2025 թվականի հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը գնացել էր ՀՀ քննչական կոմիտե, որտեղ, մասնավորապես, հայտարարել է. «Պետական դավաճանության բազմաթիվ դեպքեր ենք բացահայտում:
Զինվորական ծառայության մեջ գտնվող մարդիկ, ու հետո ասում ես՝ վա՛յ, ոնց կարա սա տեղի ունենա, ոնց ա դա հնարավոր ընդհանրապես, որովհետև էնպիսի դեպքեր են, դե էդ գործերը քննվում են գաղտնի ընթացակարգով, դատավարությունները տեղի են ունենում դռնփակ: Բայց նրանք, ովքեր հասու են ինֆորմացիային, մտածում ես՝ ոնց կարա սա լինի, ոնց ա ընդհանրապես սա հնարավոր: Այստեղ մենք ուրիշ բան պիտի հասկանանք՝ սա ինչի՞ մասին է վկայում:
Սա վկայում է այդ անհատի կերպարում առկա պրոբլեմների մասի՞ն, թե՞ հանրության շրջանում առկա պրոբլեմի, պետական համակարգում առկա պրոբլեմի, օրենսդրության և կարգավորումների պրոբլեմի: Որովհետև էս դեպքերը նշանային են, մենք հետևում ենք:
Մենք բոլորս Հայաստանում ենք, չէ՞, ապրում, հետևում ենք, տեսնում ենք, առերեսվում ենք, թե ինչպես ենք մենք խոսում հայրենիքի մասին, ինչքան շատ ենք խոսում, ինչքան շատ ենք խոսում հայրենասիրության մասին և այլն, և այլն: Կամ՝ ինչքանով ենք ավանսով հերոս համարում բոլորին, և հետո այդ հերոսների մեջ, պարզվում է՝ վայ, մի դավաճան բացահայտվեց, վայ, երկրորդը, երրորդը, չորրորդը…, ընդ որում, ես սա որպես օրինակ չեմ ասում: Վերջին տարիներին, եթե հիշողությունս չի դավաճանում, տասնյակ դեպքեր ունենք, որ չես կարողանում առերեսվել էդ խնդրի հետ: Նախ ինքը՝ փաստը, երկրորդը՝ փաստի հանգամանքը, չես կարողանում հավատալ, որ դա հնարավոր է, տեղի է ունեցել»:
Նիկոլ Փաշինյանի նման վերաբերմունքը կամ արտահայտչաձևը զինվորականության վերաբերյալ բացարձակ զարմանք չի հարուցում, քանի որ առաջին անգամը չէ: Դեռևս 2023 թվականին, խախտելով ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի անմեղության կանխավարկածը, ով մեղադրվում է Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու և «Արեգասարից» նահանջի հրաման տալու համար, Փաշինյանն ԱԺ ամբիոնից նմանօրինակ ձևակերպումներ էր արել նրա հասցեին:
«Ենթադրում եմ՝ ինքը մի տեղից է հրաման ստացել, որտեղից հրաման ստացած լինելու փաստը խոստովանելու պարագայում ինքն ավելի լուրջ մեղադրանք կստանա, այսինքն՝ լրտեսի, հայրենիքի դավաճանի մեղադրանք, ինքն ասում է՝ մեղավոր եմ, ինձ անփութության համար դատեք, ինչքա՞ն է հասնում, 7 տարի՞ է հասնում, դատեք, որովհետև էն մյուս խոստովանության դեպքում իրեն ոչ միայն կդատեն, այլև իր ապրած առոք-փառոք կյանքը, կպարզվի՝ 0 արժեք ունի, որովհետև ինքը շարքային գործակալ է, օրինակ»:
44-օրյա պատերազմում պատասխանատու բարձրաստիճան զինվորականները հիմնականում մեղադրվում են ծառայողայական և պաշտոնեական «անփութության» համար: Բայց Փաշինյանի խոսքում թաքնված վտանգավոր այլ ինքնախոստովանություն կա՝ փաստորեն նա հերոսներ է «ընտրում», այսպես ասած՝ ավանսով, և երբ նրանք համարձակվում են իրեն դեմ արտահայտվել, ապա համարվում են «դավաճան»:
Հետաքրքիր է՝ նա այդ պահին ո՞ւմ նկատի ուներ, արդյո՞ք նրանք 44-օրյայի օրերին Ազգային հերոս դարձած անձինք են:
Սա նաև մեսիջ է զինվորականներին, որ թեև Քննիչ հանձնաժողովի զեկույցը չի մտել ԱԺ լիագումար նիստ, սակայն քաղաքական հարմար պահի այդ «ավանսով հերոսները» կարող են հռչակվել դավաճաններ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի այս հայտարարության առնչությամբ հարցումներ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ քննչական կոմիտե:
«Նիկոլ Փաշինյանը նման անպատասխանատու հայտարարություններ է անում, որոնք հետո հերքվում են, պատմողական ոճով քաղաքական այդ հիշատակումները շատ անգամներ հերքվել են: Այո, իշխանությունները քարոզչական արշավներ են ծավալել, թե այսքան-այնքան դավաճանության մեղադրանքով մարդիկ են եղել, և ավելի ուշ դրանք հերքվել են, մարդիկ արդարացվել են, ավելին, բարձր զինվորական պաշտոնների են նշանակվել»,- շեշտեց Մանուկյանը:
