Բանաստեղծ Հուսիկ Արան համոզված է՝ այսօր հայ հանրությունը վստահելի քաղաքական ուժ է փնտրում՝ գալիք ընտրություններում ձայնը նրան վստահելու համար, քանի որ այժմ Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է, քան 4 տարի առաջ էր։
«Իրավիճակն ավելի է սրվել, ճշմարտությունը բոլորովին մերկ ներկայանում է հանրությանը։ Հանրությունը վստահելի ուժ ու մի առաջնորդ է փնտրում, որի հետևից կգնա ու կընտրի նրան։
Վստահաբար ասում եմ՝ այսօր Հայաստանում այն վիճակն է, որ հանրության 90 տոկոսը նողկանք, ատելություն ու տհաճություն է զգում օրվա իշխող քաղաքական ուժի նկատմամբ։ Նորմալ առաջնորդ ունենալու դեպքում, նույնիսկ չեն թողնի գիշերն էլ լուսանա՝ դուրս կգան ու այս ծնկաչոք վիճակը կփոխեն։ Մարդիկ ակնհայտորեն տեսնում են, որ մեր երկիրն իշխանությունը տանում է ադրբեջանացման, աստիճանաբար իրականություն է դառնում «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը»,– 168.am–ի հետ զրույցում նշեց Հուսիկ Արան՝ խոսելով ՀՀ քաղաքական դաշտում նոր ուժերի ի հայտ գալու մասին՝ ի դեմս ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի և գործարար Սամվել Կարապետյանի։
Նա վստահ է՝ նման ուժերի ի հայտ գալուց հետո, ժողովուրդն այլևս չի կարող պատճառաբանել, թե «Նիկոլ Փաշինյանին այլընտրանք չկա, դրա համար իրեն պետք է ընտրեն»։ Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չի ուզում, այլ ուզում է նոր ազգային ուժերի, որոնց կվստահի իր քվեն։
«Միանշանակ կարևորում եմ քաղաքական հայտի ներկայացումը, կարծում եմ՝ վաղուց պետք է անեին, մի բան էլ ուշացել են՝ Արման Թաթոյանի քաղաքականություն մտնելը, Սամվել Կարապետյանի կողմից շարժում սկսելը։ Վստահ եմ, այս մարդիկ իրենց շուրջ կարող են համախմբել մարդկանց։ Կարծում եմ՝ կլինեն նաև այլ ուժեր։ Հավատացեք, այսօր մարդիկ մեծ համակրանք ունեն Արման Թաթոյանի, Սամվել Կարապետյանի նկատմամբ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Բանաստեղծի խոսքով՝ առաջիկա ընտրություններում կրկին ընտրվելու համար օրվա իշխանությունն ամեն ինչի գնալու է, քանի որ վերջին 7 տարիներին Հայաստանը հասցրել են այնպիսի աննորմալ վիճակի, ուղղակի ճար չունեն, պետք է ամեն ինչ անեն կրկին ընտրվելու համար։
««Վա բանկ» են գնալու, նահանջի տեղ չունեն, որովհետև շատ հստակ տեսնում են, որ պատժվելու են, անխուսափելի է։ Դրա համար իրենք բոլոր միջոցներով պայքարելու են՝ մարդկանց կալանավորելով, բանտարկելով։ Ավելին, եթե Էջմիածինում ՔՊ-ն հաղթանակ տարավ, ապա մեկ շաբաթ էլ չանցած կգրոհեն Վեհարանի վրա՝ պղծելու են ու ավիրեն։ Մինչև ընտրություններ մենք ականատես ենք լինելու զայրացնող, զարմացնող իրավիճակների, որոնք նախկինում երբեք չեն եղել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հուսիկ Արան միաժամանակ ասաց, որ մշտապես ասել է՝ Նիկոլ Փաշինյանից բացի, առաջիկա ընտրություններում ով էլ ընտրվի երկրի ղեկավար, նախկին 3 նախագահները պետք է մշտապես իրենց խորհուրդներով նրան աջակցեն։
«Պետք է աջակցեն, խորհուրդներ տան, օգնեն, որպեսզի երկրի այս կործանումը կանգնեցնեն, ու կարողանանք առաջ գնալ։ Ես վաղուց եմ ասել, որ միավորված ու միասնական լինեն, որպեսզի միասնական այս վիճակից դուրս գանք։ Անկախ բաղթողումներից ու ձեռքբերումներից, թերություններից ու առավելություններից, այսօր մենք այն վիճակում ենք, որ միասնականություն է պետք, անհրաժեշտություն է։ Եթե սա է փրկություն տանող ճանապարհը, ապա ինչո՞ւ պետք է դրանից խուսափենք։ Երեք նախկին նախագահներն իրենց փորձով պետք է կարողանան այս վիճակը կայունացնել, երկիրը կործանվում է, հետևաբար՝ իրենց ունեցած առավելագույնը պետք է դնեն դա թույլ չտալու համար»,- ընդգծեց Հուսիկ Արան։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test