Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ընտրություններից առաջ պատրաստվում են աննախադեպ քանակությամբ պարտք վերցնել 168.am 168.am

time
Ընտրություններից առաջ պատրաստվում են աննախադեպ քանակությամբ պարտք վերցնել

Հայաստանի կառավարությունը մոլագարի նման մի գլուխ պարտքեր է վերցնում։ Մինչև տարեվերջ պատրաստվում են կառավարության պարտքն ավելացնել աննախադեպ 1 մլրդ 809 մլն դոլարով՝ հասցնելով 14 մլրդ 147 մլն դոլարի։

Նախորդ տարվա վերջին կառավարության պարտքը 12 մլրդ 338 մլն դոլար էր։

Օգոստոսի վերջի դրությամբ արդեն պարտքն ավելացրել են 1 մլրդ 220 մլն դոլարով։

Բայց դրանով էլ չեն պատրաստվում բավարարվել։ Մինչև տարեվերջ կավելացնեն ևս 589 մլն դոլարով։

Հայաստանի նորագույն պատմության մեջ նման տեմպերով պարտքի կուտակում երբևէ չի արձանագրվել։ Սա կլինի պարտքի ռեկորդային աճ՝ 1 տարվա ընթացքում։

Բյուջե մտնող հարկերն ու այլ եկամուտները չեն բավականացնում իշխանության ծախսային ախորժակը հագեցնելու համար, անընդհատ նոր պարտքեր են վերցնում։

Չնայած այս տարի սպասվող ռեկորդային աճին, հաջորդ տարի էլ կառավարությունը մտադիր չէ դադար տալ։ Կշարունակի մեծ քանակությամբ պարտքեր վերցնել։

Նախատեսում է հաջորդ տարի պարտքն ավելացնել ևս 1 մլրդ 184 մլն դոլարով։

Պարտքերի այսպիսի մեծածավալ աճերը հանգեցրել են նրան, որ տարեկան հսկայական միջոցներ են հատկացնում պարտքերը մարելու համար։

Հաջորդ տարի պարտքի սպասարկման համար անհրաժեշտ կլինի 1 տրիլիոն 53 մլրդ դրամ։ Սա համարժեք է պետական բյուջեի եկամուտների մեկ երրորդին։

Շուրջ 630 մլրդ դրամ կուղղվի պարտքերի մարմանը։ Եվս 423 մլրդ դրամ անհրաժեշտ կլինի պարտքերի տոկոսները վճարելու համար։ 2024թ. պարտքի տոկոսավճարները կազմել էին 313 մլրդ դրամ։ Երկու տարվա ընթացքում կավելանան առնվազն 35 տոկոսով կամ 280-290 մլն դոլարով։

Կանխատեսվում է, որ այս տարի պարտքի սպասարկման տոկոսավճարը կհասնի 381 մլրդ դրամի։ Հաջորդ տարի կավելանա ևս 42 մլրդ դրամով, ինչն այս տարվանից ավելի կլինի գրեթե 110 մլն դոլարով։

Պարտքի տոկոսների վճարումը, տարադրամով արտահայտված, կկազմի 1.1 մլրդ դոլար։

Դրա համար հաջորդ տարի կհատկացվի բյուջեի հարկային եկամուտների ավելի քան 14 տոկոսը։

Այսպիսի տեմպերով պարտքերն ավելացնելով՝ պետությունը ստիպված է լինելու ամեն տարի ավելի մեծ գումարներ ուղղել վարկերի սպասարկմանը։ Ու քանի որ եղած միջոցները չեն բավարարում և՛ պարտքերը մարել, և՛ անհրաժեշտ առաջնային ծախսերը կատարել, անընդհատ նոր վարկեր են վերցնում ու ավելացնում պետության պարտքային բեռը։

Հաջորդ տարվա վերջին կառավարության պարտքը, 2026թ. պետական բյուջեի նախագծի կանխատեսումներով, կհասնի 15 մլրդ 331 մլն դոլարի։

Պատկերացնելու համար ասենք, որ 2018թ. երբ զավթեցին իշխանությունը, կառավարության պարտքը 6 մլրդ 157 մլն դոլար էր։ 2026թ. վերջին ավելացումը կլինի 9 մլրդ 174 մլն դոլար, ինչը նույնիսկ ռեկորդային աճ համարելն է քիչ։

