Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ո՞ւմ հաշվին է կառավարությունն իրեն այսպիսի ճոխություններ թույլ տալիս 168.am 168.am

time
Ո՞ւմ հաշվին է կառավարությունն իրեն այսպիսի ճոխություններ թույլ տալիս

Հիփոթեքային վարկերի տոկոսները փոխհատուցելու համար այս տարի կառավարությունը պատրաստվում է պետական բյուջեից ահռելի գումարներ հատկացնել։

Խոսքը շուրջ 254 մլն դոլարի մասին է։ Նախորդ տարվա համեմատ հատկացումները կտրուկ ավելացել են։ Չնայած նախորդ տարի էլ բավական խոշոր գումարներ էին տրամադրել եկամտային հարկի գումարները վերադարձնելուն, փոխհատուցումը կազմել էր շուրջ 179 մլն դոլար։

Այս տարի փոխհատուցվող գումարը 75 միլիոնով ավելացել է։ Ու քանի որ բյուջեով այդ նպատակի համար նախատեսված միջոցները պակասություն են արել, օրերս կառավարությունը որոշեց հերթական լավությունն անել հիփոթեքով բնակարան ձեռք բերողներին։ Լրացուցիչ 12 մլրդ 587 մլն դրամ կամ շուրջ 33 մլն դոլար հատկացվեց հիփոթեքային վարկերի տոկոսների վերադարձի համար։

Կառավարության որոշման հիմնավորումն այն է, որ անցած տարվա վերջին ամիսներին արձանագրվել է վարկառուների կտրուկ աճ, որը հանգեցրել է վերադարձման ենթակա գումարների ծավալների սպասվածից ավելի մեծ աճի, որով էլ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել այս տարվա չորրորդ եռամսյակում նախատեսել լրացուցիչ միջոցներ՝ պետական բյուջեի վրա առաջացած պարտավորությունները կատարելու համար։

Տարեսկզբի 9 ամիսներին բյուջեից հիփոթեքի ծրագրով արդեն վերադարձվել է այնքան գումար, ինչքան անցած ամբողջ տարվա ընթացքում։ Մինչև տարեվերջ դեռ մի քանի տասնյակ միլիոն դոլարի վերադարձ կիրականացվի։

Ընդհանուր առմամբ 2 տարվա ընթացքում եկամտային հարկի վերադարձի գումարները կհասնեն 433 մլն դոլարի։ Այդքան գումար կտրամադրվի նրանց, ովքեր որոշել են հիփոթեքով բնակարան ձեռք բերել։ Իսկ դրանց մեջ, ինչպես գիտեք, քիչ չեն այսօրվա իշխանությունների ներկայացուցիչներն ու նրանց հետ կապված քաղաքացիները, ովքեր պետության հաշվին լուծում են իրենց բնակարանային խնդիրները։ Երբեմն էլ տարբեր ճանապարհներով մեկի փոխարեն՝ մի քանի բնակարան են ձեռք բերում, ու պետությունը վճարում է նրանց վարկերի տոկոսները։ Վճարում է, որովհետև այդպես են որոշել այսօրվա իշխանավորները։

Որոշում ընդունողն էլ, չընդունողն էլ՝ իրենք են։ Ու այնպես են արել, որ այդ որոշումը բխի ոչ թե հասարակության սոցիալապես անապահովների, այլ իրենց շահերից։ Զարմանալի չէ, որ մեկ մարդու նման՝ բոլորը հիփոթեքով բնակարան են գնել։ Բարձրացրեք ցանկացած ՔՊ-ականի եկամուտների հայտարարագիրը, պարտադիր առնվազն մեկ բնակարան ունի ձեռք բերված հիփոթեքով։

Այն հսկայական գումարները, որոնք այսօր պետական բյուջեն վճարում է եկամտային հարկը վերադարձնելու տեսքով, այս բնակարանների հիփոթեքի տոկոսները փակելու համար են։ Քիչ է, բարձր աշխատավարձեր են ստանում, պարգևավճար են ստանում, մի բան էլ պետությունից հետ են ստանում եկամտային հարկի գումարները, որոնցով փակում են հիփոթեքի տոկոսները։

Սրանով իշխանություններն իրենք իրենց նվեր են արել, պետությունից տարեկան միլիոնավոր դրամներ են կորզում։ Այդ «նվիրատվությունից» վերջերս որոշեց օգտվել նաև Նիկոլ Փաշինյանը՝ վաճառեց իր նախկին բնակարանն ու պետության հաշվին սուբսիդավորվող նոր բնակարան գնեց։

Զարմանալի չէ, որ այսքանից հետո պետական բյուջեն հսկայական գումարներ է շռայլում այս ծրագրի շահառուների համար։ Ծրագիր, որից կարողանում են օգտվել բացառապես նրանք, ովքեր մեծ եկամուտներ են ստանում։

