Ոչ միայն անտանելի հոտն է հուշում, որ Հայաստանի ամենամեծ աղբավայրն է այրվում, այլ նաև Երևանի Նուբարաշեն թաղամասում գոյացող խիտ մառախուղը, որ քամիներն են այստեղ հասցնում։ Նուբարաշենցիներն այս օրերին մի կերպ են դիմանում թունավոր ծխի մեծ ալիքներին, հատկապես երեկոյան ժամերին։
«Ժողովուրդը մեղք են, երեկ բոլորս կոտորվում էինք արդեն, խեղդվում էինք», - «Ազատությանն» ասաց քաղաքացիներից մեկը:
Երեկվանից Նուբարաշենի աղբավայրը ծխի մեջ է:
Չնայած քաղաքային իշխանությունները հայտարարեցին, որ հրդեհը երեկ երեկոյան մարվել է, այսօր դեռ շարունակվում են առանձին օջախների մարման աշխատանքները, վտանգավոր հատվածները հողով են ծածկվում:
Ցերեկը «Ազատության» նկարահանման պահին ծխի մեծ ամպերը դեռ բարձրանում էին աղբավայրից:
Մինչ այդ քաղաքի տարբեր վարչական շրջաններից մինչև անգամ աղբավայրից կիլոմետրեր հեռու Արաբկիրից, Դավթաշենից, Ավանից մարդիկ ահազանգում են ծխի տհաճ հոտի, աղտոտված օդի մասին։
Կեսօրին քաղաքապետարանից շնչառական խնդիրներ ունեցող քաղաքացիներին խորհուրդ տվեցին սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը, մարզվողներին էլ՝ դրսում սպորտով չզբաղվել։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը կեսօրին հայտնեց, որ կենտրոնում ժամը 11։00-ի դրությամբ օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ է արձանագրվել, իսկ մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի լավ է: Ժամեր անց հենց ծխացող աղբավայրից Ավինյանը պնդում էր, թե օդի որակը բարելավվել է. «Քամիների փոփոխությամբ պայմանավորված դա կարող է տարբեր ժամերին տարբեր պատկեր մեզ տալ»:
Առողջապահության նախարարությունից էլ էին քաղաքացիներին կոչ արել մնալ փակ տարածքներում կամ պաշտպանիչ դիմակներ կրել։ Շեշտել էին՝ օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես երեխաների, տարեցների, հղի կանանց, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձանց վրա։
Չնայած նախարարության զգուշացումներին, այսօր և վաղը Երևանում բազմամարդ միջոցառումներ են նախատեսված, մայրաքաղաքի հիմնադրման 2807-ամյակի տոնոկատարությունները չեն չեղարկվելու։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, հանրային առողջապահության փորձագետ Քրիստինա Վարդանյանը խնդրահարույց է համարում քաղաքային իշխանությունների որոշումը։
«Երևանի քաղաքապետարանն այսօր այս աղետի մեջ համերգ է կազմակերպում, որ մարդկանց հավաքի Հանրապետության հրապարակում, այն պարագայում, որ Առողջապահության նախարարությունը հորդորում է մնալ տանը: Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը ո՞նց է վերաբերվում և որևէ ձայն անգամ չի հանում այն ամենին, ինչ կատարվում է, չէ՞ որ սրանք լրջագույն հետևանքներ են առողջության համար», - նշեց Վարդանյանը:
Փորձագետը հավելեց՝ աղբավայրը ռումբ է քաղաքի սրտում, այն օր առաջ պետք է փակել. «Երևանի մասին երգ, տոն՝ շատ լավ է, բայց չենք կարող այդ ամենն անել՝ զոհասեղանին դնելով մեր երեխաների առողջությունն առաջին հերթին, այսինքն՝ պետք է գիտակցենք, որ կան խնդիրներ, որոնք առաջնային լուծում են պահանջում»:
Քաղաքային իշխանությունները Նուբարաշենի աղբավայրը փակելու մասին պարբերաբար են խոսում։
«Շատ լավ կլինի, որ փակվի, այդ խոստումներն իրականություն դառնան, որովհետև առողջության հարց է դա արդեն, կյանքի հարց է», - ասաց Երևանի բնակիչներից մեկը:
Մյուսն էլ հավելեց՝ 5 տարուց ավելի է՝ նման խոստումներ են լսում:
Քաղաքապետը երեկ էլ խոստացավ՝ այս տարի կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի առաջին փուլը կհայտարարվի՝ առանց հստակեցնելու՝ երբ է փակվելու Նուբարաշենի աղբավայրը։ Մինչ այդ առնվազն երեք անգամ հետաձգվել են աղբանոցի շինարարությունը սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետները։
«Սա է այն համակարգային լուծումը, որը մեկընդմիշտ փակելու է Նուբարաշենի աղբավայրի էջը», - ասաց քաղաքապետ Ավինյանը:
Հայաստանի ամենամեծ աղբավայրում հրդեհները պարբերական են։ Վերջին խոշոր հրդեհն ամռան վերջին էր բռնկվել ու տևեց մի քանի օր։ Եթե դրա բռնկման համար քաղաքային իշխանությունները որևէ մեկին հանրային չմեղադրեցին, ապա այս մեկի դեպքում քաղաքապետը հայտարարեց՝ հրդեհը ոչ թե պատահականության, այլ դիտավորության հետևանք է։ Տիգրան Ավինյանը, սակայն, չէր բացահայտել՝ ինչն է նման պնդման հիմք հանդիսացել, միայն ասաց, թե այդ հարցով խոսել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ներքին գործերի նախարարի հետ։
«Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ», - երեկ նշեց նա:
Այսօր արդեն Քննչական կոմիտեն հայտնեց, որ հրդեհի դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու հոդվածով։ Դեռ ձերբակալված չկա։ Իսկ աղբավայրում ակտիվ օջախները մարելու աշխատանքները նաև գիշերը կշարունակվեն:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test