Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ֆրանսիացի 31 պատգամավոր պահանջել է ազատել հայ գերիներին, ստեղծել արցախցիների վերադարձի քննարկման հարթակ panarmenian.net panarmenian.net

time
Ֆրանսիացի 31 պատգամավոր պահանջել է ազատել հայ գերիներին, ստեղծել արցախցիների վերադարձի քննարկման հարթակ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի 31 սենատոր և պատգամավոր Արցախի ժողովրդի բռնի տեղահանման տարելիցի կապակցությամբ, կոչ-հայտարարություն են հրապարակել՝ ընդգծելով այդ էթնիկ զտման իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու, Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների ազատ արձակման և այլ քայլերի անհրաժեշտությունը:

Նրանք հորդորել են չանտեսել Արցախի բռնի տեղահանության հետևանքներն ու պաշտպանել հայ գերիների իրավունքները:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշնշվում է.

«2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը արդարացում չունեցող հուժկու ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ՝ վերջ դնելով այս հողում հայերի բազմադարյա ներկայությանը։ Հարձակումը տեղի ունեցավ այն պահին, երբ միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որի համանախագահներն են Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, հանձն էր առել հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ հաշվի առնելով սեփական ապագան ինքնուրույն որոշելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը ։ Չնայած այդ հանձնառությանը՝ Բաքուն ընտրեց պատերազմի ուղին։

Մի քանի օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի վերջին 120 000 հայերը՝ երկրի ողջ բնակչությունը, հարկադրված եղան արտագաղթել Հայաստան։ Այս զանգվածային տեղահանմանը նախորդել էր իննամսյա շրջափակումը, որի նպատակը հայ բնակչության կյանքն անհնար դարձնելն էր՝ ստիպելով նրանց վերջնականապես լքել իրենց տները։ Իրականում շրջափակումը էթնիկ զտման քաղաքականության ծրագրավորված մի փուլ էր, որի հետևանքը եղավ հայ բնակչության լիակատար արտաքսումը։

Հարկ է հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձևավորվել է 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, տեղի բնակչության կողմից կազմակերպված ժողովրդավարական հանրաքվեի արդյունքում՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքի համաձայն»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում , որ երկու տարի անց, բռնի տեղահանվածների մեծ մասը շարունակում է ապրել անորոշության և աղքատության մեջ։

«Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը ենթարկվում է ոչնչացման կամ խեղաթյուրման։ Հայ գերիները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, շարունակում են պահվել Բաքվի բանտերում ՝ առանց արդար դատավարության երաշխիքների։ Բաքվի ռեժիմը անպատժելիորեն շարունակում է իր քաղաքականությունը՝ տարածաշրջանից ջնջելով հայկական յուրաքանչյուր հետք։

Մենք՝ ֆրանսիացի խորհրդարանականներս, կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը և եվրոպական կազմակերպություններին՝ չտրվել դիվանագիտական անտարբերության։ Մենք վերահաստատում ենք հետևյալ սկզբունքները՝

1․ Լաչինի միջանցքի շրջափակման, 2023 թ․ սեպտեմբերի 19-ի հարձակման և Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի շարունակական խախտումների հստակ ու միանշանակ դատապարտում,

2․ Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական պատասխանատուների անհապաղ ազատ արձակում,

3․ Միջազգային հարթակի ստեղծում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի, անվտանգության և հիմնարար իրավունքների երաշխավորման պայմանները գնահատելու համար,

4․ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության անօտարելի իրավունքի վերահաստատում՝ ապահով, արժանապատիվ և անխոչընդոտ վերադարձ իրենց տներ՝ համաձայն Միջազգային դատարանի որոշումների, մասնավորապես՝ 2023 թ․ նոյեմբերի 17-ի,

5․ Հասցեական եվրոպական պատժամիջոցներ՝ պատերազմի հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ գործողությունների պատասխանատուների նկատմամբ,

6․ Միջազգային հետաքննությունների աջակցում՝ Լեռնային Ղարաբաղում կատարված խախտումները փաստագրելու և, Հռոմի Ստատուտի 14-րդ հոդվածի համաձայն, Դատական վարույթներ մեկնարկելու համար,

7․ Հայաստանին աջակցելու ջանքերի ուժեղացում՝ հումանիտար, անվտանգության և մշակութային համագործակցության ոլորտներում։

Այս տխուր տարելիցի կապակցությամբ մենք վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերի արտաքսումը ճակատագիր չէ։ Նրանց վերադարձի իրավունքը պետք է մնա ժողովրդավարական երկրների օրակարգի կենտրոնում։ Եվրոպական միությունը չի կարող իր արժեքները պաշտպանել փոփոխական չափանիշներով․ արդարությունն ու մարդու իրավունքները պետք է լինեն համընդհանուր, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,–ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են տարբեր քաղաքական ուժերը ներկայացնող խորհրդարանականներ՝ Ժոել Ավիրանյե, Կատրին Բելրիտի, Գի Բենարոշ, Վերոնիկ Բեսս, Էթիեն Բլան, Ֆրանսուա Բոննո, Վալերի Բուայե, Քսավիե Բրետոն, Բերնար Բյուի, Գիսլեն Կամբիե, Մարի-Առլետ Կառլոտտի, Պոլ Քրիստոֆըլ, Պիերիկ Կուրբոն, Ժիլբերտ-Լյուկ Դըվինազ, Ֆիլիպ Գոսսելեն, Բեատրիս Գոսսելեն, Էմանուել Գրեգուար, Միշել Հերբիլիոն, Անիկ Ժակեմե, Յանիկ Ժադո, Լորան Լարդի, Էմանուել Մանդոն, Ալեքսանդրա Մարտին, Տիերի Մենյեն, Ժան-Ֆրանսուա Պորտարիե, Ռիշար Ռամոս, Իզաբել Սանտյագո, Մարկ Սենե, Անն Սույրիս, Օրելյեն Տաշե և Ռաշին Տեմալ։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test