Երբ մրգավաճառից դդում եք գնում, անպայման հետաքրքրվեք՝ ինտելեկտուա՞լ է այն, թե՞ սովորական: Ուշադիր կարդացեք, թե ինչ է գրված գնապիտակի վրա: Ինձ մի անգամ դդում է պատահել, որի գնապիտակին գրված էր՝ Intelligent product: Made in Turkey: Բնականաբար, չգնեցի: Հենց խանութից զանգահարեցի կնոջս. «Սիրելիս, այսօրվա մենյուն փոխիր, դդում չկա»: Խնդիրը, իհարկե, այն չէր, որ տվյալ բանջարեղենը Թուրքիայում էր աճեցվել: Ես, որ ղափամայի մեծ գիտակ ու գնահատող եմ, զգուշացա Intelligent product արտահայտությունից: Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս զգուշանալ, որովհետեւ իսկական ղափաման դատարկ կամ սովորական դդումից են պատրաստում:
Իսկ հիմա բանջարաբոստանային կուլտուրաների թեման դնենք մի կողմ ու անցնենք բուն ասելիքին: Այսօր ես կուզենայի խոսենք այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ դատարկ ինտելեկտուալը կամ, ավելի ճիշտ, ինտելեկտուալ դատարկությունը գրիչ ճոճի մեր անկախության տարիներին իրենց անդուլ աշխատանքով իսկապես կայացած եզակի ինտելեկտուալ մարդկանց ուղղությամբ: «Ցիրկն» էն խոսքը չէ: Սա ճիշտ այն դեպքն է, երբ ուղղակի պետք է հարցնել՝ բա այսքանից հետո մեզ կրկես պե՞տք ա:
Ճակատագիրն ինձ շատ խմբագրություններով է տարուբերել՝ «Ավանգարդ», «Երեւանի համալսարան», «Դպրություն», «Երկիր», «Հայ զինվոր», «Հանդիպում», «Դրոշակ», այսօր՝ «Հրապարակ»: Շատ գլխավոր խմբագիրների էլ գիտեմ իրենց թերթերից ու լրատվամիջոցներից. «Ազգ», «Առավոտ», «Իրավունք», «168 ժամ», «Հայելի», «Ժամանակ», «Չորրորդ իշխանություն», անգամ՝ «Հայկական ժամանակ»: Անունները չտամ, բոլորին էլ գիտեք, ճանաչում եք, շփվել եք: Ո՞վ իրեն հուզող հարցով մի թղթակցություն չի տարել որեւէ խմբագրություն, որ հրապարակեն, որ իր խնդրին լուծում տան, օգնեն իրեն՝ դուրս գալու անարդարության սարդոստայնից: Ժամանակներ, ժամանակներ… Եվ թերթերի կայացման հետ պետությունն էր կայանում կամաց-կամաց, եւ կամաց-կամաց ծնվում էր այդ պետության քաղաքացին, որ դարերով, չեմ վախենա այս բառն օգտագործել՝ դարերով, ո՛չ անկախություն էր տեսել, ո՛չ էլ գիտեր, թե անկախ երկրի քաղաքացին ինչ է:
Կարող եք հարցնել՝ ինչո՞ւ ես գրում այս հանրահայտ ճշմարտության մասին, ո՞վ չգիտի այդ ամենը: Չիմացողներ, սիրելի ընթերցող, պատկերացրու՝ կան: Կան, եւ, ցավոք սրտի, դրանք հայտնի դեմքեր են՝ պետական վերին էշելոններում հանգրվանած: Իրենց կյանքում դա պատահական է ստացվել, ճիշտ է, բայց, ամեն դեպքում, նրանցից ոմանք այսօր պետություն եւ անգամ խմբագիր-վարչապետ են ներկայացնում: Զորօրինակ, ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրահայտ ղեկավար Արայիկ Հարությունյանը: Երբեւէ ճանաչե՞լ եք այդպիսի ինտելեկտուալի: Կարդացեք կենսագրությունը՝ տարիներով թրեւ է եկել հայ-թուրքական հաշտեցման ինչ-որ խմբերում… Առաջին բարձր պաշտոնը ԿԳՄՍ նախարարի պաշտոնն է եղել, որտեղից դուրս թռավ շամպայնի խցանի պես՝ քանզի ինտելեկտուալ չէր ու չէր հասկանում ազգային կրթության ու գիտության դերը ազգային պետության կյանքում: Այնքան ինտելեկտուալ չէր, որ անտեղյակության պատճառով «թավշյա խեղկատակությամբ» հիացած հայկական սփյուռքը առաջինը հենց նրան սուլեց ու վռնդեց հայկական ակումբներից: Հիմա Նիկոլի աշխատակազմի ղեկավար է աշխատում եւ գործի բերումով նաեւ թերթեր կարդում: Դե պիտի իմանա՝ իր եւ իր շեֆի մասին թերթերն ինչ են գրում: Բայց ուր էր թե այնքան ինտելեկտ ունենար, որ գոնե կարդացածը հասկանար: Իրեն ոչ ոք այդ հարցում չի օգնել, ինքն էլ, ինչպես բանաստեղծն է ասել՝ ինքնին չի զարգացել:
