Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վտանգավոր պլան է. Հայաստանը գոյատևման ոչ մի շանս չի ունենա, եթե կորցնի Իրանի հետ սահմանը. Էհսան Մովահեդիան 168.am 168.am

time

168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, դասախոս, պ․գ․թ․, Էհսան Մովահեդիանի հետ:

Ռազմիկ Մարտիրոսյան.- Ինչպե՞ս եք գնահատում Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների նկատմամբ աճող տարածաշրջանային մրցակցությունը, հատկապես՝ TRIPP-ի համատեքստում։ Արդյո՞ք դա դիտում եք որպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» նախագծի մաս, թե՞ TRIPP-ն այլ է։

Էհսան Մովահեդիան.Տարածաշրջանային միջանցքների շուրջ մրցակցությունն արտաքինից տնտեսական բնույթ ունի, սակայն այն իրականում մաս է կազմում տարածաշրջանում աշխարհաքաղաքական և ռազմական գերիշխանության համար մղվող լայն մրցակցության՝ ուղղված Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի տնտեսական, քաղաքական ու ռազմական շրջափակմանը։

Իրանի դիմադրության պատճառով Իսրայելի, Թուրքիայի և Բաքվի կողմից «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ձախողումից հետո նրանք դիմեցին ԱՄՆ-ին և առաջ մղեցին Թրամփի երթուղու ծրագիրը։ Իհարկե, Թրամփի երթուղու ծրագիրն արտաքինից կարծես հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը, բայց իրականում այս ծրագիրը նույնպես լուրջ սպառնալիք է թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի շահերի համար։

Այս ծրագիրը կհանգեցնի ԱՄՆ-ի տնտեսական և քաղաքական ներկայությանն Իրանի սահմանին, ինչը կվտանգի Իրանի անվտանգությունը, կխորացնի նրա աշխարհաքաղաքական շրջափակումը և կհանգեցնի Իրանի դուրսմղմանն ապրանքների և էներգակիրների փոխադրման կարևոր միջանցքներից։ Բացի այդ, ամերիկացիները փորձում են ստեղծել ճանապարհ ՆԱՏՕ-ի, ջիհադիստական և անջատողական ուժերի ներկայության համար Իրանի սահմաններին՝ ներկայություն հաստատելով Ադրբեջանի Հանրապետությունում և Հայաստանի Սյունիքի մարզում։

Ուստի, ընդհանուր ծրագիրը նույնն է, պարզապես Իրանի դիմադրության հետևանքով այն ստացել է այլ ձև։

Մեկ այլ խնդիր է, որ ԱՄՆ-ի մուտքով Հայաստանի մաքսային և ՏՀՏ (ICT) ենթակառուցվածքներ՝ հնարավոր է դառնում մուտք գործել Եվրասիական տնտեսական միության տվյալների բազաներ։ Իրանը նույնպես այդ միության անդամ է և, բնականաբար, չի ողջունի, որ ԱՄՆ-ը հասանելիություն ստանա իր առևտրային տեղեկատվությանը։ Հայաստանի մաքսային և սահմանային համակարգերին միանալը նաև հնարավորություն կտա ԱՄՆ-ին տեղեկություն ստանալ իրանցի քաղաքացիների սահմանային անցումների մասին, ինչին Իրանը նույնպես բացասաբար կվերաբերվի։

Այս գործընթացը վտանգավոր է նաև Հայաստանի ներսում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու տեսանկյունից, քանի որ ԱՄՆ-ի նպատակը Հայաստանից ևս, ինչպես Վրաստանի և Ուկրաինայի դեպքում, հակամարտության հարթակ ստեղծելն է Ռուսաստանի դեմ։

Ռազմիկ Մարտիրոսյան.- Իրանը բազմիցս արտահայտել է իր մտահոգություններն ու նույնիսկ դիմադրությունը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ։ Արդյո՞ք այդ դիրքորոշումը մնացել է անփոփոխ, թե՞ Թեհրանի դիրքորոշման մեջ նկատվում են որոշ փոփոխություններ։

Էհսան Մովահեդիան.- Իրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում հետևողական և անփոփոխ է։ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաներն այդ մոտեցումը բազմաթիվ անգամներ վերահաստատել են։

Այդպիսի միջանցքի ստեղծումը, որը կհանգեցնի նրան, որ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը սեփական տարածքի նկատմամբ, անընդունելի է Իրանի համար։ Դրա իրական նպատակն Իրանի և Հայաստանի շրջափակումն է և երկու երկրների ազգային շահերը սպառնալիքի տակ դնելը։ Եթե Հայաստանը կորցնի իր սահմանն Իրանի հետ, ապա իր գոյատևման հնարավորությունները կկրճատվեն գրեթե զրոյական մակարդակի։

