Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման ու զրկվեց մայորի կոչումից
sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմի ընթացքում մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման։ 3 տարի տևած դատական նիստից հետո Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում նիստը նախագահող դատավոր Ջոն Հայրապետյան կարդաց վճիռը։ Դատարանի որոշմամբ Իշխան Վահանյանը զրկվեց նար մայորի կոչումից։
Վահանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական գործող օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասով (մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) և 549-րդ հոդվածի 3-րդ մասով (անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ)։ Վահանյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվեց ազատազրկումը՝ 16 տարի ժամկետով։ Մեղադրող դատարանից պահանջե էր Իշխան Վահանյանին մեղավոր ճանաչել և վերջնական պատիժ նշանակել՝ ազատազրկում 18 տարի ժամկետով: Վահանյանը անազատության մեջ կլինի 11 տարի և 10 ամիս, քանի որ դատավարության ընթացքում խափանման միջոցը եղել է կալանք։
Ըստ մեղադրանքի` 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութ բնակավայրի Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում Իշխան Վահանյանը, լինելով մեղադրվող գումարտակի հրամանատար, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով նաև վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը, ինչի հետևանքով զինծառայողների մի մասը զոհվել է, մի մասը գերեվարվել, մյուսների գտնվելու վայրը անհայտ է: Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը միայնակ էր թողել նորակոչիկներին՝ պատճառաբանելով, թե վիրավոր է։
Նշենք, որ երեկ կայացած դատական նիստում Վահանյան օգտվել է իր` դատարանում վերջի խոսք ասելու իրավունքից և նշել, թե պատերազմի ընթացքում իր գործողությունները ճիշտ է կատարել։ Նրա խոսքով` ինքը հայտնել է, որ անձնակազմը մարտի պատրաստ չի, համալրման կարիք ունի։
«Ինձ ասել է, որ խաղաղություն ա լինելու, հրադադար ա կնքվելու, բարձրանում ենք, ոչ մի բան չի լինելու։ Առավոտյան հակառակորդի գործողություններից հասկացել եմ, որ նստած եմ ոչ թե պահպանության, այլ պաշտպանության»,- ասաց նա` հավելելով, որ ինքը զեկուցել է վիրավորների մասին, որոնք համապատասխան կարգով դուրս են բերվել։
Հիշեցնենք, որ, ըստ քրեական գործի, զոհվել է առնվազն 16 զինծառայող, վիրավորվել՝ 6-ը, գերեվարվել՝ 7-ը։ Այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։