Թվում է, թե պետության կողմից հովանավորվող նման ծրագրերը պետք է լինեին բացապես սոցիալական ուղղվածության, բայց հակառակն է։ Իշխանությունները մեծ գումարներ են վճարում, որպեսզի բարձր եկամուտներ ունեցողները պետության հաշվին բնակարան կարողանան ձեռք բերել, իսկ ցածր եկամուտներ ունեցողները, որոնք հիմնականում սոցիալական խոցելի խմբերն են, շարունակեն զրկված լինել այդ հնարավորությունից։

Այսպիսի ծրագրերն են, որ խորացնում են հասարակության սոցիալական բևեռացումը, ինչը գուցե միշտ էլ եղել է, բայց վերջին տարիներին ավելի ակնառու է դարձել՝ ահա այսպիսի «արդար սոցիալական» քաղաքականության արդյունքում։ Սա իշխանության իրականացրած այդ քաղաքականության ամենևին էլ միակ օրինակը չէ։ Նույնն արեցին նաև աշխատավարձից եկամտային հարկի վճարման պարագայում, երբ սահմանեցին համահարթ դրույքաչափեր՝ բոլորի համար։

Գոնե այլ սոցիալական ծրագրերով նպաստեին խոցելի խմբերի եկամուտների ավելացմանը, դա էլ չարեցին։ 7 տարում ընդամենը 6000 դրամով հազիվ բարեհաճեցին թոշակներն ու նպաստներն ավելացնել։ Հիմա էլ փորձում են հետվճարով կերակրել թոշակառուներին։

Հիփոթեքի տոկոսների գծով իրենք տարեկան մի քանի միլիոն դրամ են հետ ստանում պետական բյուջեից, իսկ թոշակառուներին պարտադրում են անկախիկ առևտուր անել, որ մի քանի հազար դրամ հետ վերադարձնեն։

Պետական բյուջեն դարձրել են սեփական գրպանը և օրինական ու ոչ օրինական միջոցներով յուրացնում են։ Կարծես այդ գումարներն իրենց հոր տնից են բերել։

Այն 254 մլն դոլարը, որը միայն այս տարի պիտի վճարեն հիփոթեքի գծով եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար, բավարար կլիներ բազային թոշակը գրեթե կրկնապատկելու համար։ Բայց բազային թոշակը կրկնապատկելու փոխարեն՝ իրենց հիփոթեքի տոկոսներն են փակում։ Այդքանից հետո խոսում են թոշակները բարձրացնելու համար գումարներ չլինելու մասին։

Առիթի դեպքում Նիկոլ Փաշինյանն արդարանում է, որ եթե պետական համակարգի աշխատողներին ընդհանրապես աշխատավարձ չվճարեն, այդ գումարով հնարավոր կլինի թոշակներն ավելացնել հազիվ 1-2 հազար դրամով։ Իսկ այն գումարների մասին, որոնք այսպես առատորեն ծախսում են իրենց ու իրենց շրջապատի վրա, մոռանում են։

Անցած 6-7 տարիներին հիփոթեքի տոկոսները փակելու համար 1 մլրդ դոլարից ավելի գումար են տվել պետական բյուջեից։ Այդ գումարը գնացել է պաշտոնյաների, իշխանության տարբեր ներկայացուցիչների, բանկային համակարգի, ՏՏ-ի, մի քանի այլ ոլորտներում զբաղվածների գնած բնակարանների հիփոթեքային վարկերի տոկոսների սուբսիդավորմանը։

Մեկը չի հարցնում, իսկ ինչո՞ւ պիտի պետությունն իր վրա վերցներ այս մարդկանց բնակարանների ձեռքբերման բեռը, եթե առանց այդ էլ, նրանք այնքան եկամուտներ են ստանում, որ դա կարող էին անել նաև առանց պետության օժանդակության։

Հասարակության բազմաթիվ այլ շերտեր այդ գումարների շատ ավելի մեծ կարիքն ունեին։ Եվ ինչո՞ւ միայն նրանք, բազմաթիվ ոլորտներում այսօր ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կա, բայց գումար չկա, որովհետև իշխանությունները որոշել են այսպիսի շռայություններ անել իրենց ու հասարակության առավել ապահով խմբերի համար։

Միջոցներ չլինելու պատճառով հսկայական պարտքեր են վերցնում, բեռ են դնում պետության վրա, բայց կարող են իրենց թույլ տալ տարեկան 254 մլն դոլար տրամադրել՝ հիփոթեքի տոկոսները փակելու համար, այն էլ ո՛չ 1, ո՛չ 2, ո՛չ էլ 3 տարի։ Հսկայական բեռ են դրել պետության վրա, որը դեռ տասնյակ տարիներ պիտի փակվի։ Ընդ որում, ինչպես տեսնում ենք, տարեցտարի այդ բեռն ավելանում է ու ծանրանում բյուջեի վրա։

Սա պետական միջոցների ռեկետ չէ, ի՞նչ է։ Ի՞նչ պակաս կոռուպցիա է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test