Այս շաբաթ Բաքվի «դատական» նիստերի գլխավոր թեման «Գյանջայի դեպքերն» էին, ինչը սպասելի էր:
Մասնավորապես, հոկտեմբերի 6-ին հրապարակվել են ինչ-որ փաստաթղթեր, և ադրբեջանական քարոզչամեքենայի փոխանցմամբ, այդ փաստաթղթերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ՀՀ զինված ուժերը հոկտեմբերի 4-ին, 5-ին, 8-ին, 11-ին և 17-ին «Սմերչ»-ից և «Էլբրուս»-ից հրթիռային հարվածներ են հասցրել Գյանջայի բնակելի հատվածի ուղղությամբ, ինչի արդյունքում սպանվել է 26 խաղաղ բնակիչ, 175-ը՝ վիրավորվել»:
Ադրբեջանական կողմը նաև ենթադրել էր, որ «Գյանջայի ուղղությամբ հրթիռն արձակվել է Վարդենիսից»:
Ավելի ուշ նշված նիստում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է դատարանի կողմից ուսումնասիրված և հրապարակված փաստաթղթերի պատճենները:
Եվ արդեն հոկտեմբերի 10-ին շարունակված «դատավարության» ժամանակ Բաքվի դատարանում հայտարարվել է, որ իբր «2020 թվականի հոկտեմբերի 4-ին Գյանջայի ուղղությամբ Հայաստանից հրթիռներ են արձակվել, որպեսզի ադրբեջանական խաղաղ բնակչության շրջանում խուճապ սկսվի»:
Ավելին, Բաքուն պնդում է, որ իրենց ձեռքի տակ եղած փաստաթղթերը վկայում են, որ «այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որպեսզի միջազգային աղմուկից հնարավոր լինի խուսափել, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հորդորել է հայտարարությամբ հանդես գալ, որ իբր Գյանջայի ուղղությամբ հարվածները Հայաստանից չեն եղել, այլ Ղարաբաղի տարածքից»: Այսինքն, Բաքուն ուզում է ասել, որ Արայիկ Հարությունյանը հիմա էլ «ցուցմունք» է տվել Դավիթ Տոնոյանի դեմ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվի «դատական» մի քանի նիստերի ժամանակ «Գյանջայի դեպքերի» ֆոնին Արայիկ Հարությունյանից իբր «ցուցմունքներ են կորզվել» ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի դեմ:
Օրինակ, այս տարվա մարտի 14-ին տեղի ունեցած «դատավարության» ժամանակ նախ Արցախի ՊԲ-ին առնչվող հարցեր են ուղղվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, որի ժամանակ նա իբրև թե ասել է՝ ՊԲ-ն ենթարկվել է ՀՀ զինված ուժերին, և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը գլխավոր ֆիգուրն է եղել պատերազմի և խաղաղ պայմաններում, և, որ նաև ՀՀ պաշտպանության նախարարն է որոշակի գործառույթներ ունեցել:
Մարտի 14-ի «դատական» նիստին, ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, Արայիկ Հարությունյանն Ադրբեջանի պետական մեղադրողի՝ «Գյանջայի դեպքերին» առնչվող հարցերին ի պատասխան՝ իբր նշել է, որ «Գյանջայի հրթիռակոծության մասին տեղեկություն ստացել է ՀՀ ԶՈԻ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից»:
«Ես զրույց եմ ունեցել ԳՇ պետի հետ: Առաջին փուլում նա ինձ հայտնել է Գյանջայի օդանավակայանի թիրախավորման մասին, դրանից հետո ես նրա հետ շփում չեմ ունեցել»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Արայիկ Հարությունյանը:
Իսկ օգոստոսի 28-ի «դատական» նիստին էլ, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանը «ցուցմունք» է տվել, որ «բոլոր ռազմական հրամաններն ու կարգադրություններն արձակվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից»:
«Այդ ժամանակ ԳՇ պետն Օնիկ Գասպարյանն էր, և հենց նա է 44-օրյա պատերազմի ընթացքում տվել բոլոր ղեկավար հրամանները, հրահանգները, կարգադրությունները»,- ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, իր «ցուցմունքում» իբրև թե շեշտել է Արայիկ Հարությունյանը՝ պնդելով, որ «Տոչկա-Ու», «Սմերչ», «Սկադ» և հրթիռային այլ համակարգեր ՊԲ զինանոցում չեն եղել, և, որ իբր «44-օրյա պատերազմի ժամանակ 2 հատ «Սմերչ» Հայաստանից է բերվել և տեղակայվել Ասկերանում, ավելին՝ համապատասխան անձնակազմը ևս ՀՀ ԶՈՒ-ից է բերվել»:
Իր հերթին՝ Բաքվի դատարանը հավելել է.
