Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գեղհովիտի դպրոցը դեռ 2023-ին պետք է պատրաստ լիներ. նոր ժամկետ են սահմանել fip.am fip.am

time

Դեռևս 2021 թվականի հուլիսին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ֆեյսբուք սոցիալական ցանցում «հրաժեշտ» էր տալիս Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի թիվ 2 հիմնական դպրոցի խարխլված շենքին։

ՏԿԵՆ-ն այն ժամանակ խոստանում էր. «Նորակառույց դպրոցը կծառայի շուրջ 600 աշակերտի, կունենա ժամանակակից դասասենյակներ, հարմարավետ սպորտդահլիճ, հանդիսությունների սրահ, վերելակ, լիարժեք հարմարեցված կլինի ներառական կրթության համար»։

Այս հայտարարությունից չորս տարի է անցել, սակայն դպրոցի շինարարությունը չի ավարտվել, իսկ երեխաները խոստացված «ժամանակակից դասասենյակներով» դպրոցում դասեր չեն անում։

Տավուշի մարզի՝ նույն վիճակում հայտնված Դովեղի դպրոցի մասին «Փաստերի ստուգման հարթակի» անդրադարձից հետո Գեղհովիստ գյուղի բնակիչները խնդրել էին պարզել՝ ինչ է կատարվում իրենց գյուղի դպրոցի շինարարության հետ և ինչու մինչև այժմ դպրոցը չի հանձնվում շահագործման։

Գեղհովիտ գյուղում 20-րդ դարի կեսերից գործող թիվ 2 միջնակարգ դպրոցը, որտեղ սովորել է 500 և ավելի աշակերտ, 20 տարի 4-րդ կարգի վթարայնություն է ունեցել: Դպրոցի երկու մասնաշենքում էլ արգելված է եղել դասապրոցես կազմակերպելը։

2020 թվականից, որպես ժամանակավոր լուծում, որոշվել էր ուսումնական պրոցեսը կազմակերպել գյուղի մյուս՝ թիվ 1 միջնակարգ դպրոցում երկրորդ հերթափոխով այնքան ժամանակ, մինչև նոր դպրոցը կկառուցվի։

Նույն տարվա դեկտեմբերին ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի և «Վարարակն» ընկերության միջև կնքվում է պայմանագիր՝ Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցը կառուցելու համար։ Պայմանագրի արժեքը 1,4 մլրդ դրամ է եղել, իսկ ընկերությունը պարտավորվել է դպրոցի շենքը շահագործման հանձնել 2023 թվականին։

Դպրոցի հին մասնաշենքերն ու կաթսայատունը պետք է քանդվեին, կառուցվելու էր 5 մասնաշենք, մարզադահլիճ, իսկ շենքի արտաքին պատերը պետք է լինեին ջերմամեկուսացմամբ։

Դպրոցը կառուցվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի` ավելի քան 1 միլիարդ դրամ ներդրմամբ։ Դեռևս 2024 թվականի օգոստոսին Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացրել էր, որ այդ պահին շինաշխատանքներն իրականացվել են 58 տոկոսով և կավարտվեն 2025-ի օգոստոսին։ Մարզպետն էլ այցելել էր շինհրապարակ ու հրահանգել «անել հնարավորը, որպեսզի կառույցը շահագործման հանձնվի սահմանված ժամկետներում և պահանջվող որակին համապատասխան»։

Մարզպետի հրահանգը, սակայն չի կատարվել, և 2021 թվականից մեկնարկած շինարարությունն այժմ կանգ է առել։ «Շինարարությունն իրականացնող կազմակերպությունը հավաքել է ամբողջ տեխնիկան ու գնացել ու արդեն 5 ամիս է՝ ոչ մի շինարարություն չի կատարվել դպրոցի տարածքում»,- FIP.am-ին փոխանցեց դպրոցի տնօրեն Մանվել Սաֆարյանը։

