«Էքստրասենսությամբ ձեր քաղաքական թիմին ոչ ոք չի հասնի։ Ճիշտ է, միշտ սխալ տեղ եք խփում, բայց ամեն դեպքում՝ փորձում եք»,- ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում, հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։
«Տեսնում եք, փորձում եք սովորել, բայց լավ չեք սովորել դեռ»,- հեգնեց Արթուր Խաչատրյանը։
Փոխադարձ «կծմծոցի» պատճառը «Հայաստանի հանրապետության կառավարության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության կառավարության միջեւ 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկումն էր։ Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչեւ 26.000.000 եվրո վարկ՝ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության զարգացում. փուլ IV» ծրագրի համար եւ մինչեւ 2.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման եւ խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:
Վարկի նպատակը արեւային կուտակիչ կայանների հիմնումն է։
«Ես կոնկրետ հարց եմ տալիս՝ շահառուն քանի՞ տոկոսով է բանկից վարկ ստանալու»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ դժգոհելով, որ հարցը ներկայացնում է ոչ թե ֆինանսների նախարարը, այլ էկոնոմիկայի նախարարը։ Իր կարծիքով, եթե հարցը այս հանձնաժողովում է քննարկվում, ապա հիմնականում թվային ցուցանիշների քննարկում պետք է լիներ, ոչ թե ներկայացվեր, թե որտե՞ղ եւ ի՞նչ ենթակառուցվածքների համար է օգտագործվելու գումարը։
Գեւորգ Պապոյանը հակադարձեց՝ կարեւոր չէ ո՞ր նախարարն է ներկայացնում, որ նախարարն էլ ներկայացներ՝ կառավարությունն է ներկայացնում։
«Պարոն Պապոյան, հանգիստ եղեք, եթե հիմա ֆինանսների նախարարը ներկայացներ, պարոն Խաչատրյանն ասելու էր՝ հասկացանք տոկոս-բան, բայց մարդիկ չիմանա՞ն ինչի համար են էս վարկը վերցնում, ո՞ւր է գնալու ի վերջո, այդ նույն հարցերը հակառակ բովանդակության մասով կտրվեին»,-հեգնեց Ծովինար Վարդանյանը։
«Տիկին Վարդանյան, դուք էլ արդեն էքստրասենսոր հնարավորություն ունեցա՞ք, Նիկոլ Փաշինյանի նման, թե ես ինչ հարց կտայի»,- հակադարձեց Արթուր Խաչատրյանը։
Ծովինար Վարդանյանը պարզաբանեց՝ նախագիծն այն մասին է, որ երկու պետությունների միջեւ կնքված համաձայնագրի արդյունքում ունենալու ենք այսինչ ֆինանսավորումը։ Թե վարկառուն առեւտրային բանկից ի՞նչ տոկոսով կստանա գումարը, դա հետագա ընթացքի հարց է։
«Կարծում եք, որ պետությունը մտնում է պարտավորության տակ՝ առանց իմանալո՞ւ, թե ի վերջո քանի տոկոսով է գումարը հասնելու բանկին, շահառուին ինչքանո՞վ է տրվելու։ Բա որ հանկարծ պարզվի՝ 42,5 տոկոս է»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
«Եթե այդքան եղավ, շահառուն չի վերցնի»,- կարծում է Ծովինար Վարդանյանը։
Իսկ Արթուր Խաչատրյանը տարակուսում ՝՝ այդ դեպքում վարկը կմնա կառավարության վրա։
Ծովինար Վարդանյանն առաջարկեց՝ առանձին քննարկում կազմակերպել ԿԲ-ի հետ եւ փորձել մշակել սխեմաներ, որոնք կիրառելով հնարավոր կլինի քաղաքացիներին ավելի ցածր տոկոսներով վարկեր տալ։
«Եթե նստելը «Վարդաշեն» ՔԿՀ-ին չի վերաբերում, համաձայն եմ»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Արթուր Խաչատրյանին չի գոհացնում վարկերի տրամադրման մեխանիզմը՝ պետությունը վերցնում է գումարը՝ փոխանցում ԿԲ-ին, ԿԲ-ն այն բաշխում է առեւտրային բանկերին, որտեղից էլ այդ գումարները բաշխվում են շահառուներին․ արդյունքում, շահառուն մեծ տոկոսով վարկ է ստանում, քանի որ յուրաքանչյուր օղակը իր տոկոսադրույքն է հավելում այդ շղթայում։ Մինչդեռ, ըստ նրա, կան մեխանիզմներ, որոնց կիրառման պարագայում, շահառուներն ավելի ցածր տոկոսով վարկեր կարող են վերցնել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test