Մի քանի օր առաջ «Հրապարակի» նյութը դուրը չէր եկել, թե բա՝ ինչո՞ւ եք կասկածի տակ դրել արտերկրում Նիկոլի կողքին իմ ներկայությունը: Ի՞նչ ասեմ այս ինտելեկտուալ դատարկությանը, որ հա՛մ շատ լավ գիտի, թե պետության վրա որքան է նստում իր հետույքն արտասահման տանել-բերելը, հա՛մ էլ օրենք չգիտի, արարողակարգ չգիտի ու չի ուզում ընդունել, որ տվյալ հանդիպմանն իր հիմար կեցվածքով վարչապետի կողքին տնկվելն ամենեւին էլ օրակարգային չէր: «Հրապարակը», իհարկե, լավ էլ պատասխանեց Նիկոլի աշխատակազմի ղեկավարին, բայց, ինչպես երեւում է, դա դաս չի եղել Արայիկ Հարությունյանի համար:
Օրերս մարդը որոշել է փայլատակել արդեն ներհայաստանյան օրակարգում եւ ընկել է մի նոր ք.քի մեջ: Այս անգամ թիրախը «Առավոտ» թերթն է՝ իր գլխավոր խմբագրով հանդերձ: Ինտելեկտուալ դատարկությունը փորձել է մեր ամենաինտելեկտուալ խմբագիրներից մեկին` Արամ Աբրահամյանին, լուսավորել «բանավեճի» հարցով: Փորձելը՝ փորձել է, բայց ամեն ինչ ստացվել է ինչպես միշտ՝ վատ եւ դատարկ: Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է «ժողովրդին ժեխ անվանելու մեջ» մեղադրել մի մարդու, որն այդ բառն իր կյանքում չի էլ գործածել: Տեսեք՝ ինչ է գրել դատարկության մարմնացումը. «Արամ Աբրահամյանը համոզմունք է արտահայտել, որ Նիկոլ Փաշինյանի՝ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու նպատակը «շոուներ եւ ծափահարություններ» սիրողներին բավարարելն է. «Կարճ ասած, Փաշինյանին պետք է, որ որոշակի մասսա բացականչի. «Վախ, ցավը տանեմ, տեսա՞ր՝ ոնց մեր հզոր վարչապետը ցեխը կոխեց էդ թալանչիներին»»: Ապա մի քանի տողով փորձել է Արամ Աբրահամյանին բացատրել, թե ինչ է բանավեճը, վերջում էլ նրան մեղադրել է «կեղծ ինտելեկտուալ» լինելու եւ ժողովրդին «ժեխ» ասելու մեջ: Սա է ողջ պատմությունը, որի մեջ է հայտնվել մի մարդ, որը ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ բռնաբարում էր այդ ժողովրդի ամեն ինչը՝ սկսած ընտանեկան ավանդույթներից, վերջացրած ազգային եւ հոգեւոր ժառանգությամբ:
Ես եւ ինձ նման շատերն են մտածում Արամ Աբրահամյանի նման: Բացեք Փաշինյանի՝ «բանավեճի հրավիրող» հայտարարության տակ եղած արձագանքներն ու կհամոզվեք դրանում: Ես չեմ կարծում, թե այդքան մարդ մեր ժողովրդին «ժեխ» է ասում, երբ քննադատում է Փաշինյանի «բանավեճի» հրավերն ու այն տոնը, որով նա փորձում է «բանավեճ» հրահրել: Ո՞վ չի ճանաչում ամբոխավար Փաշինյանին, ո՞վ չգիտի, որ նա ունակ է շոուներ կազմակերպել անգամ Եռաբլուրում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Սպիտակ տանը, եվրոպական մայրաքաղաքներում, մի օր՝ Պուտինի, մի օր՝ Էրդողանի առաջ կզած վիճակներում: Նախագահներին ասում է՝ եկեք բանավիճենք ԱԱԾ-ի իմ նախկին խցում: Պարզ հարց է, չէ՞, առաջանում՝ իսկ Նիկոլն իսկապե՞ս ուզում է բանավիճել, թե՞ նրա ուզածը շոուն է, հայ ժողովրդի տխմար հատվածից ծափահարություններ կորզելը:
ՀԳ. Նիկոլի ստրուկներ, թերթերի ու նրանց խմբագիրների հետ զգույշ խոսեք: Ո՛չ թերթերն են ձերը, ո՛չ էլ խմբագիրները՝ ձեր աշխատողները: Թերթերը ձեր հայելին են, խմբագիրները՝ ձեր ճղճիմ գոյության տարեգիրները: Չգիտեմ էլ, թե ում եմ ասում այս ինտելեկտուալ բաները, բայց դու, Արայիկ Հարությունյան, խմբագիր-վարչապետիդ ասա, որ աշխատակազմը ղեկավարելու համար ուրիշ մարդ գտնի, դա քոնը չէ…
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test