Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Նման սցենար չունենք և դա մեր ձեռագիրը չէ»․ Շիրակի մարզպետը՝ Վարդան Ղուկասյանին «դուրս շպրտելու» մասին aravot.am aravot.am

time
«Նման սցենար չունենք և դա մեր ձեռագիրը չէ»․ Շիրակի մարզպետը՝ Վարդան Ղուկասյանին «դուրս շպրտելու» մասին

Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած հերթական մարզխորհրդի նիստից հետո մարզպետ Դավիթ Առուշանյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ՝ պատասխանելով վերջին օրերին Գյումրիում ստեղծված լարված իրավիճակի մասին որոշակի հարցերի։

Ի դեպ, մարզխորհրդի նիստին առաջին անգամ ներկա էին Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը և աշխատակազմի ղեկավար Կարեն Մալխասյանը։

Շիրակի մարզպետն, անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ էր Գյումրու համայնքապետարանին այսպես ասած չափի հրավիրում՝ քննադատելով «Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջ» ֆեյսբուքյան էջը որպես անձնական հարաբերությունների պարզաբանման ու քաղաքական գրագրությունների հարթակ դարձնելու համար, որին էլ, սակայն, բավական կոշտ արձագանքեցին քաղաքապետարանից՝ նշելով, որ տեղական ինքնակառավարման մարմինը քո ենթական չէ, ասաց․ «Մարզպետարանն իրավասություն ունի մարզում տեղի ունեցող բոլոր գործողություններին իր հայտարարությունն անելու, ավելին ասեմ՝ շատ հարցերում նաև վերահսկողության լիազորություն ունի։

Կառավարության որոշում կա, թե ինչի մասին պետք է լինեն համայնքապետարանների կայքերը և սոցիալական ցանցերը։ Պետք է լինեն աշխատանքի, արվելիք աշխատանքի, հանրային քննարկումների, տեղեկատվության փոխանցման, տարբեր հարցերի մասին։

Եվ ներկայացնել այնտեղ այլ քաղաքական ուժերի մեկնաբանություններ, եթե կարելի է քաղաքական ուժեր անվանել իրենց։

Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջով վիրավորական արտահայտություններ են հրապարակվում երկրի վարչապետի հանդեպ, արձագանքն ի՞նչ պետք է լիներ, արդյո՞ք գյումրեցիները ուզում են իրենց քաղաքապետարանի էջում տեսնել անձնական նամակագրություններ, կամ այլ քաղաքական ուժերի՝ երկրի ղեկավարին վիրավորող արտահայտություններ, պաստառներ կամ հայտարարություններ։

Վստահ եմ՝ չեն ուզում, որովհետև մեր մարզպետարանի էջը և բոլոր պետական կառույցների էջերը միտված են տեղեկատվություն փոխանցելու քաղաքացուն։

Խոսքը դրա մասին է, մարզպետարանն իր հայտարարությունն արել է, նաև մեջբերում է արել կառավարության որոշումը և հորդորում է, որ այսուհետ բոլոր պետական կառույցներն այն ձևով վարեն իրենց էջերը, որոնց համար ստեղծված են»։

Պատասխանելով այն հարցին էլ, թե ինչո՞ւ է Գյումրու քաղաքապետը դիմում միջազգային կառույցներին՝ դժգոհելով, որ իր նկատմամբ ճնշումներ կան, Դավիթ Առուշանյանը պնդեց ՝ չկան ճնշումներ։

«Եկեք ժամանակը հետ տանենք և հիշենք՝ ռեպրեսիաներն այն ժամանակ էին, երբ պարոն Ղուկասյանը, ընտրված քաղաքապետ լինելով, դիմում գրեց հրաժարականի և դուրս եկավ Գյումրու քաղաքապետի պաշտոնից։

Եկեք ռեպրեսիաները հիշենք այն ժամանակ, երբ հաջորդ ընտրություններում Վարդան Ղուկասյանին թույլ չտվեցին մասնակցել ընտրությունների, այդ մասին ես չեմ ասում, այդ մասին պարոն Ղուկասյանն է ասում։

Հիմա ընտրություններ են տեղի ունեցել, ավագանու չորս ուժեր միացել են, ընտրել են Գյումրու քաղաքապետ, մարզպետարանը, կառավարությունը Գյումրիում բոլոր ծրագրերը իրեն վերապահված լիազորությունների սահմաններում շարունակում է անել, ի՞նչ ռեպրեսիաների մասին է խոսք․ էն ռեպրեսիաների՞, թե՞ էս ռեպրեսիաների»։

Դավիթ Առուշանյանը վստահեցնում է՝ որևէ սցենար չկա պարոն Ղուկասյանին պաշտոնանկ անելու։

«Պարոն Ղուկասյանը ինչի՞ մասին է խոսում, չեմ կարող ասել, գուցե ինքն ինֆորմացիաներ ունի, մենք նման սցենար չունենք, մենք նման ձեռագրով չենք առաջնորդվում։

Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության շատ ու շատ համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետ չունի և որպես այդպիսին՝ մենք այդ ամենից ողբերգություն չենք սարքում։ Ընտրություններ են եղել, մեր համար ամենակարևորն արդար, մաքուր ընտրություններ լինեն և լեգիտիմ իշխանություն ձևավորվի։

Կառավարությունն անում է բնակչի համար, ոչ թե կոնկրետ քաղաքապետի, քաղաքապետարանի համար»,-ասաց մարզպետը։

Մեր ճշտող հարցին, թե Վարդան Ղուկասյանին «դուրս շպրտելու» գործընթաց չկա՞․ այս մասին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը չէ՞ր հնչեցնում, Դավիթ Առուշանյանը պատասխանեց․ «Վարչապետի խոսքը ուղղված չէր անձամբ պարոն Ղուկասյանին, ինչքան ես եմ հասկանում, վարչապետի խոսքը ուղղված էր այն բոլոր պետական պաշտոնյաներին ու ոչ միայն պետական պաշտոնյաներին, որոնք գտնում են, որ ազատ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի միութենական պետության կազմում։

Այդ պարագայում բնականաբար ես ևս համաձայն եմ, որ մեր ինքնիշխանությունը չի կարելի դնել կասկածի տակ, մանավանդ պետական պաշտոնյաների կողմից»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test