Որ ասում են, թե Հայաստանում աշխատանք չկա, իհարկե, որոշ չափով չափազանցված է: Աշխատանք կա, մանավանդ` Երեւանում եւ հատկապես՝ սուպերմարկետներում: Բայց կա մի մեծ «բայց»: Ինչն է պատճառը, որ այդ ոլորտում միշտ կան թափուր աշխատատեղեր, միշտ պահանջվում են աշխատողներ: Կան կոնկրետ ցանցային խանութներ ու հասցեներ, որտեղ միշտ կադրերի արտահոսք է: Դուք կասեք, որ քիչ է վարձատրությունը, կամ կոմիլֆո չէ սուպերմարկետում աշխատելը: Ո՛չ, դա չէ պատճառը: Աշխատող մարդու համար կարեւոր չէ, թե որտեղ կաշխատի: Ավելի կարեւոր է, թե ինչ մթնոլորտ է տիրում աշխատավայրում:
Մեր զրուցակցի խոսքով, սուպերմարկետում աշխատելու համար քարե նյարդեր են պետք. «Ամենասկզբում, երբ դու նոր ես ընդունվում, գեղեցիկ նկարագրում են, որ 120 կամ 130 հազար դրամ աշխատավարձ ես ստանալու, աշխատելու ես երկու հերթափոխով (աշխատանքային ժամերին դեռ առանձին կանդրադառնանք), երեկոյան հերթափոխի դեպքում կարող են լուծել տունդարձիդ հարցը, շաբաթը մեկ օր՝ հանգիստ: Լավ է հնչում, չէ՞: Բայց պարզվում է՝ իրականությունը բոլորովին այլ է: Աշխատավարձ ասվածը տալիս են ամիսը երկու անգամ, քիչ-քիչ, կեսը` կանխիկ, կեսը՝ քարտային, նախապես ասված գումարին ընդհանրապես մոտ էլ չէ, 2-3 օր քեզ տուն հասցնելու դեպքում, երբ տեսնում են, որ տաքսու տարիֆը բարձր է, կանչում են, ասում, որ դու պետք է ինքդ քո գլխի ճարը տեսնես՝ քո միջոցներով հասնես տուն: Հարց է ծագում` իրենք հայկական իրականությունո՞ւմ են ապրում: Հնարավո՞ր է ստանալ ոչ լրիվ 130 հազար դրամ աշխատավարձ, ունենալ ապառիկներ, վարկեր եւ այլն, իսկ այսօր բոլորս ունենք, եւ երթեւեկել տաքսիներով: Առավել եւս՝ եթե դու ես տան միակ աշխատողը, ունես երկու թոշակառու հիվանդ ծնող»: Բայց դա դեռ չարիքի փոքրագույնն է՝ ասում է մեր զրուցակիցը:
«Հիշում եք, չէ՞, որ աշխատանքի ընդունվելիս ասվել էր` շաբաթական մեկ օր՝ հանգիստ: Ես աշխատել եմ գրեթե երկու ամիս եւ ունեցել եմ չորս հանգստյան օր, դա եղավ շաբաթական մեկ անգա՞մ»:
Ինչ վերաբերում է աշխատաժամերին, ասենք, եթե աշխատանքդ սկսվում է առավոտյան 8-ին, պետք է լինել այդ ժամից 10-20 րոպե շուտ, եթե ավարտվում է, օրինակ, ժամը 4-ին, հույս չունենաս, որ հենց այդ ժամին դուրս կգաս խանութից: Մեր զրուցակիցը, որն աշխատել է նման մի սուպերմարկետում որպես գանձապահ, ասում է, որ երբ ինքն աշխատում էր առաջին հերթափոխում, երբեք չի եղել, որ 16:00-ին դուրս գա դրամարկղից, իրեն հերթափոխող աշխատակիցը միշտ գալիս էր 16:15, 16:20: Այսինքն՝ կանոններ կան, բայց կան մարդիկ, որոնց համար այդ կանոնները չեն գործում:
Հասարակության մի զանգված կարծում է, որ սուպերմարկետներում աշխատում են «նամռոտ դեմքերով», կյանքից դժգոհ գանձապահներ, բայց ամենօրյա վիրավորանքներից գանձապահը երբեմն հազիվ է զսպում բարկությունը, չի կարողանում մարսել նման վիրավորանքները: Կասեք` երեւի տնօրինությունն էլ մենեջերներին է վիրավորում: Ստացվում է՝ տնօրինությունը վիրավորում, բարկանում է մենեջերների վրա, մենեջերներն էլ գալիս, իրենց զայրույթը թափում են գանձապահների վրա, բա գանձապա՞հն ում վրա թափի զայրույթը` հաճախորդի՞: Փաստորեն, մենք չունենք սպասարկման կուլտուրա, համբերատարություն, նրբանկատություն եւ էլի շատ ու շատ «ություն»-ներ:
Մեր զրուցակցի խոսքով, երբ ասել է, որ ուզում է թողնել աշխատանքը, վիրավորանքներն էլ ավելացել են, տնօրինությունն էլ զարմացել է, թե ինչու է ազատման դիմում գրում: «Գանձապահը գործ ունի նախեւառաջ գումարի հետ, ապա` ամեն բնավորության տեր հաճախորդների հետ, եւ միայն արդեն այդ փաստի գիտակցումը պետք է գործատուներին ստիպի վերանայել սեփական անձնակազմում հարաբերությունները, վերաբերմունքը շարքային աշխատողների նկատմամբ, քանի որ նեղված, վիրավորված, արցունքն աչքերին գանձապահը, բնականաբար, կարող է նաեւ հաշվարկի մեջ սխալներ անել, իսկ եթե կոպտել են իրեն, ինքն էլ հաճախորդին է կոպտելու»:
Առանձին խոսելու թեմա են մարքեթինգի կանոնները` որ հաճախորդը միշտ ճիշտ է: Չգիտես ինչու, այդ կանոնի տակ հասկացվում է նաեւ, որ հաճախորդը կարող է ծաղրել, վիրավորել գանձապահին, գոռգոռալ նրա վրա, ինչ է թե` մեկ րոպե ավել է մնացել հերթի մեջ: Իրականում, պետք է ամեն պարագայում մարդ լինել ու մարդ մնալ, հասկանալ, որ դուք, թեեւ աշխատանքից հոգնած, մտել եք խանութ, շտապում եք րոպե շուտ տուն հասնել, բայց խանութի աշխատակիցը եւս կարող է հոգնած լինել, 8-10 ժամ ոտքի վրա կանգնած ձեզ պես հազարավոր մարդկանց սպասարկելով: Հազար մարդ, հազար բնավորություն, մեկ գանձապահ, մեկ վաճառող:
Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test