2026–ի ԱԺ ընտրություններում գաղափարական պայքար չի լինելու. քաղտեխնոլոգը բացատրել է պատճառը
sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik․ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի լինելու գաղափարական պայքար. Եվրամիությունը, գլոբալիստները ամեն ինչ անելու են, որպեսզի գործող իշխանությունը կարողանա պահպանել իր իշխանությունը, անկախ նրանից` Հայաստանում կլինե՞ն ձևավորված նոր ուժեր, թե՞ ոչ։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա խոսքով` Մոլդովայում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ աշխարհաքաղաքական այսօրվա պայմաններում ընտրությունները դադարել են լինել նոր ու հին ուժերի, աջերի կամ ձախերի գաղափարական ծրագրերի պայքար։
Խնդիրը սրվում է` հաշվի առնելով, որ Հայաստանը գլոբալիստների տոտալ հսկողության տակ գտնվող տարածք է, որն իրականացնում է կարևոր ծրագիր։ Մասնավորապես, Արցախի հարցը փակվել է, հիմա քննարկվում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որի շահառուն Թուրքիան, Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան և Իսրայելն են։
«Եթե այս պահին չկա որևիցե կոնցեպցիա, թե ինչպես հակադարձել Մոլդովայի տարբերակին, ապա ամեն ինչ անօգուտ է։ Մոլդովայի տարբերակ ասելով բոլորը, չգիտես ինչու, հասկանում են դրսից ձայներ բերել, լցնելը։ Հայաստանում դա չի աշխատելու, որովհետև Սահմանադրությամբ սփյուռքն իրավունք չունի մասնակցել ընտրություններին։ Իրականում դա վարչական ռեսուրսով այս կամ այն քաղաքական ուժին, ընտրական գործընթացին մասնակցել թույլ տալը կամ թույլ չտալն է։ Թույլ չտալու դեպքում տվյալ ուժի ամբողջ քարոզարշավը դե ֆակտո ի չիք է դառնում,»,–ասաց քաղտեխնոլոգը։
Նա շեշտեց, որ նոր ձևավորված ուժերը կարող են բավականին լավ քարոզարշավ իրականացնել, բայց չկա երաշխիք, որ նրանց թույլ կտան մասնակցել ընտրություններին։
Անդրադառնալով նորաստեղծ ուժերի կողմից արցախցիների իրավունքների, նրանց վերադարձի իրավունքի մասին հայտարարություններին` Բադալյանը շեշտեց, որ Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ստորագրված եռակողմ փաստաթղթում կա կետ, որով Հայաստանն ու Ադրբեջանն իրենց երկրների ներսում պետք է պայքարեն այսպես կոչված ռևանշիստական ուժերի դեմ, ուստի իշխանությունները, հենվելով այդ կետի վրա, կարող են չգրանցել այս կամ այն ուժին։
«Այն ուժերը, որոնք իշխանությունների համար վտանգավոր չեն կամ խորհրդարանում ընդամենը մի քանի տեղ կարող են վերցնել, դրանք միանշանակ կմասնակցեն ընտրություններին, հատկապես, եթե խոսքը արևմտամետ ուժերի մասին է, իսկ եթե կլինեն ուժեր, որոնք իրականում կարող են պայքարել խորհրդարանում լուրջ ազդեցություն ունենալու, ընդհուպ` մինչև իշխանափոխության համար, նրանց մասնակցությունն ընտրություններին կասկածի տակ է դրվում»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ
Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, ինչպես նաև
«Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, որը կալանքի տակ է հունիսի 18–ից։