Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողության հարցում Իրանն ունի սցենարներ. Շիրազ Խաչատրյան 168.am 168.am

time
Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողության հարցում Իրանն ունի սցենարներ. Շիրազ Խաչատրյան

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում տևական լարվածությունից հետո հոկտեմբերի 9-ին Դուշանբեում տեղի է ունեցել Ալիև-Պուտին հանդիպումը: Բնականաբար, անդրադարձ է եղել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում AZAL-ի ինքնաթիռի կործանման հանգամանքներին: Եվ քանի որ նախաքննությունը մոտենում է ավարտին, Պուտինը մի քանի պատճառ է ներկայացրել Ալիևին:

Առաջին, օդում ուկրաինական անօդաչու թռչող սարք էր նկատվել, ընդ որում, միանգամից երեքը, որոնք հատել էին ՌԴ օդային սահմանը ողբերգական միջադեպի օրը, երկրորդ՝ ՀՕՊ համակարգի տեխնիկական խափանում էր տեղի ունեցել, և արձակված երկու հրթիռներն ուղղակիորեն չեն հարվածել ինքնաթիռին, հակառակ դեպքում այն տեղում կպայթեր, այսինքն, խոցումը տեղի է ունեցել ոչ թե մարտագլխիկներից, այլ, ամենայն հավանականությամբ, հրթիռների բեկորներից: Հենց դրա համար էլ օդաչուին թվացել է, թե տեղի է ունեցել բախում թռչնի հետ: Ռուսաստանի նախագահը միաժամանակ խոսել է փոխհատուցում և պատասխանատու անձանց գործողություններին իրավական գնահատական տալու մասին:

Իր հերթին՝ Ալիևը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը, որ անձամբ է վերահսկում AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված իրավիճակը:

Արդյոք կարո՞ղ ենք համարել, որ այս հանդիպումից հետո Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում ճգնաժամը վերացված է:

Այս և այլ հարցերի և իրողությունների շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:

– Այս պահի դրությամբ որքան էլ Պուտին-Ալիև հանդիպումը վերլուծական շրջանակների կողմից լուսաբանվում է սառեցված հարաբերությունների վերաբացման փորձի ներքո, սակայն իրականում նախատեսված երկկողմ հանդիպումը զուտ անհրաժեշտություն է՝ պայմանավորված ռեգիոնալ և աշխարհաքաղաքական առկա փոփոխություններով և երկուստեք կուտակված խնդիրներով։

Այն, որ հանդիպումն ընթանում է խորացող վստահության ճգնաժամի ֆոնին, ակնհայտ է, բայց պարզ է նաև, որ երկու երկրները կապված են փոխադարձ շահերով ու բարդ աշխարհաքաղաքական հանգույցներով։ Եթե չխորանանք դետալների մեջ, ապա ՌԴ-Ադրբեջան հարաբերություններն այն աստիճան բազմաշերտ և փոխկապակցված են, որ նույնիսկ քաղաքական անհամաձայնությունների ֆոնին դադարեցնել կամ անտեսել երկխոսությունը, կնշանակի խորացնել անկանխատեսելի զարգացումների ռիսկը տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս։ Իսկ դա կողմերից ոչ մեկին այս պահին պետք չէ։

– Ի՞նչ զարգացումներ սպասել «Զանգեզուրի միջանցքի» կամ «Թրամփի ուղի» նախագծի շուրջ, որի բացումը թուրք-ադրբեջանական տանդեմը համարում է վաշինգտոնյան հանդիպման ամենակարևոր պայմանավորվածությունը:

– Ի տարբերություն այլ խաղացողների, որոնց օրակարգերում Սյունիքով անցնող ճանապարհի անցկացման հարցը ոչ առաջնահերթ դիրք է զբաղեցնում՝ կախված այլ գեոպոլիտիկ գործոններից, թուրք-ադրբեջանական տանդեմի համար այս ճանապարհի բացումը ռազմաքաղաքական և գաղափարական առումով ունի բացարձակ գերակա նշանակություն։