Fip.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան Տարածքային զարգացման հիմնադրամից պատասխանել են, որ 2020 թվականի դեկտեմբերին հայտարարված դպրոցի կառուցման բաց մրցույթի պայմաններով հաղթող է ընտրվել «Վարարակն» ՓԲ ընկերությունը՝ նվազագույն գնային առաջարկի և որակավորման համապատասխանության հիման վրա։

Նոր դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար։ «Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանել 780 օր։ Պայմանագրով աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է 1 մլրդ 196 մլն 397 հազար դրամ։ Շինարարության մեկնարկից սկսած կապալառու ընկերությանը թե գրավոր, թե բանավոր բազմիցս զգուշացվել է՝ խստորեն հետևել շինարարության կատարման ժամանակացույցին։

Հետագայում, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արձանագրության հիման վրա պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 18.08.2025 թվականը։ Սակայն կապալառու ընկերությունը շարունակել է խախտել կատարվող աշխատանքների ժամկետները», — պատասխանել են հիմնադրամից։

Կապալառու «Վարարակն» ընկերությունը պատկանում է Գորիսում հայտնի Բուդաղյանների ընտանիքին։ Տնօրենը Անդրանիկ Բուդաղյանն է, որը ռազմական գործիչ, գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է։

Մինչև այժմ այս ընկերությանը դպրոցի կառուցման համար կատարված աշխատանքի դիմաց վճարվել է 428,5 մլն դրամ։

2025 թվականի հուլիսին Հայաստանի տարածքային հիմնադրամի և «Վարարակն» ընկերության միջև կնքվում է համաձայնագիր դպրոցի կառուցման պայմանագիրը լուծելու մասին։ Պատճառը՝ «առկա են պայմանագրի էական խախտումներ, և կանխավճարը չի օգտագործվել աշխատանքների մոբիլիզացման վրա»։

Իսկ կանխավճարը՝ ավելի քան 112 մլն դրամ, ըստ պայմանագրի լուծման մասին համաձայնագրի, ենթակա է վերադարձման։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից տեղեկացրին, որ նախատեսվող ամբողջ գումարը ընկերությունը վերադարձրել է

Տարածքային զարգացման հիմնադրամից տեղեկացրել էին, որ Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի կառուցման մնացորդային աշխատանքների գնման համար հայտարարվել է նոր մրցույթ։ Սակայն մանրամասներ չէին փոխանցել։

Fip.am-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնման մրցույթը հայտարարվել է այս տարվա օգոստոսին, և սեպտեմբերի 23-ին արդեն հայտնի է դարձել, որ մրցույթին մասնակցած երկու ընկերություններից հաղթել է մեկը՝ «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերությունը։ Պայմանագրի արժեքը կազմում է շուրջ 1.2 մլրդ դրամ։ Այսինքն՝ այս գումարի շրջանակներում ընկերությունը պետք է 280 օրվա ընթացքում ավարտի Գեղհովիտի միջնակարգ դպրոցի շինարարական մնացորդային աշխատանքները։

Իսկ այդ աշխատանքները շատ են։ Դպրոցի տնօրեն Մանվել Սաֆարյանն ասում է՝ դպրոցի աշակերտական մասնաշենքի քարե կմախքը կա, տանիքը չկա, իսկ մյուս երկու մասնաշենքի սյուներն են կանգնած միայն,, մարզադահլիճում հսկայական աշխատանք կա անելու։

«Արդեն սկսել են շինանյութը տեղափոխել, բերում են տեխնիկան։ Շինարարների բրիգադի երիտասարդին եմ տեսել շինհրապարակում, խոսել հետը, ասաց ամեն ինչ լավ կլինի, արագ կաշխատենք նոր ուսումնական տարում կհասցնենք։ Եսիմ, հույս կա, որ կկառուցվի դպրոցը», — ասում է դպրոցի տնօրենը։

Հասմիկ Համբարձումյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test