«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արեգ Քոչինյանն է:
- Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայրը` ԱԺ երկարամյա նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել` մի առաջարկով է հանդես եկել: Որ եթե հայկական կողմն Ադրբեջանի «զանգեզուրյան միջանցք» ասվածին հակադարձի եւ վաշինգտոնյան համաձայնագրերով պահանջի «Նախիջեւանի միջանցք», ադրբեջանական կողմը կարող է զսպել իր ցանկությունները, խեղճանալ: Ուստի առաջարկել է ինտենսիվ կերպով շրջանառել «Նախիջեւանի միջանցք» տերմինը: Ի՞նչ եք կարծում` որքանո՞վ է իրատեսական Կարապետ Ռուբինյանի այս առաջարկը:
- Ես մասնավոր անձանց չէի ցանկանա մեկնաբանել, քաղաքականության մեջ, երբ մեկը քեզ ինչ-որ բան է ասում, դրան հակադարձելու ամենալավ ձեւը, կներեք, բայց «Сам дурак» ձեւաչափը չէ: Իրենք ասում են՝ «Զանգեզուրի միջանցք», մենք ասենք` «Բաքվի միջանցք», չգիտեմ, թե դա մեզ ինչ հավելյալ արդյունք կարող է տալ, եւ հետո՝ պետք է արձանագրել, որ վերջին շաբաթներին որոշակի տեղաշարժեր են տեղի ունենում` վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո: Ադրբեջանում սկսել են կոնկրետ Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիայի տարածքն անվանել Թրիփ, իսկ դրանից արեւմուտք եւ արեւելք ընկած հատվածները` Նախիջեւանի եւ Մեղրիից դեպի Ադրբեջան ընկած հատվածն անվանել «Զանգեզուրի միջանցք»: Նման պրոցեսներ տեսնում ենք անգամ թուրքական կողմից: Տեղի է ունենում տրանսֆորմացիա, երբ մի կողմից իրենք շարունակում են խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին` իրենց իսկ լսարանի առջեւ, իրենց կեցվածքը պահպանելու համար, սակայն դա կսկսեն անվանել այլ հատված: Այս ամենից զատ, ես կարծում եմ, որ այս անվանումները կարեւոր չեն, կարեւորն այն է, թե ինչ սկզբունքներով է լինում պրոցեսը, ինչ պարամետրեր ենք անցկացնում: ՀՀ տարածքում տարածքը, որ պետք է կառուցվի, գտնվում է մեր իրավասության ներքո, ապա թե հիմա Ադրբեջանն ինչպես կանվանի այդ ճանապարհը, դա ինձ չի հետաքրքրում, քանի որ իրենք ճանաչում են, որ այն Հայաստանի տարածքում է, Հայաստանի հսկողության ներքո, ինչը սահմանված է վաշինգտոնյան հռչակագրում, եւ Ադրբեջանը ստորագրել է դրա տակ: Մնացածն արդեն անիմաստ խոսակցություններ են:
- Իսկ եթե Ադրբեջանը տարբեր գործողությունների գնա: Ի վերջո` նախ Դոնալդ Թրամփը հավերժ չէ, եւ հետո՝ նույն Թրամփը չի կարողանում ազդեցություն ունենալ ռուս-ուկրաինական պատերազմի վրա, այստեղից էլ հարցեր են առաջանում, որ գուցե նա այնքան էլ վստահելի երաշխավոր չէ, եւ այսպես շարունակ....
- Ռուս-ուկրաինական թեման ամենաբարդն է, եթե դա ստացվի Թրամփի մոտ, ամեն ինչ կստացվի: Դա ավելի բարդ թեմա է: Ինչ վերաբերում է երաշխիքներին, ապա կա՞ մեկը, որ կարող է երաշխիք տալ աշխարհի երեսին, որ Ադրբեջանն այս ամենին չարամտորեն չի վերաբերվում եւ ապագայում չի փորձելու որեւէ կերպ մեր դեմ քայլեր անել կամ խախտել պայմանավորվածությունները եւ այլն: Բնականաբար, ոչ մեկը չի կարող նման երաշխիքներ տալ: Միջազգային հարաբերություններում «երաշխավորել» ասվածը խիստ գերագնահատված է: Ես հիշում եմ, որ Ռուսաստանն Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորներից էր` Բուդապեշտի հռչակագրով, սակայն ինչով ավարտվեց այն՝ բոլորս տեսանք: Պետք է փորձենք հասնել պայմանավորվածությունների, փորձենք հասնել նրան, որ բացվեն կոմունիկացիաները եւ այլն, դրան զուգահեռ, պետք է զբաղվենք նաեւ Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելով: Ադրբեջանը միայն մեկ դեպքում մեզ վրա չի հարձակվի եւ խաղաղ կաշխատի, երբ հասկանա, որ մեզ վրա հարձակումն իր վրա շատ թանկ է նստելու, ամեն կտոր հողի համար ինքը կորցնելու է ահռելի ռեսուրսներ, տալու է մեծաթիվ զոհեր եւ այլն, ինչը չարժե այդքան: Եվ մյուս կողմից էլ հասկանա, որ Հայաստանի հետ աշխատելն իր համար եկամտաբեր է: Այ, երբ լինեն այդ երկու հնարավորությունները, ամեն ինչ իր տեղը կընկնի: Ի դեպ, ես հեծանիվ չեմ հորինում, ամբողջ աշխարհում էլ խաղաղության այս ճանապարհով են հասնում:
- Բայց Ադրբեջանն ուզո՞ւմ է հասնել այդ ամենին, հարցը սա է: Նրա հռետորաբանությունից դա չի զգացվում:
- Երբ կողմերը գիտակցում են, որ իրար դեմ կռվելը բավականին թանկ է, իսկ համատեղ տնտեսություն զարգացնելը շահեկան է ու հետաքրքիր, սկսում են այդպես վարվել: Ադրբեջանն իրականում ամեն բան էլ կարող է անել, բայց եթե մենք առաջնորդվենք այդ եղանակով եւ Կիկոսի մահը սարքենք, այդ տրամաբանությունը մեզ չի տանի ոչ մի տեղ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test