Իհարկե, եղել են նման դեպքեր, երբ զինվորականներին մեղադրել են դավաճանության մեջ, ինչը հետո չի հաստատվել: Բայց եթե ընդունենք, որ նման դեպքերը քիչ չեն, ապա Փաշինյանը չպետք է մոռանա, որ ինքն է պատահական մարդկանց մտցրել բանակ, դարձրել պայմանագրային զինվորականներ, գործուղել պատերազմի դաշտ:
168.am-ը գրել էր, որ 2018-ին պետական դավաճանություն կատարած անձը 2020-ին հայտնվել է պատերազմի դաշտում, իսկ թե ինչպես, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել:
Ի դեպ, 2023 թվականին մեզ որոշակի տվյալներ էր տվել զինվորականության շրջանում պետական դավաճանության դեպքերի մասին:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում պետական դավաճանության դեպքերով նախաձեռնվել և քննվել է 39 քրեական վարույթ»,- հայտնել էին ԱԱԾ-ից:
Իսկ 2024 թվականին ԱԺ-ում ԱԱԾ այդ ժամանակվա տնօրեն Արմեն Աբազյանը հայտարարել էր.
«2019-2024թթ. բացահայտվել է սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված 86 հանցագործություն, որից պետական դավաճանության 28 դեպք՝ զուգորդված լրտեսությամբ, ինչպես նաև՝ լրտեսության 2 դեպք»:
Իսկ նման դեպքեր լինում են նաև Բաքվում, բայց Ալիևը դա չի օգտագործում՝ վարկաբեկելու համար սեփական բանակը:
Ի դեպ, վերը նշված հայտարարությունն անելու համար Փաշինյանը խորհրդանշական օր է ընտրել: Հիշենք մի քանի կարևոր դրվագ:
2020 թվականի հոկտեմբերի 8-ին ձախողվել էր Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում հաստատած հակահարվածի հայտնի օպերացիան: Այս դրվագով, ինչպես գիտենք, սկզբում մեղադրանք առաջադրեցին ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն որոշեց նշանակել ռազմագիտական փորձաքննություն, որից հետո նա արդարացվեց: Այս դրվագով գործը, սակայն, ինչպես գրել ենք, չի փակվել:
«2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված բանակային հակահարվածի դեպքով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- 2025 թվականի մարտին 168.am-ին հայտնել էին ՀՀ քննչական կոմիտեից:
Բայց 2020 թվականի հոկտեմբերի 7-ին և 8-ին ուշագրավ այլ դրվագներ էլ են եղել:
Մասնավորապես, հոկտեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ պաշտոնից ազատել են ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանին, իսկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», դա ներկայացրել էր լրտեսական ցանցի բացահայտման գործողությունների համատեքստում:
Սրանից մեկ օր հետո՝ 2020 հոկտեմբերի 8-ին, զբաղեցրած պաշտոնից ազատել էին նաև ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին, ով դրանից օրեր առաջ մասնակցել էր հակահարվածի հայտնի օպերացիայի քննարկմանը: Իհարկե, պաշտոնազրկումը չի խանգարել Քյարամյանին 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում լինել Արցախում և բազմաբնույթ գործունեություն ծավալել՝ սկսած խրամատավորման աշխատանքներին մասնակից լինելուց, վերջացրած զինված ստորաբաժանումներ տարբեր տեղեր տանելով, տեղակայելով, անհրաժեշտության դեպքում՝ օգտագործել որպես ԱԱԾ պետ ունեցած ինչ-ինչ կապերը:
Ավելին, պատերազմից հետո Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, և, ըստ էության, նրա «ձեռքի տակով» են անցել 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերը: Իսկ մինչև հիմա հայտնի չէ՝ ինչու պատերազմի ընթացքում իրար հետևից պաշտոնազրկվեցին ԱԱԾ կարևոր պաշտոնյաներ՝ Արգիշտի Քյարամյանը և Լևոն Շահումյանը:
Այս ընթացքում մենք փորձել ենք ԱԱԾ-ից այս առնչությամբ պարզաբանումներ ստանալ, մասնավորապես, Լևոն Շահումյանի պաշտոնազրկման մասին, և մոտ երկու տարի առաջ մեր հերթական հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից նախ հիշեցրել էին, որ օրենսդրությամբ «ԱԱԾ անմիջական ղեկավարումն իրականացնում է ԱԱԾ տնօրենը», այնուհետև շարունակել, որ՝ «ազգային անվտանգության մարմինների համապատասխան ծառայողների ընտրությունն ու փոխարինումը բխում է ինչպես ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրների կարևորությունից, առանձնահատկություններից և դրանց լուծման հրատապությունից, այնպես էլ իր լիազորությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունից»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Լևոն Շահումյանն ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետի իր լիազորություններն արդյունավետ չի իրականացրել, և արդյո՞ք վերը նշված պատճառները կարող են տարածվել նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ազատված Արգիշտի Քյարամյանի վրա:
Ինչևէ, հիշեցնենք 2020 թվականի հոկտեմբերի 8-ի կարևոր ևս մի դրվագ:
2020թ. հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել էր.
«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով՝ ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն, և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում»:
Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը՝ մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ՝ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ»:
Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ զինծառայողների շրջանում կեղծ, խուճապ առաջացնող լուրեր տարածողը սպա է: ԱԱԾ-ն նշել էր նաև նրա անվան և ազգանվան սկզբնատառերը` Ն.Մ.։
«Հայրենիքի պաշտպանության վեհ առաքելության խորը և համընդհանուր գիտակցության պայմաններում, ՀՀ ԱԱԾ-ն հարկ է համարում, այնուամենայնիվ, պարզաբանելու, որ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված պետական դավաճանության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու համար։ Թշնամու կողմն անցնելը, ի թիվս այլնի՝ դրսևորվում է ռազմական գործողությունների ժամանակ իշխանություններին չենթարկվելու կոչեր անելով»,- մասնավորապես, նշվում էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:
2023 թվականի մարտի 21-ին գրավոր հարցմամբ ԱԱԾ-ից հետաքրքրվել էինք՝ ի՞նչ փուլում է քրեական գործը, ի՞նչ բացահայտվեց, ի՞նչ եղավ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում այդ ժամանակ ձերբակալված Ն.Մ.-ի հետ, արդյո՞ք եղել են այս գործով այլ մեղադրյալներ կամ կասկածյալներ:
Օրեր հետո իր պատասխան-գրության մեջԱԱԾ-նհայտնել էր.
«Նշված քրեական գործը (ըստ մեղադրանքի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով) 2021 թվականի մարտի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»:
Նշենք,որ հիշատակված 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածը վերաբերում էր զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելուն:
168.am-ը նույն ժամանակահատվածում հարցում էր ուղարկել նաև ՀՀ քննչական կոմիտե: Մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանին հողեր ծախելու մեջ մեղադրող սպայի գործի առնչությամբ մեր հարցմանը պատասխանել են.
«Ձեր կողմից նշված դեպքով ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված թիվ 58228120 քրեական գործի /ներկայումս վարույթի/ շրջանակներում ձերբակալված Ն․Մ․-ին դեռևս 10․10․2020թ․ մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով, և նույն օրը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։
Նշված քրեական վարույթով ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանքներ են առաջադրվել 3 անձի։
Քրեական վարույթով իրականացվող նախաքննությունը շարունակվում է»:
Հետաքրքիր է՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ի իր հաղորդագրության մեջ հարկ էր համարել առանձնացնել կամ հիշեցնել հենց պետական դավաճանության մասին հոդվածը՝ «ՀՀ ԱԱԾ-ն հարկ է համարում, այնուամենայնիվ, պարզաբանելու, որ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված պետական դավաճանության համար…», բայց հետո պարզվում է, որ Ն.Մ.-ին առաջադրված մեղադրանքը պետական դավաճանության համար չէ:
Այնպես որ՝ պետական դավաճանության մասին խոսող Նիկոլ Փաշինյանը շատ կոնկրետ հարցերի պետք է պատասխանի, ինչպես նաև հարցին, թե ո՞նց կարող էր նման բան լինել…
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test