Ալիևն ու Էրդողանը բազմիցս հայտարարել են ու մինչև հիմա էլ կրկնում են, որ այս ճանապարհի իրագործումը պետք է իրականացվի առանց մաքսային և սահմանային վերահսկողության, այսինքն՝ «միջանցքային» տրամաբանությամբ, ինչը փաստացի հակասում է Հայաստանի ինքնիշխանության սկզբունքին։ Սա ցույց է տալիս, որ նրանց պատկերացման մեջ Սյունիքի ճանապարհը պարզապես տրանսպորտային երթուղի չէ, այլ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ուղիղ, վերահսկելի, ու, ըստ էության, սուվերենությունից ազատ միջանցք։

Այդ միջանցքի գաղափարական ընկալումը կառուցված է «Թուրանական ուղու» տեսլականով, ինչն ուղիղ կերպով կապված է պանթյուրքական ռազմավարության հետ: Այն ուղի է, որը պետք է միավորի «թյուրքական աշխարհը»՝ Անկարայից մինչև Կենտրոնական Ասիա։

Այդ իսկ պատճառով Անկարայի և Բաքվի մոտեցումները ցույց են տալիս, որ այս հարցում նրանք ունեն հստակ առաջնահերթություններ և գործողությունների համադրված տրամաբանություն։ Նրանց նպատակն է՝ պահպանել նախաձեռնողականությունը Հարավային Կովկասում՝ նաև Արևմուտքի և Ռուսաստանի հնարավոր մրցակցությունը սահմանափակելու նպատակով։ Միջանցքի հարցը հենց այդ համատեքստում էլ դիտարկվում է՝ որպես քաղաքական ճնշման գործիք՝ թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային գործընկերների նկատմամբ։

– Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը չկարողանալով ազդել Ալիևի խոսույթի վրա՝ չօգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, որոշեց հիմնավորում գտնել, թե «Զանգեզուրի միջանցքը» ենթադրում է ոչ թե ՀՀ տարածքը, այլ՝ Զանգելան-Հորադիզ ճանապարհը:

– Փաշինյանի այդ հայտարարությունը, թե իբր «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի տարածքի մասին չէ, այլ վերաբերում է ինչ‑որ «Զանգելան‑Հորադիզ» ճանապարհին, պարզ մանիպուլյացիա է։ Բայց պատրանքներ ստեղծելով՝ հարցերը չեն լուծվում։ Ամբողջ աշխարհը՝ սկսած Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներից, մինչև Չինաստանի, Իրանի և Արևմուտքի քաղաքական շրջանակները, խոսում են հենց Սյունիքով անցնող միջանցքի մասին։ Փաշինյանը, իհարկե, չի կարող ազդել Ալիևի խոսույթի կամ մտադրությունների վրա, բայց իր անգործության ֆոնին փորձում է քարոզչական մանևրով ձևացնել, թե իբր իրավիճակը վերահսկելի է։ Դա ջայլամային քաղաքականության դասական օրինակ է․ գլուխը խրել ավազի մեջ՝ հույս ունենալով, թե վտանգն անցնելու է։ Չի լինելու այդպես։

Նա ոչ միայն չի հակազդում սպառնալիքներին, այլև մեր հանրության շրջանում քաղաքական ինքնախաբեության մթնոլորտ է ստեղծում։ Իսկ այդ ընթացքում միջանցքի հարցը շարունակում է զարգանալ՝ դառնալով ոչ թե տեսական, այլ շատ ավելի իրական սպառնալիք։ Սա Փաշինյանի սովորական ձեռագիրն է․ արդեն տարիներ շարունակ նրա կառավարությունը նույն «մարտավարությունն» է կիրառում պետության արտաքին քաղաքականությունը վարելիս, մշտապես պատրանքներ ստեղծելով, զուգահեռ՝ կրելով տարածքային կորուստներ, դիվանագիտական պարտություններ, և ստեղծելով արտաքին քաղաքական ծանր մթնոլորտ։ Այս իրավիճակում ևս որևէ լավատեսական հիմք չկա նշելու, թե գործող իշխանությունն ի վիճակի կլինի այս գործընթացից դուրս բերել պետությունն առանց նոր կորուստների։

Թուրքիան օկուպացված Արցախի տարածքում մոտ 5 միլիարդ դոլարի վերականգնման ծրագրեր է իրականացնում (նաև թյուրքալեզու մյուս պետությունները), ինչը զարմանալի չէ, քանի որ ի սկզբանե Թուրքիան հայտարարել էր, որ 2020 թվականի հաղթանակը թյուրքական պետությունների հաղթանակն է: Սա ի՞նչ ապահովություն է տալիս Ադրբեջանին, իսկ գուցե կախյալ վիճա՞կ է ստեղծում ինչ-որ առումով:

– Փաստ է, որ հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի դերը Հարավային Կովկասում դարձավ աննախադեպ։ Անկարան ոչ միայն անմիջականորեն ներգրավված էր ռազմական գործողություններում, այլ այժմ էլ առաջատար դեր ունի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքների վերակառուցման և բնակեցման գործընթացում։

Թուրքիայի ներդրումային այդ մեծ ներգրավվածությունը մի կողմից՝ ապահովում է օկուպացված տարածքներում «վերակառուցման» արագությունը և ստեղծում կայունության պատրանք, բայց մյուս կողմից՝ խորացնում է Ադրբեջանի քաղաքական և ինստիտուցիոնալ կախվածությունը Թուրքիայից։ Արցախում հիմնական նախագծերն իրականացվում են թուրքական կապալառուների կողմից, ինչը նշանակում է, որ ֆինանսական և տեխնոլոգիական վերահսկողությունը մնում է Անկարայի ձեռքում։

Ավելին, վերակառուցման գործընթացն ուղեկցվում է պանթյուրքական գաղափարախոսության տարածմամբ՝ առաջ տանելով «թյուրքական միասնության» սկզբունքներն Ադրբեջանում։ Ճիշտ է, այս պայմաններում Բաքուն փորձում է պահպանել բալանսը՝ օգտագործելով իր էներգետիկ ու աշխարհագրական հնարավորությունները՝ Թուրքիայի ազդեցությունը զսպելու համար, բայց այս ջանքերը հազիվ թե բավարար լինեն նրան հետզհետե կախյալ վիճակից դուրս գալու համար, քանի որ իրականում երկրի բյուջեն, ռազմավարական որոշումներն ու ինստիտուցիոնալ համակարգերն ավելի ու ավելի են սերտորեն համադրվում Անկարայի օրակարգին։

– Ի դեպ, Գաբալայում թյուրքական պետությունները որոշել են համատեղ զորավարժություններ անել 2026թ. և ընդլայնել պաշտպանական ոլորտում համագործակցությունը, սա մեզ համար որևէ կերպ վտանգ ներկայացնո՞ւմ է:

– Գաբալայում նախատեսվող թյուրքական պետությունների համատեղ զորավարժությունները պատահական միջոցառումներ չեն։ Դրանք իրապես խորհրդանշում են Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական առանցքի խորացող ինտեգրումը մեր ռեգիոնում։ Նմանատիպ զորավարժությունները ծառայում են որպես միասնական ռազմական ներուժի ցուցադրություն՝ զսպման գործոն հանդիսանալով թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի, թե՛ այլ տարածաշրջանային դերակատարների համար։ Երկրորդ՝ սա մեսիջ է, որ եթե Սյունիքով նախատեսվող «միջանցքի» հարցը չլուծվի իրենց պատկերացումների շրջանակներում, ապա հնարավոր է դիտարկել ռազմական ճնշման տարբերակը։

Այս ամենի ֆոնին Հայաստանը հայտնվում է առավել քան վտանգավոր դրության մեջ։

Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողության հարցում Իրանն ունի սցենարներ. Շիրազ Խաչատրյան

Մինչ տարածաշրջանում ձևավորվում են նոր ռազմական, քաղաքական, անվտանգության առանցքներ, որոնց պայմանական թիրախներից մեկն էլ հենց Հայաստանն է, մեր իշխանությունը շարունակում է մնալ պասիվ հետևորդի դերում։

Այս իրավիճակում վտանգավոր է ոչ միայն այն, թե ինչ են անում ուրիշները, այլ հատկապես այն, թե ինչ մենք չենք անում։ Իսկ երբ տարածաշրջանում բոլորը զինվում են, զորավարժություններ են անցկացնում և դաշնակցային ռազմավարություններ են ձևավորում, Հայաստանը մնում է հույսերի և պատրանքների վրա հիմնված կեղծ օրակարգերի մեջ։

Իսկ Իրան-Ադրբեջան հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում ներկա պահին, երբ վերջին օրերին դարձյալ Ադրբեջանին ուղղված մեսինջներ են հնչում՝ 12-օրյա պատերազմի ժամանակ ուղարկված ԱԹՍ-ների, Իրանի նախկին նախագահի մահվան հանգամանքներին առնչվող:

– Իրան–Ադրբեջան հարաբերություններում ևս ներկա պահին անկանխատեսելի ժամանակափուլ է։ Թեհրանը մշտապես շատ զգայուն ձևով հետևում է Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը, հատկապես՝ Թուրքիայի և Իսրայելի հետ խորացող կապերին, և փորձում է ուղերձների միջոցով ճնշումներ բանեցնել Բաքվի վրա։

Իր հերթին՝ Ադրբեջանն արտաքուստ չեզոքության դիրքերից հանդես գալով, փորձում է զսպել Իրանի կոշտ արձագանքները՝ ապահովելով որոշակի հավասարակշռություն իր դաշնակիցների և հարևանների միջև։ Այդուհանդերձ, երկու երկրների հարաբերությունների ապագան կախված է նրանց քաղաքական կամքից։

Եթե կողմերը կարողանան կառուցել փոխադարձ շահերի վրա հիմնված շփման մեխանիզմներ, հնարավոր է լարվածության մեղմացում։ Հակառակ դեպքում, ցանկացած անզգույշ քայլ կամ սադրանք կարող է հանգեցնել լրջագույն ճգնաժամի։ Եվ կրկնում եմ, ինչպես Ռուսաստանի պարագայում, այս դեպքում ևս Իրան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններում երկխոսություններից հրաժարվել՝ նշանակում է տարածաշրջանում թափ տալ նոր լարվածություններին, ինչը կողմերին այս փուլում ձեռնտու չէ։

Սյունիքի շուրջ ակտիվացել են վտանգների կանխատեսումները: Իրականում ի՞նչ պետք է սպասել, կամ՝ պատերազմական գործողություններ պե՞տք է սպասել, և ի՞նչ դիրք կորդեգրի Իրանը, որի համար կարևոր է ընդամենը, որ օտար ուժեր չլինեն, և իր սահմանը ՀՀ-ի հետ չկտրվի: Մենք տեսանք, չէ՞, խրոխտ խոսող դեսպանը հեռանալուց ինչպես փոխեց իր խոսույթը:

Նախորդ հարցադրումների մեջ մի քանի անգամ շեշտեցի այն միտքը, որ այս անցումային անկանխատեսելի ժամանակափուլում ռեգիոնում ոչ մի դերակատարի լարվածություն պետք չէ։ Ադրբեջանն ու Թուրքիան այս փուլում գերադասում են օգտագործել «փափուկ ուժի» գործիքակազմը՝ տնտեսական ծրագրեր առաջ քաշելով, միջանցքային օրակարգի թեման մշտապես բարձրաձայնելով, դիվանագիտական ճնշումներ բանեցնելով և գաղափարախոսական մոբիլիզացիոն գործընթացներ նախաձեռնելով։ Զուգահեռ անցկացվում են նաև զորավարժություններ, որոնց նպատակը ոչ այնքան ուղիղ ռազմական բախման նախապատրաստումն է, որքան մկանների ցուցադրումն ու հոգեբանական ազդեցությունը։

Բոլոր դեպքերում, ուժի կիրառման տարբերակը նրանց սեղանից չի հանվել, և այս պահին պահեստային սցենարի դեր է կատարում՝ հատկապես, եթե «միջանցքային» օրակարգը բախվի լուրջ դիմադրության։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարևորն իր հյուսիսային սահմանի անխոչընդոտ կապն է Հայաստանի հետ, ինչպես նաև տարածքում երրորդ ուժերի՝ ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ազդեցության չեզոքացումը։ Թեհրանը բազմիցս ուղերձներ է փոխանցել, նաև զորավարժությունների տեսքով, բայց նաև մինչ այս պահը գործնական միջամտությունների չի դիմել։ Այնուամենայնիվ, թերագնահատել Իրանի պատրաստակամությունն այս լուրջ հարցի կապակցությամբ, սխալ կլինի։

Հաշվի առնելով վերջին տարիների փորձը, կարելի է հիմնավոր ենթադրել, որ Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողության հարցում Իրանն ունի սցենարներ, որոնց իրագործումը կախված է իր տարածքային ու անվտանգային շահերի հստակ սպառնալիքներից։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test