«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 24.10.2005 թ.-ին ընդունված «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով և գործում է 01.01.2006թ.-ից:
ՊՈԱԿ-ի գործունեությունն ուղղված է արտադրական վտանգավոր օբյեկտներում (այսուհետ՝ ԱՎՕ.- խմբ.) վթարների ռիսկերի նվազեցմանը, կազմակերպությունների պատրաստվածության ապահովմանը (անցկացվում են ուսումնական դասընթացներ կազմակերպությունների պատասխանատու անձանց հետ), այդ վթարների տեղայնացմանն ու վերացմանը։
Սկսած 2006թ.-ից` ՊՈԱԿ-ն իր սակավաթիվ աշխատակիցների` առանց չափազանցության տիտանական աշխատանքների շնորհիվ կարողացավ հասնել նրան, որ տասնյակ-հազարավոր ԱՎՕ -ներ հաշվառվեցին և բերվեցին իրավական դաշտ, իրականացվեցին տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայություններ: ՊՈԱԿ-ի կողմից մշակվել և ներդրվել են տեխնիկական անվտանգության ոլորտին վերաբերող տարբեր կանոնակարգեր:
ՊՈԱԿ-ի աշխատակիցների թիվն աստիճանաբար հասավ 130 աշխատակցի, որոնցից 34-ը հաշմանդամություն ունեցող անձինք էին (ներկա պահին նրանք 13-ն են.- խմբ.):
Նշենք նաև, որ բոլոր աշխատակիցները ստանում են արժանավայել աշխատավարձ, վարձատրվել և վարձատրվում են ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում ստեղծվող միջոցների հաշվին՝ առանց պետական բյուջեի վրա լրացուցիչ բեռ դնելու:
ՊՈԱԿ-ի պահպանման և գործունեության բոլոր ծախսերն իրականացվել և առ այսօր իրականացվում են ՊՈԱԿ-ի աշխատակիցների քրտնաջան ու պատասխանատու ջանքերի և ՊՈԱԿ-ի սեփական միջոցների հաշվին:
ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում պետական բյուջե վճարվել են միլիարդավոր դրամների հասնող հարկեր և պարտադիր այլ վճարումներ (միայն 2023-2025թթ. վճարվել է մոտ 700 միլիոն դրամ.- խմբ.):
ՊՈԱԿ-ն իր միջոցներով ձեռք բերված տրանսպորտային միջոցներով և տարբեր տեխնիկաներով սատար է կանգնել Արտակարգ իրավիճակների նախարարությանը, այժմ նաև Ներքին գործերի նախարարությանը՝ իրենց բնականոն գործունեության ապահովման ընթացքում (ներկա պահին ՆԳՆ կողմից օգտագործվում են ՊՈԱԿ-ին պատկանող 3 հատ ավտոբուս, 2 հատ այլ տրանսպորտային միջոց, տարբեր տեսակի տեխնիկա.- խմբ.):
2025 թ.-ի ապրիլի 30-ին Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգի մասին խորհրդակցության ժամանակ ՆԳՆ կողմից ներկայացվում է առաջարկ ՊՈԱԿ-ի լուծարման վերաբերյալ, որի վերաբերյալ Փաշինյանի կողմից արվում է հարցադրում, թե արդյո՞ք հետո այնպես չի դուրս գա, որ ՊՈԱԿ-ի լինելն անհրաժեշտություն էր, ինչպես որ մինչ այդ վարվել էին Սեյսմիկ ծառայության հետ, որը, ի դեպ, հիմա նորից գործում է, ինչին ի պատասխան՝ հայտնվում է կարծիք, որ ՊՈԱԿ-ի գործառույթները կարող են իրականացվել նաև ՀՀ-ում գործող տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու լիցենզիա ունեցող մի շարք ՍՊԸ-ների կողմից:
Արդյունքում՝ Փաշինյանի կողմից տրվում է հանձնարարական մինչև 2025թ.-ի նոյեմբերի 1-ը ՊՈԱԿ-ը լուծարելու և զուգահեռաբար ԱՎՕ-ների պարտադիր ապահովագրման պատշաճ մոդել ստեղծելու վերաբերյալ:
Նշենք, որ ԱՎՕ-ների պարտադիր ապահովագրման գործընթաց իրականացված չի մինչև հիմա:
2008թ.-ին կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարարի կողմից նույնպես եղել է առաջարկ ՊՈԱԿ-ը լուծարելու մասին, ինչին որոշ ժամանակ անց հաջորդեց «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած խոշոր պայթյունը, ինչի արդյունքում եղան զոհեր: «Նաիրիտի» տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվել էր Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված լիցենզիայով աշխատող «ԴԱՄԻ» ՍՊԸ-ի կողմից: ՊՈԱԿ-ի կողմից անցկացվեց տեխնածին վթարի փորձաքննություն, քանի որ տեխնածին վթարների փորձաքննությունը կատարվում է ՊՈԱԿ-ի կողմից, ինչի արդյունքում տրվեց համապատասխան եզրակացություն վթարի պատճառների վերաբերյալ:
Ինչևէ, այդ ժամանակ անցկացված քննարկումների ժամանակ եկան եզրակացության, որ ԱՎՕ-ների փորձաքննությունների ոլորտում պետության ներկայացուցչի գործունեությունն անհրաժեշտություն է, և ՊՈԱԿ-ը չլուծարվեց:
ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են վերելակների, ամբարձիչ սարքավորումների, կարուսելների, բենզինի և գազալցակայանների, լողամիջոցների, հանքարդյունաբերական օբյեկտների, ինչպես նաև առանձնապես վտանգավոր ԱՎՕ-ների և ստրատեգիական նշանակության արդյունաբերական ձեռնարկությունների փորձաքննությունները՝ ներառյալ վտանգավոր նյութերի արտադրման, տեղափոխման, օգտագործման, ոնչնչացման և այլ բազմաթիվ սարքավորումների փորձաքննությունները (Զանգեզուրի պղնձամոլիբդենային, Ագարակի պղնձամոլիբդենային, Կապանի կոմբինատներ, ՀԱԷԿ, Երևան ՋԷԿ և այլն):
Ներկա պահին ՆԳՆ կողմից կառավարության քննարկմանն է ներկայացվել ՊՈԱԿ-ի լուծարման նախագիծ, որում նշված է, որ ԱՎՕ-ների փորձաքննությունը հավատարմագրման ենթակա է, իսկ ՊՈԱԿ-ը չի անցել հավատարմագրում՝ չնշելով, որ ՊՈԱԿ-ի լիազորությունները սահմանված են օրենքով, հետևաբար՝ ավելի բարձր են հավատարմագրումից, որն անցկացնում է Էկոնոմիկայի նախարության կազմում գործող կառույց, որոնց մասնագետներն իրենց մասնագիտական գիտելիքներով չեն կարող գերազանցել ՊՈԱԿ-ի՝ տասնամյակների փորձ ունեցող փորձագետներին:
ՆԳՆ հիմնավորումները.
