Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հեծանիվ, խաղաղություն և դիվանագիտություն. ինչ ուղերձներ են հնչում Դուշանբեից azatutyun.am azatutyun.am

time
Հեծանիվ, խաղաղություն և դիվանագիտություն. ինչ ուղերձներ են հնչում Դուշանբեից

Բրյուսելից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվով սլացավ նաև Դուշանբեի փողոցներով՝ լուրջ փիլիսոփայություն դնելով իր հոբբի մեջ:

«Հեծանիվով ավելի պատկերավոր ես հասկանում, որ ճանապարհը միշտ չէ, որ ուղիղ է, և որ ցանկացած վերելքի հաջորդում է վայրէջք, և ցանկացած վայրէջքի հաջորդում է վերելք: Հարցն այն է, թե արդյոք դու ունե՞ս կամք շարունակելու առաջ գնալ», - սոցիալական ցանցում հրապարակած կարճ տեսանյութում ասաց Փաշինյանը:Սաղավարտը փոխարինած փողկապ-կոստյումով՝ մի քանի ժամից Հայաստանի վարչապետը մասնակցեց ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին: Մանրամասն ներկայացրեց վաշինգտոնյան պայմանավորվածությունները: Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված փաստ համարեց, որի համար, նկատեց, առանցքային է դարձել ԱՊՀ հիմնադիր փաստաթուղթը՝ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագիրը։

Չնայած նախապայմաններից Բաքուն չի հրաժարվում, վարչապետ Փաշինյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կստորագրվի ու կվավերացվի նաև Սպիտակ տանը նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը:«Հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են։ Մենք դեռևս պետք է հաստատենք փոխադարձ առևտրային, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր, լուծենք հումանիտար խնդիրները, և սա հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով երկարամյա թշնամանքի պատմությունը։ Սակայն հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այս հարցերն աստիճանաբար կլուծվեն», - ասաց նա։

Դուշանբեում Փաշինյան-Ալիև առանձին շփման մասին միայն ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն է հաղորդել: Երևանն ու Բաքուն պաշտոնապես չեն հայտնել՝ ինչ քննարկում է ծավալվել, որ հարցերի շուրջ: ԱՊՀ գլխավոր քարտուղարի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ջերմ զրույց են ունեցել, քննարկել ոչ թե վիճելի հարցեր, այլ, թե ինչպես առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ:Չնայած Երևանի դժգոհություններին, ադրբեջանցի պաշտոնյաները՝ նախագահ Ալիևի գլխավորությամբ, շարունակում են «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն օգտագործել: Երևանի որդեգրած դիրքորոշումից հետո, թե ադրբեջանցիները ոչ թե Հայաստանի տարածքը նկատի ունեն, այլ իրենց երկրով անցվող կապուղին, հայտնի չէ՝ հարցը ևս մեկ անգամ արծարծվել է, թե՝ ոչ:Երբ Ալիևը Փաշինյանի ներկայությամբ այսօր խոսում էր Լաչինը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելուց, մեղադրանքի սլաքն ուղղեց հայկական կողմին, թե «30-ամյա օկուպացիայից հետո կարողացել են վերականգնել ամբողջովին ավերված քաղաքը»: Ալիևը շնորհակալ էր գործընկերներին «Ադրբեջանի արևելյան Զանգեզուրի շրջանի Լաչին քաղաքի թեկնածությանն աջակցելու համար»:

Երեկ Փաշինյանը Դուշանբե մեկնեց ԱՊՀ մյուս լիդերներից ավելի ուշ՝ Բրյուսելից, որտեղ մասնակցում էր «Համաշխարհային դարպասներ» միջազգային համաժողովին: Բայց դատելով սոցցանցերում տարածված տեսանյութերից՝ Հայաստանի վարչապետին գործընկերները քննարկել են թե՛ նրա ներկայությամբ, թե՛ բացակայությամբ: Տեսանյութերից մեկում ոչ պաշտոնական մթնոլորտ է այգում. միջպետական հարաբերություններում ամիսների լարվածությունից հետո հանդիպած Ալիևն ու Պուտինը գրկախառնվում են: Տաջիկստանի նախագահը 7 տարի առաջվա դեպքեր է հիշեցնում Ալիևին, որ առաջին անգամ Փաշինյանին հենց այստեղ է հանդիպել: Հայաստանի վարչապետն այդ պահին դեռ չէր միացել ԱՊՀ ղեկավարներին:

Թերևս խոսքը 2018-ի սեպտեմբերի վերջին Դուշանբեի հավաքի մասին է: Այդ ժամանակ «Ռոսիա 1»-ն էր ֆիքսել, որ Փաշինյանն ու Ալիևը նույն վերելակից են դուրս գալիս: Սա Հայաստանում ներքաղաքական կրքեր բորբոքեց: «Վերելակային դավադրությունը» Փաշինյանը հերքում էր:Արդեն Փաշինյանի ներկայությամբ այսօր տարածված տեսանյութում Ալիևին է դիմում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. «Իլհա՛մ Գեյդարովիչ, իսկ Դուք անհանգստանում էիք, որ չի գա, ես Ձեզ ասում էի՝ Նիկոլ Վովաևիչն առանց մեզ չի կարող»:

Հաջորդ կադրում արդեն Ալիևն ու Փաշինյանը կողք կողքի են, Բելառուսի նախագահի ոչ պաշտոնական «Պուլ պերվոգո» ալիքի տարածած տեսանյութում, սակայն, Փաշինյանի հարցի պատասխանը, թե ինչպե՞ս, ո՞ւր չէի գա, չի հնչում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test