«Ա. Հարությունյանն իր նախաքննական ցուցմունքներում հայտարարել է, որ խիտ բնակեցված բնակավայրերի, քաղաքացիական օբյեկտների, Թերթերի, Բարդայի շրջանների չպաշտպանված տեղամասերի, Գյանջա և Մինգեչաուր քաղաքների, Գերանբոյի, Բեյլագանի և այլ շրջանների, նույնիսկ՝ Ապշերոնի թերակղզու ուղղությամբ, որտեղ գտնվում է Բաքու քաղաքը, բալիստիկ հրթիռներ արձակելու հրամաններ տրվել են Հայաստանից»:
Բաքվի դատարանում օգոստոսին անդրադարձել էին նաև Արայիկ Հարությունյանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Գյանջային առնչվող ֆեյսբուքյան գրառմանը՝ դարձյալ նախաքննական «ցուցմունքի» համատեքստում:
Ադրբեջանական քարոզչամեքենայի հաղորդմամբ, իր նախաքննական «ցուցմունքում» Արայիկ Հարությունյանը նշել է, թե «Գյանջայի դեպքերին» առնչվող իր վերջին գրառումն արվել է 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի առաջարկով և հանձնարարությամբ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախ Գյանջա քաղաքում տեղակայված ադրբեջանական ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հարվածների մասին էր խոսել՝ նշելով, որ Ադրբեջանը թիրախավորել էր Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:
Նույն օրը ավելի ուշնա հայտարարել էր. «Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:
Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը: Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում: Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ»:
Ստացվում է՝ Արցախի նախկին նախագահն իր վերջին գրառումն անելիս, միաժամանակ «կատարել է» և՛ ՀՀ պաշտպանության նախարարի, և՛ ԳՇ պետի հորդոր-հրամանը:
Հետաքրքիր է՝ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում, ըստ էության, նույն համոզմամբ չի մեղադրել Նիկոլ Փաշինյանին, և չի միացել նրան որպես վկա ներգրավվելու Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչների պահանջին: Սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը 44-օրյային իրեն հռչակել էր ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատար, ով ամենօրյա կապի մեջ է եղել Արայիկ Հարությունյանի հետ, ավելին, նրա փոխանցած տեղեկություններին ավելի շատ է հավատացել, քան Օնիկ Գասպարյանի: Ավելին՝ հոկտեմբերի սկզբի «Գյանջայի դեպքերի» նախօրեին Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները և ինքը եղել են Արցախում:
Ի դեպ, Բաքուն «Գյանջայի դեպքերի» ֆոնին մեղավոր կարգելով ՀՀ զինված ուժերին, հրապարակել էր անգամ ստորաբաժանումների և զինվորականների կոնկրետ անուններ:
Իսկ հոկտեմբերի 10-ին կայացած «դատավարությանը» հայտարարվել է, թե Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը տարբեր ժամանակներում և տարբեր գործողություններով նպաստել են «ադրբեջանական տարածքների շարունակական օկուպացիային»:
Իհարկե, հոկտեմբերի 10-ին Հայաստանին, հայկական կողմին և առանձին անձանց ուղղված Բաքվի մեղադրանքներն այսքանով չեն սահմանափակվել, և հայ գերիներին խոշտանգող, հայ զինվորների գլուխներ կտրող, հայ կին զինծառայողներին մասնատող Ադրբեջանը նմանօրինակ հանցանքներ է վերագրել հայկական կողմին:
Արդյո՞ք պետական մակարդակով պատասխան համահունչ քայլ արվում է՝ ցույց տալու խաղաղ բնակավայրերին ադրբեջանական հարվածները, քաղաքացիական և զինվորական անձանց սպանություններն ու խոշտանգումները: Իհարկե՝ ոչ, ավելին, Հայաստանը պատրաստ է միջազգային ատյաններից հետ կանչել Ադրբեջանի դեմ հայցերը, որոնք լուրջ գործիք են, իսկ Ադրբեջանը Բաքվի «դատավարությունը» շարունակելու է օգտագործել Հայաստանի դեմ, և «փաստերին» միջազգային հնչեղություն հաղորդել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test