է 4,81 տոկոսի, ինչն ավելի շատ է, քան առևտրի ոլորտում։ Հանրային սննդի ոլորտում հարկի դրույքաչափը նույնպես բարձրացել է 4,46-ից 5,60 տոկոսի։ Միևնույն ժամանակ թե՛ արտադրության, և թե՛ հանրային սննդի ոլորտում գործող շրջանառության հարկ վճարողների թիվը մոտ 800 տնտեսավարողով պակասել է։
Այս ամենից բացի, երբ փորձում ենք գնահատել իրական հարկային բեռ, պետք է հաշվի առնենք նաև այն ռեսուրսը, որը հիմա ծախսում է փոքր բիզնեսը նշյալ հարկային դրույքաչափերին մոտենալու համար նույնիսկ։ Այսինքն` սրան գումարվում են հուլիսի 1-ից թանկացած հաշվապահական, իրավաբանական ծառայությունները, որոնց թանկացումը ևս պայմանավորված էր հարկային օրենսդրության փոփոխություններով։ Հետևաբար` բացի նշյալ դրույքաչափերից պետք է հաշվի առնել, որ նախ ավելի շատ անհրաժեշտություն կա մասնագիտական ծառայությունների և ավելի շատ ենք վճարում դրանց դիմաց։
-Եթե ամփոփենք, ստացվում է, որ այս բարեփոխումը չի՞ ստացվել:
-Ինձ համար ամենաանհագստացնող փաստն այն է, որի մասին անընդհատ մեր բոլոր հանդիպումներին հիմնականում շեշտում ենք, որ նման լայնածավալ շահառուներ ունեցող օրենսդրական փոփոխությունները պետք է ուղեկցվեն խորը մտածված օրենսդրության ազդեցության գնահատականներով։ Դա չարեցին։ Ցավոք, վստահ եմ, որ հիմա էլ արդեն օրենքի կիրարկումից հետո, գոնե հետահայաց, առկա թվերի և իրողությունների վերլուծություն ևս չի արվում։ Ի՞նչ պատահեց մի քանի տասնյակ հազար փոքր բիզնեսների հետ, ի՞նչ վարքագծային փոփոխություններ տեղի ունեցան, ի՞նչ վնասներ, օգուտներ արձանագրվեցին, և, ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ այդ որոշումների արդյունքում քաղաքացու կամ սպառողի կյանքում։ Զրո հետևողականություն և հոգատարություն փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ։
Նույն այդ հարցման տվյալների համաձայն, 2025թ-ի առաջին կիսամյակի ամփոփումով մենք ունենք 12,000-ով ավելի քիչ ՓՄՁ սուբյեկտներ, քան ունեինք 2024թ-ի ավարտին։ Մոտ 20 տոկոսով նվազել է ընդհանուր ակտիվ տնտեսավարողների քանակը։
Կարող ենք արձանագրել, որ նման մոտեցումներով և անորոշ տնտեսական քաղաքականություններով մենք չենք զարգացնելու մեր երկրում փոքր և միջին ձեռնարկատիրությունը։ Ես տպավորություն ունեմ, որ փոքր ձեռնարկատիրություն զարգացնելն ընդհանրապես այսօրվա կառավարության օրակարգի առաջնահերթություններից չէ։
Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test