«Եթե ուզում եք լսել լավ խոսքեր՝ դիմեք տղամարդկանց, եթե ուզում եք այդ խոսքերը գործի վերածել՝ դիմեք կանանց»․ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի հայտնի խոսքը, որը «Կոնգրես» հյուրանոցում «Մեր ձևով» ժողովրդական շարժման աջակցությամբ կայացած «Կանայք միմյանց համար» թեմայով քննարկման ժամանակ բարձրաձայնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը, հավաքվածների կարծիքով պետք է ուղենիշ լինի Հայաստանի համար։
Միջոցառմանը մասնակից 100-ից ավելի կանայք, ովքեր հաջողություններ եւ մասնագիտական առաջընթաց են գրանցել մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում եւ մասնագիտացումներում, ներկայացրեցին աշխատանքի և ընտանիքի համատեղմանը վերաբերվող կարևոր հարցեր։ Խոսեցին նաեւ աշխատանքի որոնման և կարիերայի զարգացման հարցերի շուրջ։
Առանձնահատուկ ընդգծվեցին դեմոգրաֆիկ եւ առողջապահական հարցերը: Ֆորումի կազմակերպիչներից Լենա Մաթեւոսյանի գնահատմամբ, հենց կանայք կարող են երկիրը դեմոգրաֆիկ կոլապսից փրկել․ «Մեր նպատակն է հասկանալ, թե կանայք, մայրերը ի՞նչ խնդիրներ ունեն կապված թե աշխատաշուկայի, թե առողջապահական ոլորտի, որպեսզի հասկանանք, թե ինչպե՞ս ենք կարողանալու աջակցել»։
Բանախոսն ընդգծեց հայ կնոջ, մայրերի դերը մեր պատմության ողջ ընթացքում՝ նկատելով, որ այժմ էլ կանայք առանցքային դեր եւ նշանակություն ունեն ընտանիքում, աշխատավայրում, պետության մեջ եւ եթե կինը, մայրը կայացած է առողջ է, ամուր է կանգնած իր ոտքերի վրա, դա դրական է անդրադառնում է թե նրա ընտանիքի, ընտանիքում երեխաների դաստիարակության վրա, թե միջավայրի վրա։ Իր համոզմամբ, որքան առողջ եւ կայացած մայրեր ու կանայք ունենանք, այդքան ապահով ապագա կկերտենք մեզ համար։
«Մենք պետք է կոտրենք այն միֆը, որ միայն տղամարդկանց սոլիդարությունն է գործում եւ փորձենք մեր կենցաղ ներմուծել կանանց սոլիդարությունը գործնականում։ Պատահական չէ, որ մեր սահմանադրության մեջ էլ ամրագրված է, որ պետության բջիջը ընտանիքն է։ Բոլորս այստեղ գիտակցում ենք, որ ընտանիքի կայացման հիմքն էլ ողջամիտ կինն է, որովհետև կնոջով է պայմանավորված սերունդների շարունակությունը, կնոջով է պայմանավորված սերունդների գիտակից կրթությունը։
Չնայած, որ իրավական առումով «բոլորս հավասար ենք» սկզբունքն է գործում, բայց նույնիսկ աշխատող կինը չի կարող հավասար լինել նույն մասնագիտությամբ աշխատող տղամարդու հետ, որովհետև կինը ունի երեխայի հոգսը, կենցաղի հոգսը, խնամքի հոգսը և արդեն ի սկզբանե անհավասարության միջավայրում է հայտնվում:
Մենք կանանցով պետք է նեցուկ լինենք միմյանց, չխանգարենք, չնախանձենք, չխոչընդոտենք ցանկացած միջավայրում՝ կլինի դպրոցում որպես ծնողներ, կլինի մանկապարտեզում, ուսումնական հաստատությունների կոլեկտիվում, աշխատավայրերում։ Կանայք պետք է փորձեն միմյանց ձեռք մեկնեն, դժվարին կացություններում միմյանց օգնեն»,–իր խոսքում ասաց Գոհար Մելոյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test