Սրա նպատակն է՝ շրջափակել Իրանն ու Հայաստանը և սպառնալ երկու երկրների ազգային շահերին. Հայաստանը գոյատևման ոչ մի շանս չի ունենա, եթե կորցնի Իրանի հետ սահմանը։

Վտանգավոր պլան է. Հայաստանը գոյատևման ոչ մի շանս չի ունենա, եթե կորցնի Իրանի հետ սահմանը. Էհսան Մովահեդիան

Ռազմիկ Մարտիրոսյան.– Արդյո՞ք Թեհրանն առաջարկվող միջանցքը դիտարկում է՝ որպես իր տարածքային ամբողջականության կամ տարածաշրջանային ազդեցության համար պոտենցիալ սպառնալիք։

Էհսան Մովահեդիան.- Այո, Իրանը «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը համարում է իր տարածքային ամբողջականության կամ տարածաշրջանային ազդեցության համար պոտենցիալ սպառնալիք, որովհետև սա ավարտին է հասցնում Իրանի աշխարհաքաղաքական շրջափակումը։

Պետք է նշենք, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն Իրանի աշխարհաքաղաքական շրջափակման առկա ծրագրերից մեկն է։ Ստեղծվում են միջանցքներ՝ Չինաստանը, Հնդկաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները և այլն, կապելու Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի հետ՝ շրջանցելով Իրանը, իսկ Իսրայելը նաև պլանավորում է դառնալ Իրանի հարևանը՝ ներթափանցելով հարավային Սիրիա, ապա՝ Իրաքյան Քուրդիստան։

Իսրայելը պլանավորում է այս երթուղին կապել «Զանգեզուրի միջանցքի» հետ և ներկայություն հաստատել Իրանի սահմանի մոտ։ Հետևաբար՝ Զանգեզուրի միջանցքի ավարտը խրախուսում է Իսրայելին կրկին հարձակվել Իրանի վրա։ Իսրայելի լայնածավալ ռազմական ներկայությունն Ադրբեջանի Հանրապետությունում և երկու կողմերի միջև հետախուզական համագործակցությունն ավելի հեշտ կլինի, եթե ստեղծվի «Զանգեզուրի միջանցքը»։

Ռազմիկ Մարտիրոսյան.- Որքանո՞վ է Իրանի և Արևմուտքի միջև առկա լարվածությունն ազդում Թեհրանի տարածաշրջանային ենթակառուցվածքային և կապի նախագծերին մասնակցելու կարողության վրա: 168 ժամ-ին տված հարցազրույցում պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն ասել էր, որ Թրամփի, Փաշինյանի և Ալիևի կողմից ստորագրված Վաշինգտոնյան հռչակագիրը փաստացիորեն Հայաստանը ներքաշում է Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեջ: Համաձա՞յն եք այդ գնահատականի հետ:

Էհսան Մովահեդիան.- Արևմուտքը փորձում է կանխել Իրանի մասնակցությունը Հարավային Կովկասում ենթակառուցվածքային նախագծերին՝ տնտեսական ճնշում գործադրելով, գնաճը մեծացնելով և Իրանում լճացում առաջացնելով։ Սակայն, իրանական ընկերություններն ունեն բավարար կարողություններ, գիտելիքներ և մարդկային ռեսուրսներ այս աշխատանքի համար։ Հիմնական խնդիրն այդ նախագծերը երրորդ կողմերի օգնությամբ ֆինանսավորելն է։ Եթե այս խնդիրը լուծվի, Իրանը խնդիր չի ունենա շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում տարբեր նախագծեր իրականացնելու հարցում։ Ինչպես տեսնում եք, մենք աշխատում ենք Հայաստանում, կառուցում ենք Հյուսիս-Հարավ միջանցքը՝ Քաջարանի, Ագարակի մոտակայքում։ Գիտեք, իրանցիներն այս ոլորտում զգալի առաջընթաց ունեն, և նրանց համար դա խնդիր չէ, քանի որ ֆինանսավորումն իրականացվում է եվրոպական բաղադրիչների միջոցով։ Այսպիսով, եթե մենք կարողանանք ապահովել մեր ծրագրի ֆինանսավորումը, ապա դա մեզ համար մեծ խնդիր չէ։

Ռազմիկ Մարտիրոսյան.- Ինչպե՞ս է Իրանը գնահատում Ռուսաստանի փոփոխվող դերը Հարավային Կովկասում՝ հատկապես Թուրքիայի և արևմտյան դերակատարների աճող ներգրավման պայմաններում։

