Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը տանում է եվրաինտեգրման ճանապարհով, որ խորհրդարանն օրենք է ընդունել, որով տրվել է այդ գործընթացի սկիզբը: Նա պարտաճանաչորեն մասնակցում է եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումներին, որոնց մասնակցում են եվրոպական երկրների ղեկավարները, ցույց տալու, որ ինքն էլ է իբրեւ թե եվրոպական երկրի ղեկավար: Հաջորդ տարվա մայիսին` Հայաստանի խորհրդարանական ընտրություններից ընդամենը օրեր առաջ, եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ հավաքը նախատեսվում է Հայաստանում: Փաշինյանի եւ նրա եվրոպացի հովանավորների մտահղացմամբ՝ եվրոպական երկրների ղեկավարների հավաքը կարող է էական նախընտրական աջակցություն լինել Նիկոլ Փաշինյանի համար, հայ ընտրողները կարող են մտածել, որ եթե այդքան կարեւոր մարդիկ են ընտրություններից առաջ եկել Հայաստան, ուրեմն Փաշինյանն իսկապես միջազգային հեղինակություն է, ունի այդ մարդկանց աջակցությունը:
Մինչդեռ այդ նույն եվրոպական երկրների ղեկավարներն իրենք իրենց երկրներում աջակցության կարիք ունեն, քանի որ մերժված են իրենց հասարակությունների կողմից: Բոլորը գիտեն, թե ինչպիսի իրավիճակ է Ֆրանսիայում, որտեղ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի նշանակած վարչապետները փոխվում են ամիսը մեկ հաճախականությամբ, վերջին վարչապետն ընդամենը 21 օր դիմացավ: ԵՄ, այսպես կոչված, լոկոմոտիվ երկրում` Գերմանիայում, իրավիճակը զարգանում է նույն տրամաբանությամբ` իշխանության եւ դրա առաջին դեմքի հեղինակազրկման: Չնայած, ի տարբերություն Ֆրանսիայի, որտեղ կիսանախագահական կառավարում է, եւ նախագահը չունի խորհրդարանական մեծամասնություն, Գերմանիայում խորհրդարանական կառավարման համակարգ է, եւ կա խորհրդարանական կառավարող մեծամասնություն՝ կազմված մի քանի ուժերի դաշինքից, սակայն իշխանությունները հեղինակազրկված են, նրանց վարկանիշն անընդմեջ նվազում է, իսկ առաջատար ընդդիմադիր` «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պահպանողական կուսակցության հանրային աջակցությունը մեծանում է:
Ուզում եմ ձեզ ներկայացնել ԱԳՀ կուսակցության ղեկավար Ալիս Վայդելի՝ Գերմանիայի խորհրդարանում` Բունդեսթագում ունեցած ելույթից մի կարճ հատված: Ոչ միայն այն պատճառով, որ այն բնորոշումները, որ տալիս է տիկին Վայդելը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, նույնական են Հայաստանի վարչապետի համար, ոչ միայն այն պատճառով, որ համոզվեք, որ այն քաղաքականությունը, որ իրականացվում է Գերմանիայում եւ ԵՄ մյուս երկրներում, գրեթե նույնությամբ կրկնվում է Հայաստանում, ինչը նշանակում է, որ թելադրվում եւ ուղղորդվում է նույն կենտրոնից, այլ ավելի շատ՝ որ հասկանաք, թե ուր է մեզ տանում Փաշինյանը, երբ հայտարարում է, որ Հայաստանն ուզում է դառնալ ԵՄ լիարժեք անդամ: Եվ այսպես․ ըմբոշխնեք տիկին Վայդելի ելույթը, որը ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի իրական քաղաքական ընդդիմախոսը:
«Պարոն կանցլեր, Դուք մեր երկրի խայտառակությունն եք, Դուք սպառնալիք եք մեր ապագային։ Հեռացեք: Դուք, պարոն կանցլեր, որ համարձակվել եք այսօր ներկայանալ այստեղ՝ դեմքի այդպիսի ինքնագոհ արտահայտությամբ, այնպես, կարծես արդեն գրել եք Ձեր անունը պատմության մեջ՝ որպես ազգի փրկչի: Բայց, նայելով Ձեզ, ես տեսնում եմ ոչ թե փրկչի, այլ՝ գերեզմանափորի, մեր երկրի բարեկեցության գերեզմանափորի, մեր երկրի անվտանգության գերեզմանափորի եւ, որ ամենասարսափելին է՝ մեր ապագայի գերեզմանափորի: Պարոն կանցլեր Մերց, Դուք, որ Ձեզ արդեն հուշարձան եք կանգնեցրել, չորս տարվա ընթացքում գրեթե տրիլիոն եվրո նոր պարտքեր եք կուտակել, դա վերջին 75 տարիների ընթացքում մեր կուտակած պարտքերին ավելացրել է եւս 50 տոկոս։ Կրկնում եմ՝ Դուք դա արել եք ընդամենը 4 տարվա ընթացքում, Ֆեդերալ հաշվիչ պալատը հենց նոր հաստատեց, որ մեր երկիրը գրեթե սնանկության եզրին է:
Առանց չափազանցության, մենք ապրում են ճակատագրական ժամանակաշրջանում, երբ մեր հասարակության հյուսվածքները, մեր սիրելի հայրենիքը քանդվում է կարերից, կանգնած է անհատակ անունդի եզրին, այդ անդունդը մի անուն ունի` դա Ձեր կողմից իրականացվող քաղաքականությունն է, դրա անունը Ձեր անսկզբունքայնությունն է, դրա անունը իշխանության հանդեպ ունեցած Ձեր անսահման եւ պաթոլոգիկ ծարավն է, հանուն որի Դուք պատրաստ եք վառել եւ մոխրացնել այն ամենը, ինչը տարբեր սերունդներ կառուցել ու ստեղծել էին՝ մինչեւ Ձեր իշխանությունը: Ձեր խոսքերը, որոնք հնչել էին որպես նախընտրական խոստում, ոչ թե սոսկ դատարկ զնգոց էին, ոչ՝ դա չափազանց մեղմ կլինի Ձեզ համար․ Ձեր խոսքերը թույն էին, որ թունավորեցին միլիոնավոր մարդկանց հույսերը, թույն էին, որ թունավորեցին հավատը քաղաքականության նկատմամբ: Դրանք սառնասիրտ, մտածված եւ նողկալի սուտ էին տարածում: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էիք նախընտրական հանդիպումների ժամանակ ձեռքը կրծքին խփելով խոստանում, որ պողպատյա ձեռքով կարգուկանոն կհաստատեք: Դուք անպատիվ, անխիղճ եւ անպատասխանատու մարդ եք, որը պատրաստ է երկիրը վերածել ավերակների՝ հանուն անձնական հավակնությունների բավարարման:
Հայրենիք կառուցելու համար պետք է գաղափարախոսություն, որը Դուք չունեք, պետք է հայրենասիրություն, սեփական ազգի դրական նկարագրի ընկալում, իսկ Դուք ոչնչացնում եք հայրենասիրությունը: Հանուն ինչի՞ են պատրաստ լինելու մարդիկ զոհվել` հանուն Ձեր գենդերային չեզոք զուգարանների՞, թե՞ հանուն ծիածանագույն դրոշների:
Կարծում եմ՝ ձեր մտքով էլ անցավ, որ այս ելույթը կարծես վերաբերեր Նիկոլ Փաշինյանին, որ եթե «կանցլեր Մերցի» փոխարեն ասվեր «վարչապետ Փաշինյան», կարելի էր ուրիշ ոչինչ չփոխել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test