Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փախուստ Երևանի կեղտոտ օդից․ ամուսինները որոշել են մշակութային Դիսնեյլենդ հիմնել sputnik sputnik

time
Փախուստ Երևանի կեղտոտ օդից․ ամուսինները որոշել են մշակութային Դիսնեյլենդ հիմնել
Երևանի գերխիտ բնակեցումը, աղտոտված օդը, անվերջ խցանումները պատճառ դարձան, որ Երևանում ծնված ու մեծացած 26-ամյա Էլեն Միքայելյանն ու ամուսինը որոշեն գյուղում տուն կառուցել։ Ընտրեցին Արագածոտնի մարզի Աղձք գյուղը։ Հետո գումարվեց Էլենի գաղափարը՝ Հայաստանում հիմնել ազգային խոհարարական դպրոց, մշակութային կենտրոն, որտեղ զբոսաշրջիկները կկարողանան ոչ թե ուղղակի տեսնել և համտեսել՝ ինչպես է այս կամ այն ուտեստը պատրաստվում, այլ կսովորեն դա անել։ Պարզ էր՝ ոչ միայն տունն է լինելու գյուղում, այլև կենտրոնը։ Զարմանալին այն է, որ ազգային խոհարարական դպրոցի գաղափարը ծնվեց Հայաստանից հեռու, երբ Էլենը գործուղման էր Թաիլանդում։
«Միշտ սիրում եմ տեղական մշակույթին ծանոթանալ, որոշեցի այնտեղ խոհարարական դպրոց գնալ։ Շատ հետաքրքիր էր. հենց մուտքից ծանոթանում էինք տեղական մշակույթին։ Մեզ դիմավորեցին փոքրիկ, ազգային աղանդերով, հետո ամբողջական ճաշացանկի ուտեսների պատրաստմանն անցանք՝ աղցան, հիմնական ուտեստ, խորտիկներ, աղանդեր։ Դա մի 2-3 ժամ է տևում, կային տարբեր փաթեթներ, նաև հնարավոր էր ամբողջ օրվա տարբերակ ընտրել։ Գլխումս անընդհատ այն միտքն էր պտտվում՝ ինչո՞ւ Հայաստանում չունենալ նման մի բան»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Էլենը։
Մտքով այնքան ոգեշնչվեց, որ Հայաստան վերադառնալուց հետո սկսեց աշխատանքները` ուսումնասիրել հայկական ազգային խոհանոցը, առանձնացնել հիմնական ուտեստներ, գտնել դրանց համար բնիկ հայկական բաղադրատոմսեր և այլն։ Զուգահեռ ամուսնու հետ սկսեցին Աղձքում և մոտակա գյուղերում դպրոցի համար տարածք փնտրել և դրամահավաք նախաձեռնեցին «ՌեԱրմենիա» հարթակում։ Կենտրոնի անունն արագ գտավ՝ «հանի», որ գրաբարից թարգմանաբար նշանակում է «մեծ մայր, տատ», որովհետև այս դպրոց-կենտրոնը դառնալու է վայր մեր նախատատերի բաղադրատոմսերը վերակենդանացնելու, պահպանելու և տարածելու համար։
Քանի որ Էլենն արդեն մի քանի տարի է՝ աշխատում է ստարտափների հետ՝ կառուցելով նորարական տեխնոլոգիական էկոհամակարգեր, գիտի՝ լավ գաղափարը դեռ բավական չէ, որ արագ հաջողություն ունենա։ Ճանապարհը կարող է դժվար ու փշոտ լինել, բայց պատրաստ է դրան։ Գլխում ամեն բան արդեն գծել է։
«Մենք փոքրից ենք սկսելու, բայց երկարաժամկետ հեռանկարում մի գյուղաքաղաք ստեղծելն է, որտեղ հայկական ամբողջ մշակույթը ներառված կլինի։ Եթե կարճ համեմատություն բերենք, Դիսնեյլենդը ո՞նց է, երեխաների համար ամենացանկալի վայրն է, որտեղ ժամանցի համար ամեն ինչ կա։ Այդպիսի ատրակցիոնային պարկ ենք ուզում ստանալ այստեղ, որ ամբողջ աշխարհից մարդիկ գան ու այստեղ հայկական մշակույթը բացահայտեն, կարողանան ժամեր կամ մի ամբողջ լիարժեք օր անցկացնել, խոհանոցից զատ կլինի երգ, պար, գորգագործություն, գինեգործություն և այլն»,- նշում է Էլենը։
Դպրոցի հիմնադրման վայրի ընտրության հարցում շատ բծախնդիր է, ասում է՝ այդտեղից այնպիսի տեսարան պետք է բացվի, որ մարդիկ կանգնեն, նայեն, գեղեցկությունից շունչները կտրվի։ Մարզում նման կենտրոնի ստեղծումը հնարավորություն կլինի նաև տեղաբնակների համար․ դասերի ժամանակ կօգտագործվի գյուղացիների արտադրանքը, բացի այդ տարածքում զբոսաշրջային շարժի ակտիվացումը այլ ենթակառուցվածքների զարգացման հնարավորություն էլ կստեղծի, աշխատատեղեր կհիմնվեն։
Ընկերները երբեմն ասում են՝ բա քեզ պե՞տք էր, գնայիր, քո IT ոլորտում հանգիստ աշխատեիր։ Ինքն էլ վստահ պատասխանում է՝ այո՛, պետք էր։ Գլոբալիզացիայի այս շրջանում հայկականի, ազգայինի պահպանումն ավելի կարևոր ու թանկ է դարձել։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test