1. ՆԳՆ և ՊՈԱԿ-ի գործառույթները հստակ սահմանված չեն:
2. ՊՈԱԿ-ի և հավատարմագրված կազմակերպությունների գործառույթները կրկնվում են:
3. Առկա են մրցակցային անհավասար պայմաններ:
ՆԳՆ ներկայացմամբ վերոնշյալ խնդիրները կաշկանդում են իրենց՝ վերահսկողական գործառույթներ իրականացնել ՍՊԸ-ների նկատմամբ:
Ցանկանում ենք նշել, որ ՆԳՆ-ն օրենքով նախատեսված վերահսկողության լիազորություններ չունի ՍՊԸ-ների նկատմամբ, և դա ՊՈԱԿ-ի գործունեության հետ կապ չունի:
N 1 հիմնավորման հետ կապված նշենք, որ ՊՈԱԿ-ի գործառույթները սահմանված են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով:
N 2 և N 3 հիմնավորումների հետ կապված նշենք, որ խոսքը գնում է մարդկային կյանքերի անվտանգության ոլորտի մասին, ոչ թե առևտրի ոլորտի, ինչ մրցակցային անհավասար պայմանների մասին կարող է խոսք լինել: Ցանկացած ՍՊԸ-ի առաջնային նպատակը շահույթ ապահովելն է, և ՀՀ-ում գործող տեխանվտանգության ոլորտի փորձաքննություններ իրականացնող ՍՊԸ-ներն իրար հետ մրցակցում են նվազագույն գնային առաջարկներ ներկայացնելով պատվիրատուներին: Ծառայության համար ներկայացվող գներն անգամներով ավելի էժան են լինում, քան ՊՈԱԿ-ում գործող գները:
Հետևաբար՝ մրցակցությունը գնում է ՍՊԸ-ների մեջ, ինչը ենթադրում է նաև տեսական հնարավորություն ԱՎՕ-ներում հնարավոր թերությունների վրա աչք փակելու մասին (ՍՊԸ-ների փորձագետների աշխատավարձը կախված է բերված պայմանագրերի քանակից), որը տվյալ ոլորտում կարող է և հաճախ բերում է տեխնիկական վթարների՝ հաճախ նաև մարդկային զոհերով:
Մեր կարծիքով՝ ավելի առաջնահերթ հարց պետքէ լիներ նման ՍՊԸ-ների փորձագետների մասնագիտական սերտիֆիկացման պայմանները խստացնող օրենքի ընդունումը՝ համապատասխան փոփոխություններով, քան թե պետական կարևորագույն կառույցի լուծարումը:
Նաև հարց է առաջանում, թե հետագայում ո՞ր մի ՍՊԸ-ն պիտի ներկայացնի Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ երկրների համապատասխան կառույցների՝ ամեն տարի անցկացվող միջազգային համաժողովներում, որտեղ քննարկվում են տեխանվտանգության ոլորտի կարևորագույն հարցեր: Պետությունը ո՞նց է վերահսկելու ՍՊԸ-ների գնային քաղաքականությունը, աշխատանքների իրականացման որակը: Ինչպե՞ս կարելի է առևտրային կազմապերպություններին վստահել երկրի բնակչության անվտանգությունը, մեր երեխաների անվտանգությունը ժամանցային վայրերում գործող կարուսելներում… Ո՞վ է լինելու անվտանգության երաշխավորը:
Նույն տրամաբանությամբ կարելի է նաև ոստիկանությունը լուծարել, որոնց գործառույթները կկատարեն պահնորդական ՍՊԸ-ները:
Վստահեցնում ենք Ձեզ, որ ՊՈԱԿ-ի լուծարումից հետո ամբողջ ազգաբնակչության անվտանգությունը՝ կապված վերոնշյալ ոլորտի հետ, 24/7 ռեժիմով կախված է լինելու ՍՊԸ-ների փորձագետների պարտաճանաչության, մասնագիտական կարողությունների, ազնվության չափից:
Հարգանքով՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի սրտացավ և հայրենանվեր աշխատակիցներ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test