Զանգեզուրի միջանցքը դարձել է սկլերոտիկ տատիկների առավոտյան սուրճը հայտնի անեկդոտից: Տատիկներն այն խմել են, ու երկուսն էլ մոռացել, թե ինչ են խմել։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են 42 կիլոմետրանոց ուղու շուրջ, բայց չգիտեն, թե որտեղ է այն: Ալիեւը խոսում է Նախիջեւանն Ադրբեջանի մյուս տարածքի հետ կապող Զանգեզուրի միջանցքի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ միջանցքն անցնում է Զանգելանով եւ Հորադիզով: «Թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է»,- հայտարարում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ ՔՊ-ականները հորդորում են փակել քննարկումներն այդ արտահայտության շուրջ, քանի որ այն չկա օգոստոսի 8-ի փաստաթղթում։ Այս տարօրինակ բանավեճի շուրջ զրուցեցինք դիվանագետ, ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի հետ։
- Դուք տարբեր երկրներում ներկայացրել եք Հայաստանը՝ Լիտվայում, Գերմանիայում, Հնդկաստանում, նաեւ ՄԱԿ-ում եք ներկայացուցիչ եղել, ԱԳ նախարարի տեղակալ։ Կարո՞ղ եք նման տարընկալման օրինակ բերել, երբ կողմերը կարող են լուծել հակասությունները քարտեզին նայելով, բայց չեն լուծում։
- Եթե մտածեմ, կարող եմ մտաբերել, բայց չեմ կարծում, որ դա է կարեւորը։ Այդ ամենը պայմանավորված է նրանով, որ ամեն կողմը հետապնդում է իր նպատակները, ունի իր պատկերացումները տվյալ նախագծի վերաբերյալ՝ առավել եւս, որ բացակայում կամ թաքցվում են նախագծի իրավաֆինանսական եւ տեխնիկական պայմանները։ Սա բարենպաստ հող է ստեղծում ամեն կարգի մեկնաբանությունների համար։ Ես չգիտեմ՝ Վաշինգտոնում ստորագրելուց առաջ կամ հետո այդ երթուղու իրավաֆինանսական եւ տեխնիկական մանրամասները հստակեցնելու նպատակով աշխատանք տարվե՞լ է, թե՞ ոչ։ Քանի դեռ դա հայտնի չէ, իրարամերժ եւ խառնաշփոթ մեկնաբանություններ եւ անգամ մեղադրանքներ հնարավոր են։
- Տարրական իրավիճակ է, երբ այդ 42 կիլոմետրի անգամ տեղը չեն կարողանում որոշել։ Նա ասում է՝ Զանգեզուրի միջանցք, Փաշինյանն ասում է՝ չկա նման բան, խոսքը Զանգելանի ու Հորադիզով անցնող ուղու մասին է։ Փաշինյանն ասում է՝ Ալիեւին ասել եմ, որ ցույց տա քարտեզի վրա, Ալիեւը ցույց չի տալիս, ինչպես ժամանակին Փաշինյանն ասում էր, որ Ալիեւը ցույց տա քարտեզի վրա, թե որն է Հայաստանը, ու մինչ օրս նա ցույց չի տվել։ Սա աբսուրդ չէ՞։
- Ցանկացած աբսուրդ սկսվում է նրանից, որ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը, եւ թե ինչ է ենթադրվում այս կամ այն ձեւակերպմամբ։
- Փաստաթուղթը ստորագրող անձինք հետապնդել են նաեւ իրենց նեղ անձնական նպատակները։ Թրամփին այն նախեւառաջ անհրաժեշտ էր Խաղաղության նոբելյան մրցանակի իր հայտը «հարստացնելու» համար։ Հայաստանի բանակցողներին դա պետք էր, այսպես կոչված, խաղաղության օրակարգն ընտրություններից առաջ հիմնավորելու եւ հանրությանը հրամցնելու նպատակով։ Ամենից քիչ այդ փաստաթղթի կարիքն ուներ Ալիեւը, եւ այդ պատճառով էլ նա համաձայնեց ընդամենը փաստաթղթի նախաստորագրմանը։ Միեւնույն ժամանակ չեմ բացառում, որ որոշակի դիտարկումներ կատարվել են, բայց թե երբ կհրապարակվեն դրանք՝ պայմանավորված է ընթացող քաղաքական խաղի սցենարով։ Դա կարվի «ճիշտ» պահին։ Եթե գործընթացը չընթանա ըստ մեր կառավարիչների պատկերացման, այն կհրապարակվի ընտրություններից հետո։ Շատ բան կախված է նրանից, թե ինչպես է այս նախագիծն անդրադառնում Հայաստանի ինքնիշխանության վրա։ Ակնհայտ է, որ քաղաքական քարտեզներին նախագծի տակ ընկնող հողատարածքը չի պատկերվելու որեւէ այլ երկրի կազմում։ Բայց կա առնվազն երեք կողմ՝ Հայաստան, Ադրբեջան եւ ԱՄՆ։ Չմոռանանք նաեւ Թուրքիան։ Հետեւապես, կարելի է ենթադրել, որ մեր երկրի ինքնիշխանության որոշ տարրեր ճանապարհի կառավարման գործում հանդիսանում են սակարկության առարկա եւ կարող են սահմանափակվել։
- Այսօր Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը Թրամփի միջնորդությամբ պայմանավորվել են հրադադարի եւ պատանդներին հանձնելու շուրջ։ Կարծես, Գազայում էլ է խաղաղություն լինելու, ճիշտ է` ՀԱՄԱՍ-ը պետք է հրաժարվի պաղեստինցիների ազգային շահերը հետապնդելուց։ Որոշ առումով մեր վիճակին նման իրավիճակ է։ Ինչպիսի՞ խաղաղություն է դա՝ Հայաստանի ու նաեւ Պաղեստինի համար։
- Նման ռազմավարությունը կոչվում է՝ դեէսկալացիա էսկալացիայի միջոցով։ Պարզաբանեմ ասածս. ինչպես վկայում է պատմությունը, «լարվածության թուլացում սրման միջոցով» ռազմավարությունը հանդիսացել է խաղաղության հաստատման համար բավականին արդյունավետ միջոց։ Հակամարտության միտումնավոր ռազմական սրացումը կարող է ուղղված լինել, օրինակ, հակամարտության կողմերից մեկի համար անբարենպաստ ստատուս քվոն խզելուն, փակուղուց դուրս գալուն եւ խաղաղության հեռանկարով բանակցությունների համար պայմաններ ստեղծելուն՝ այն ամենը, ինչին անհնար է հասնել առանց ռազմական սրացման։ Բանակցություններով նշմարվող արդյունքը ձեռք չէր տալիս Ալիեւին, եւ երբ ստեղծվեցին պայմաններ, այդ թվում՝ պայմանավորված Հայաստանի ներկա կառավարության գործողություններով եւ անգործությամբ, նա գնաց ռազմական էսկալացիայի՝ 2020թ. սեպտեմբերին ձերնարկելով ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որը կասեցվեց եւ փաստացի հանգեց զինադադարի մասին եռակողմ հայտարարության Պուտինի ջանքերի շնորհիվ։ Սակայն դրան հետեւող հայկական դիվանագիտության միտումնավոր կամ ոչ միտումնավոր սխալները ռազմավարական առավելություններ ընձեռեցին Ալիեւին, եւ նա չհապաղեց օգտվել ստեղծված իրավիճակից՝ «մեկընդմիշտ լուծելու» ԼՂ հիմնախնդիրը։
Նման իրավիճակ է նաեւ Գազայում, որտեղ ռազմական էսկալացիայի առիթը հանդիսացավ երկու տարի առաջ իրականացված ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների ակտը։ Իսրայելը գնաց էսկալացիայի, որի արդյունքում եղան տասնյակ հազարավոր զոհեր։ Միայն դրանից հետո Թրամփի միջամտությամբ հնարավոր դարձավ նվազեցնել լարվածությունը։
- Բայց Ձեր ասած դեէսկալացիան խաղաղությո՞ւն է, թե՞ ոչ։