Էհսան Մովահեդիան.- Ռուսաստանի ազդեցությունն ու դերը Հարավային Կովկասում զգալիորեն նվազել են։ Դրա հիմնական պատճառը Ռուսաստանի ներգրավումն է Ուկրաինայի պատերազմում, ինչպես նաև այն կրկնվող սխալները, որոնց արդյունքում Մոսկվան կարծում էր, թե կարող է զսպել տարածաշրջանում Թուրքիայի, Բաքվի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների ագրեսիվ գործողությունները փոխգործակցությամբ ու բանակցություններով։ Ռուսաստանն ուշ հասկացավ, որ Արևմուտքի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում իրեն շրջափակելու ծրագիրը լուրջ է, և, որ Թուրքիան ու Բաքուն գործում են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից մշակված գլոբալ խաղի տրամաբանության մեջ։

Ռուսաստանի կողմից Իրանի հետ բավարար համագործակցության բացակայությունը և ռուսական չափազանց ինքնավստահությունը պատճառ դարձան, որ Մոսկվան ուշ արձագանքի տարածաշրջանային իրադարձություններին։ Ռուսները թույլ տվեցին Ալիևին գրավել Արցախը՝ փոխարենն ակնկալելով, որ Բաքուն թույլ կտա Ռուսաստանին գաղտնի կերպով արտահանել պատժամիջոցների տակ գտնվող նավթն ու գազը։

Սակայն, Բաքուն օգտագործեց այդ իրավիճակը՝ Ռուսաստանին իրենից կախված դարձնելով և հետագայում պարտադրելով սեփական պայմանները։ Ալիևին հարող մաֆիոզ շրջանակների ներթափանցումն այնքան խորացավ Ռուսաստանի անվտանգության և տնտեսական համակարգերի մեջ, որ Պուտինը ստիպված եղավ անձամբ զբաղվել նրանց հարցով։

Ռուսաստանը պետք է հնարավորինս շուտ ակտիվ դեր ստանձնի Կովկասում, քանի որ ԱՄՆ-ը ձգտում է այս տարածաշրջանի երեք երկրներն էլ վերածել հակառուսական հարթակների՝ իրականացնելով խոշոր տնտեսական, քաղաքական և անվտանգային ներդրումներ։

Ռազմիկ Մարտիրոսյան.- Ինչպե՞ս եք գնահատում հայ-իրանական հարաբերությունները, հատկապես՝ վաշինգտոնյան իրադարձություններից հետո։

Էհսան Մովահեդիան.- Իրանի և Հայաստանի հարաբերությունները ներկայումս լավ մակարդակի վրա են։ Երկու երկրներն ունեն բազմաշերտ և ընդարձակ համագործակցություն, և Իրանը չի կարծում, թե Հայաստանի կառավարությունն ունի որևէ ցանկություն՝ թույլ տալու, որ ԱՄՆ-ը այս հարաբերություններում ունենա խափանիչ դերակատարություն։

Այնուամենայնիվ, գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանի կառավարությունն ունի կարողություն զսպելու և վերահսկելու ԱՄՆ-ի վարքագիծը Սյունիքում նրա ներկայության ընթացքում։ Փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը հավատարիմ չէ իր խոստումներին և երբեք չի կորցնում որևէ հնարավորություն՝ հարված հասցնելու Իրանին։

Վտանգավոր պլան է. Հայաստանը գոյատևման ոչ մի շանս չի ունենա, եթե կորցնի Իրանի հետ սահմանը. Էհսան Մովահեդիան

Սա այն հիմնական մտահոգությունն է, որի վրա պետք է ուշադրություն դարձնի Հայաստանի կառավարությունը։ Հայաստանը հստակ խոստացել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը չի վնասի երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին, և մենք հույս ունենք, որ դա այդպես էլ կլինի գործնականում։

Սյունիքում ամերիկյան շինարարական ընկերությունների ներկայությունը չպետք է վերածվի նրանց անվտանգության կամ ռազմական ներկայության, ինչպես նաև չպետք է ուղեկցվի Իրանի դեմ լրտեսական գործունեությամբ։ Այս հարցում Իրանի դիրքորոշումը հստակ և անփոփոխ է։

Ռազմիկ Մարտիրոսյան.- Հայաստանի կառավարությունը պնդում է, թե կարողացել է հաստատել խաղաղություն, սակայն Ադրբեջանի հայտարարությունները հակառակն են վկայում։ Ինչպե՞ս կբնորոշեք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ներկայիս վիճակը, արդյո՞ք իսկապես խաղաղության ուղղությամբ են կողմերը շարժվում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ փոխելու Սահմանադրությունը, և մինչ օրս Բաքվի բանտերում պահում է հայ ռազմագերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Էհսան Մովահեդիան.- Ինչպես Դուք նշեցիք, երբ Ադրբեջանը շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ Սահմանադրությունը փոխելու համար, և մինչ այժմ պահում է հայ ռազմագերիներին ու Արցախի պաշտոնյաներին Բաքվի բանտերում, ապա դժվար է ակնկալել կայուն և երկարատև խաղաղության համաձայնագիր երկու երկրների միջև։