Եթե այդ գումարները գոնե ծառայեին տնտեսության զարգացումներին, արտադրական հզորությունների ավելացմանը, դեռ ոչինչ, բայց դա էլ չկա։ Շատ հաճախ այս գումարները գնացել են պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Այսինքն՝ դրանց հաշվին փակել են բյուջեի ընթացիկ ծախսերը։ Պարտքեր են վերցրել, պետությանը դրել են ֆինանսական ծանր հարվածի տակ, որպեսզի իրենց աշխատավարձ, պարգևավճար տան, կարողանան չնչին թոշակները վճարել, մյուս սոցիալական ծախսերը կատարել, երկրի գլխին բերած արհավիրքներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար՝ քեֆ-ուրախություններ կազմակերպել։

Բոլորովին վերջերս հաստատեցին հերթական 150 մլն եվրոյի վարկը, տեսեք, թե ինչի վրա են պատրաստվում ծախսել այդ հսկայական գումարը. 150 մլն եվրո են վերցնում, որ պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը, տնտեսության պլանավորումը բարելավեն։

Վարկ են վերցնում, այն էլ՝ նման չափերի, որպեսզի ծախսեն մի բանի համար, ինչը մտնում է իրենց աշխատանքային պարտականությունների մեջ, ու դրա համար պետությունից ոչ պակաս բարձր աշխատավարձ են ստանում։

Այսպես են արել, որ պետության պարտքը հասցրել են աստղաբաշխական տեմպերով ավելացնել։ Աններելի է պետությանն այսպիսի ռիսկերի տակ դնելը։ Պարտքը, որը պետք է լիներ զարգացման գործիք, դարձել է իշխանության ձեռքում սեփական իշխանությունը պահելու միջոց։

Այս վարկերի միջոցով կառավարությունը ստեղծում է տպավորություն, թե իբր բյուջեն կայուն է, եկամուտներն ավելանում են, իսկ տնտեսությունը բարձր տեմպերով աճում է։ Բայց իրականում այդ ամենը պարտքերի հաշվին է։ Երբ տնտեսությունը չի ստեղծում բավարար արժեք, պարտքով սնվող կառավարությունն ամեն անգամ կանգնում է փաստի առաջ՝ ստիպված լինելով նոր վարկերով փակել հները։

Սա փակ շրջան է, որից հետո սկսվում է պարտքային ճգնաժամը։ Պարտքային բեռի աճը ստիպում է պարբերաբար վերանայել հարկային քաղաքականությունը՝ բարձրացնելով հարկային բեռը կամ կրճատելով պետական ծրագրերը։ Կարծում եք՝ վերջին շրջանի հարկային բեռի կտրուկ ավելացումներն ինչի՞ հետ էին կապված։ Եղած ռեսուրսներով պարտքերի սպասարկումը գնալով ավելի դժվար է դառնում, ու միջազգային հայտնի ֆինանսական կազմակերպությունները պարտադրում են խեղդելով հարկատուներից ավելի շատ հարկեր հավաքել՝ պարտքերը գոնե մասնակի փոխահատուցելու համար, որպեսզի նոր պարտքեր տրամադրեն՝ նախկինները սպասարկելու համար։

Երբ տարեկան 1 տրիլիոն դրամից ավելի գումար է ուղղվում պարտքի մարումներին, երկիրը դադարում է բավարար միջոցներ ունենալ նոր ծրագրեր իրականացնելու համար։ Սա, իր հերթին, ստիպում է իշխանություններին կրկին դիմել վարկերին ու պարտքերին՝ փակելու համար ոչ միայն հները, այլև ընթացիկ ծախսերը։ Այդպիսով, ձևավորվում է պարտքային կախվածության փակ շրջան՝ «վարկ վերցնել՝ վարկ մարելու համար» տրամաբանությամբ։

Ոչ մի երկիր չի կարող անվերջ ապրել այս տրամաբանության մեջ, բայց Հայաստանի իշխանավորները համառորեն գնում են այդ ճանապարհով, ունենալով ընդամենը մեկ նպատակ՝ որքան հնարավոր է երկարացնել իրենց անփառունակ իշխանությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test