- Դա մեծացրել է խաղաղության հավանականությունը։ Հայաստանի պարագայում եւս նման ռազմավարությունը եւ Հայաստանի կործանարար պարտությունը դրդեցին կառավարությանը՝ ներգրավվել թելադրված պայմաններով խաղաղության հաստատմանը։
- Փաշինյանը Բրյուսելում՝ «Համաշխարհային դարպասներ» ֆորումին ներկայացրել է Թրամփի ուղու հեռանկարները Հայաստանի համար, խոսել է հաստատված խաղաղության, կայացած խաղաղության մասին։ Ինչպե՞ս կարելի է դա անել, երբ մենք չունենք որեւէ նման ո՛չ իրավական ակտ, ո՛չ կարգավիճակ, որը բոլոր կողմերն ընդունեն։
- Քաղաքականության մեջ հռետորաբանությունը շատ կարեւոր է։ Խաղաղությունը հաստատող եւ ամրագրող իրավական ակտ դեռ չկա, բայց, այնուամենայնիվ, Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը դրա կատարյալից հեռու վկայությունն է, առավել եւս, որ պաշտոնական Երեւանը բոլոր առիթներով վերահաստատում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդեպ որեւէ պահանջի բացակայության մասին։ Չմոռանանք, որ այդ հայտարարությունները հասցեագրված են ոչ միայն միջազգային հանրությանը, այլեւ, նախեւառաջ՝ Հայաստանի լսարանին, որը շուտով մտնելու է նախընտրական շրջան։ Խաղաղության հռետորաբանությունը եւ դրա հետ կապված «նախագծերի» վերաբերյալ խոսույթն ակտիվանալու է, ամրանալու եւ խորանալու, այն կազմելու է իշխող կուսակցության նախընտրական ծրագրի ողնաշարը եւ էությունը, անկախ նրանից, թե ինչ է դրա տակ իրականում ենթադրվում։ Իշխանությունը, որը հանրային դիսկուրսը ձեւավորելու եւ հանրային կարծիքի վրա ազդելու անհամեմատ հսկա ներուժ ունի, առաջ է մղելու իր պատկերացումները։ Երբ Հայաստանի գլխավոր բանախոսն առաջին անգամ հռչակեց «խաղաղության խաչմերուկի» գաղափարը, շատերի մոտ կասկած առաջացավ, որ դա ուղղակի Զանգեզուրի խնդրահարույց հարցը քողարկելու միջոց էր։ Այսօր այդ վարկածը հիմնավորող փաստարկներն առավել քան ակնհայտ են. մենք տեսնում ենք, որ «խաչմերուկի» այլ ուղիների վերաբերյալ Ադրբեջանը եւ Թուրքիան լռում են։ Ավելին, նրանք ձեռնամուխ են եղել նոր նախագծի իրականացմանը, որը կոչված է շրջանցել Հայաստանը։ Մինչ օրս «խաչմերուկից» արծարծվում է միայն մեկ հարց՝ Մեղրիով անցնող ճանապարհը։
- Երբ ասում ենք՝ ցածր կամ բարձր վարկանիշ, դա ենթադրում է համեմատություն։ Պետք է համեմատել իշխանության եւ ընդդիմության վարկանիշները։ Ըստ հրապարակվող տվյալների, թեեւ իշխող կուսակցության ռեյտինգն անկում է ապրում, կարեւոր է, թե որքանով է բարձրացել ընդդիմության ռեյտինգը։ Մի փոքր շեղվելով հարցից, նկատեմ, որ նույն ֆենոմենը նկատվում է միջազգային հարաբերություններում։ Թեւ ԱՄՆ-ն այսօր անկում ապրող (declining) գերտերություն է, բայց այն բոլոր ցուցանիշներով դեռ հանդիսանում է առաջատար երկիր։ Այդ պատճառով վաղ է արձանագրել անցումը միաբեւեռ աշխարհից դեպի բազմաբեւեռ աշխարհակարգ։ Վերադառնալով Ձեր հարցին, նշեմ՝ ակնհայտ չէ, որ իշխանության ռեյտինգի անկումն ուղիղ կերպով անդրադարձել է ընդդիմադիրների ռեյտինգի աճի վրա։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test