Ռուսաստանը շարունակում է Հարավային Կովկասում առաջ մղել ռեգիոնալ 3+3 ձևաչափը։ Հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է մինչև 2025 թվականի ավարտը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի չորրորդ նախարարական հանդիպման անցկացմանը:
«Մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների մեջ ենք, որովհետև հերթականության հարց կա։ Այսինքն՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը պատրաստ են նման նիստ անցկացնել իրենց երկրներում, միայն պետք է համաձայնեցնել հերթականության կարգը։ Մենք, բնականաբար, ամեն կերպ օժանդակում ենք դրան»,- ասել է դիվանագետը։
Դեսպանի խոսքով` հարթակի բոլոր մասնակիցները, որոնք կապ են պահպանում թուրքական և իրանական կողմերի հետ, ելնում են նրանից, որ դա օգտակար, պահանջված ձևաչափ է, և տարածաշրջանի խնդիրների լուծման գործում առանցքային դեր պետք է խաղան հենց տարածաշրջանի պետությունները: «Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Իհարկե, երրորդ երկրների մասնակցությունը կարող է արժեքավոր լինել, բայց այն պետք է կառուցվի ըստ իրողությունների և տարածաշրջանային երկրների շահերի»,- նշել է դիվանագետը։
Կոպիրկինը նաև ասել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման կամ հայ-ամերիկյան երկխոսության շրջանակներում քննարկվող շատ հարցեր անխուսափելիորեն շոշափում են մյուս հարևան երկրների շահերը, և հենց այդ պատճառով «3+3» հարթակը դառնում է բազմակողմանի երկխոսության օբյեկտիվորեն պահանջված մեխանիզմ: Դեսպանն ընդգծել է` ձևաչափն աշխատում է. արդեն կայացել է երեք հանդիպում։ Ինչ վերաբերում է Թբիլիսիի մասնակցությանը, ապա, նրա խոսքով, Վրաստանը սկզբնական փուլում հետաքրքրություն է ցուցաբերել փորձագիտական մակարդակով, մասնակցել է միջոցառումներից մեկին, սակայն ավելի ուշ հեռացել է: Այնուամենայնիվ, դեսպանի խոսքով՝ հարթակի բոլոր մասնակիցները միակարծիք են, որ Վրաստանի համար դռները բաց են։
Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին 168․am-ի հետ զրույցում ասաց, որ վեցակողմ այս ձևաչափի աշխատանքի շարունակականության հարցում ներկայումս հետաքրքրված են Ռուսաստանն ու Իրանը։ Մնացած մասնակիցները, նրա խոսքով, այս կամ այն կերպով որոշակի ռեգիոնալ համագործակցություն ունեն այս կամ այն հարթակում, ուստի հենց այս հարթակի անհրաժեշտությունը չեն գտնում։
«Ուստի նրանք առանձնապես մեծ շտապողականություն չեն ցուցաբերում այս հարթակի աշխատանքը կայացնելու ու շարունակելու համար։ Ցանկացած նման կազմակերպությունում մասնակցությունը, դրա որակը պայմանավորվում է շահերով, աշխարհաքաղաքականությամբ, և այս ձևաչափն ակնհայտորեն վերաբերում է Հարավային Կովկասին ու դրանում ռեգիոնալ խաղացողների ազդեցությանը։ Ռուսաստանն ու Իրանն այս ձևաչափը դիտարկում են՝ որպես ռեգիոնում և հայ-ադրբեջանական զարգացումներում սեփական շահերն ու ազդեցությունն առաջ մղելու միջոց։ Տարածաշրջանում հենց այդ կարևոր շրջանակում նման ձևաչափի համագործակցությունը թույլ կտար հաշվի առնել այս ռեգիոնում ազդեցություն ունեցող բոլոր ուժերի շահերը, սակայն, թերևս ակնհայտ է դառնում, որ կան կողմեր, որոնք դրանում շահագրգռված չեն, քանի որ կա նաև ռեգիոնալ ազդեցության շուրջ մրցավազք»,- ասաց Ալի Սալամին։
Նրա խոսքով, այս ձևաչափի հաստատումը շատ առումներով կհավասարակշռեր իրավիճակը ռեգիոնում, կչեզոքացներ վտանգներն ու սպառնալիքները։
«Սակայն այս աշխարհաքաղաքական ազդեցության փոքր միավորումների ձևավորման ժամանակահատվածում շատ ուժեր ձգտում են ձևավորել գործիքներ, համագործակցության հարթակներ, որտեղ իրենք ու իրենց շահերն են դոմինանտ, դրանք կարող են առաջ մղվել՝ ապահովելով իրենց շահերի առաջմղման լավագույն կոնֆիգուրացիան։
Աշխարհաքաղաքական այս բարդ ու տրանսֆորմացիոն ժամանակահատվածում շատ ավելի մեծ կազմակերպություններն իրենց տեղը զիջում են ռեգիոնալ շահերով փոխկապակցվող միավորումներին, ու նույնիսկ նման պրոյեկտների միջև կա մրցակցություն։ Ուստի անհրաժեշտ է հետևողականություն, ակտիվ աշխատանք ռեգիոնալ այս հարթակը կայացնելու և դրանով քաղաքական համագործակցությունն ամրապնդելու համար։ Այս հարթակի շուրջ ստեղծված իրավիճակն ունի աշխարհաքաղաքական պատճառներ։
Մի ժամանակահատվածում, երբ կա գլոբալ պայքար, օրինակ՝ ՌԴ ազդեցության թուլացման համար, դժվար է կայացնել մի հարթակ, որը կարող է ապահովել որոշակի ազդեցություն»,- ասաց Ալի Սալամին։
Նա գտնում է, որ դրա համար նախ հարկավոր է կարգավորել ու խորացնել երկկողմ բոլոր հարաբերությունները։
«Այս դեպքում այդ աշխատանքը պետք է իրականացնեն Ռուսաստանը, Իրանը, քանի որ այս փուլում հենց նրանք են բարձրացնում այս հարթակը կայացնելու հարցը։ Ռուս-ադրբեջանական բարձրաստիճան վերջին հանդիպումը, բարեհաջող բանակցությունները նման օրինակ են։ Նման զարգացումները կարող են որոշակի բարենպաստ իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասի շուրջ այս հարթակով համագործակցության համար։ Այս շրջանակում ցանկացած լարված հարաբերություն խոչընդոտում է այս համագործակցությանը»,- ասաց նա։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test