Խնդիրն այն է, որ Թրամփը նույնպես ստորագրել է այս պայմանագիրը ոչ թե՝ որպես կողմ, այլ՝ որպես խաղաղության պայմանագրի վկա։ Այս տեքստը նախագծային տարբերակ է և դեռևս վերջնական հաստատում չի ստացել։ Ալիևի հայտարարությունները, թե Սյունիքը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, և, որ անհրաժեշտ է վերադարձնել Բաքվի քաղաքացիներին, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան», նույնպես պարբերաբար կրկնվում են։

Փաշինյանը հույս ունի, որ դիմելով Թրամփին՝ կկարողանա կանխել Ալիևի նոր հարձակումը Հայաստանի վրա և կրճատել ռազմական բյուջեն։ Սակայն իրականությունն այլ է։ Ալիևը, օգտվելով նավթի և գազի պաշարներից, ինչպես նաև ունենալով ամուր ռազմական և անվտանգության կապեր Իսրայելի և Թրամփի հրեական դաշնակիցների ու ընկերների հետ, որևէ պարտավորություն չունի խաղաղության հանդեպ և, եթե հնարավորություն ստանա, անպայման նորից կհարձակվի ու կգրավի Հայաստանի հարավը։

Հայաստանի պատրաստակամությունը խաղաղության նկատմամբ արժանահավատ և արժեքավոր է, սակայն երկիրը պետք է միաժամանակ պահպանի իր հետախուզական և ռազմական զգոնությունը։

Ռազմիկ Մարտիրոսյան.- Ինչպե՞ս կբնորոշեք Դոնալդ Թրամփի դերակատարությունը ներկա իրավիճակում, և ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է նրա իրական նպատակը Հարավային Կովկասում։

Էհսան Մովահեդիան.- Թրամփը հետաքրքրված չէ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության պահպանմամբ։ Նրա նպատակը տարածաշրջանում ավելի մեծ ազդեցություն ձեռք բերելն է՝ վտանգի տակ դնելով Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի անվտանգությունն ու շահերը։

Չինաստանի ծովային և ցամաքային առևտրային միջանցքները դեպի Եվրոպա վերահսկելով՝ Վաշինգտոնը փորձում է դժվար իրավիճակի մեջ դնել Պեկինին։ Միևնույն ժամանակ, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի վրա ազդեցությունը մեծացնելով՝ Թրամփն ու իր թիմը փորձում են Ռուսաստանի համար ստեղծել նոր հակամարտության օջախներ, որպեսզի Մոսկվան պարտություն կրի Ուկրաինայում։

Իրանին Կովկասում շրջափակելով՝ Իսրայելի և ԱՄՆ-ի համար հեշտանում է կրկին հարված հասցնել մեզ։ Հայաստանի վերածումը ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության հարթակի՝ չափազանց վտանգավոր է Հայաստանի կայունության, անվտանգության և տարածքային ամբողջականության համար։

Ռազմիկ Մարտիրոսյան.- Ինչպե՞ս կարող է Իրանը դիվանագիտական առումով դիրքավորվել այնպես, որպեսզի իր շահերը չմնան երկրորդ պլանում տարածաշրջանային կապուղիների նախագծերի շրջանակում։

Էհսան Մովահեդիան.- Իրանը պետք է ուժեղացնի իր մշակութային, տնտեսական, քաղաքական և անվտանգության ներկայությունն ու համագործակցությունը Հայաստանի հետ։ Շատ կարևոր է Սյունիքում տնտեսական ծրագրերի իրականացումը, օրինակ՝ նավթավերամշակման և նավթաքիմիական համալիրի կառուցումը, համատեղ ազատ տնտեսական գոտու ստեղծումը, բենզալցակայանների ցանցի հիմնումը, համալսարանների, տեխնիկական և մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև՝ մշակութային կենտրոնների բացումը։

Նշանակալի է նաև իրանցի ուսանողների և զբոսաշրջիկների ներկայության մեծացումը Հայաստանում, տարբեր քաղաքներում իրանական ապրանքների վաճառքի համար ցուցահանդեսային և մշտական առևտրային կենտրոնների ստեղծումը, Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրումը, Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի եռակողմ համագործակցության զարգացումը, ինչպես նաև լրատվամիջոցների փոխգործակցության ընդլայնումը։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test