ՀՀ իշխանությունների հրապարակային դժգոհություններն անտեսելով՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ակտիվորեն գործածել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինը:
Նախորդող օրերի ընթացքում ադրբեջանական Գաբալա քաղաքում կազմակերպվեց Թյուրքախոս պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովը, որին մասնակցեցին Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի ղեկավարներն, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավարն ու կազմակերպությունում դիտորդ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Իրենց ելույթներում ղեկավարներից շատերն անդրադարձան Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններին ու դրանից հետո Հարավային Կովկասում ստեղծված, նրանց իսկ բնորոշմամբ, նոր իրավիճակին՝ խաղաղությանը:
Ալիևի խոսքով, վաշինգտոնյան պայմանավորվածությունները Հարավային Կովկասը կվերածի խաղաղության տարածքի։ Վաշինգտոնի գագաթնաժողովի մեկ այլ կարևոր արդյունք էր, նրա խոսքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։
«Զանգեզուրի միջանցքը մեծ նշանակություն ունի՝ որպես նոր տրանսպորտային զարկերակ և երկրորդ երթուղի՝ ինչպես Միջին միջանցքում, այնպես էլ՝ Հյուսիս-Հարավ միջանցքում»,- ընդգծել է Ալիևը։
Այս ամենին զուգահեռ՝ Ալիևն ասել է, թե ռազմական կարողությունները զարգացնելու հեռանկարից չեն հրաժարվելու։ «Ներկայիս աշխարհում ռազմական հզորությունն է ցանկացած երկրի անկախության և տարածքային ամբողջականության հիմնական գործոնը»,- հայտարարել է Ալիևն ու առաջարկել մյուս տարի թյուրքական երկրների միջև համատեղ զինավարժություններ անցկացնել՝ թուրք-ադրբեջանական վարժանքների օրինակով: «Ժամանակակից աշխարհաքաղաքական և անվտանգության մարտահրավերների ֆոնին կարևոր է, որ թյուրքալեզու պետությունները գործեն՝ որպես միասնական ուժի կենտրոն»,- հայտարարել է Ալիևը:
Էրդողանն էլ նշել է, թե այս ռեգիոնում ծավալվող գործընթացներում Թուրքիան ոչ թե դիտորդի դերակատարություն է որդեգրել, այլ «ակտիվորեն աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին»։ Նա ասել է՝ Անկարան հույս ունի, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրի կյանքի կոչումը կշարունակվի: Նրա խոսքով, թյուրքական աշխարհի երկրները կարող են ավելի արդյունավետ դեր խաղալ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում։ «Այսօր կարևոր է, որ մենք ամրապնդենք ու համատեղ զարգացնենք մեր պաշտպանական կարողությունները»,- հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:
Թյուրքական պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը հայտարարել է՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները պատմական կարևորություն ունեն: «Այս քայլը զգալիորեն կուժեղացնի թյուրքական աշխարհը և տարանցման նոր հնարավորություններ կստեղծի»,- նշել է կազմակերպության ղեկավարը։ Այլ ղեկավարներ ևս իրենց ելույթներում անդրադարձավ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին և դրա բացած հնարավորություններին ԹՊԿ զարգացման համար: Եվ, ի վերջո, ԹՊԿ Գաբալայի գագաթնաժողովում ղեկավարների հանդիպումից հետո ստորագրվել է հռչակագիր: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով, փաստաթուղթը մասնավորապես անդրադառնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։ ԹՊԿ առաջնորդները նշել են Միջին միջանցքի միջազգային տրանսպորտային երթուղու, այդ թվում՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով, որ այն զգալի ներդրում կունենա թյուրքալեզու պետությունների միջև կապերի ամրապնդման, առևտրաշրջանառության ավելացման և ներտարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում։
Այս օրերին Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուք Քոֆֆին ծավալուն վերլուծական աշխատություն է գրել վաշինգտոնյան պայմանավորվածությունների, դրանց նշանակության ու ռեգիոնալ նոր դասավորությունների մասին: Ի թիվս այլ հարցերի՝ ամերիկացի վերլուծաբանը նշում է, որ Եվրասիայի մեծ մասում թուրքական ազդեցությունն աճում է, և ԹՊԿ-ն առաջիկա տարիներին միայն մեծացնելու է իր աշխարհաքաղաքական նշանակությունն ու կարևորությունը, հատկապես, քանի որ ռուսական ազդեցությունը նվազում է, և Չինաստանն ավելի շատ է կենտրոնանում Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա: Եվ, նրա համոզմամբ, Միացյալ Նահանգները պետք է սկսի ԹՊԿ-ի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ կառուցել, ինչպես դա անում է աշխարհի այլ տարածաշրջանային և քաղաքական կազմակերպությունների և դաշինքների հետ: «Սկսելու համար պետքարտուղար Մարկո Ռուբիոն պետք է հանդիպի ԹՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ՝ պաշտոնական երկխոսություն սկսելու համար»,- գրում է Քոֆֆին:
Այսինքն՝ այս կազմակերպության քաղաքական ամրապնդման համար լուրջ ռեսուրսներ են ներդրվում հատկապես հետվաշինգտոնյան պայմանավորվածությունների փուլում:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիան դեռ Խորհրդային Միության փլուզումից հետո փորձում էր կապիտալիզացնել տարբեր թյուրքախոս պետությունների հետ իրենց էթնիկ նմանությունները և դա վերածել քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոնի:
Նրա խոսքով, դա եղել է իրենց սիստեմատիկ քաղաքականությունը, ու Էրդողանին նախորդած նախագահները տարբեր ինտենսիվությամբ դա փորձել են առաջ մղել: «Ներկայումս մենք տեսնում ենք այս ուղղությամբ, որը կարող ենք անվանել պանթուրքիզմ, թյուրքական պետությունների միավորման փուլ, շոշափելի առաջընթաց: Այդ կառույցը հետզհետե վերածվում է տարածաշրջանային գործոնի, նպատակ ունեն վերածել նաև աշխարհաքաղաքական գործոնի»,- ասաց Մելքոնյանը:
Երկրորդ հանգամանքն, ըստ մասնագետի, այն է, որ այս կառույցի առաջին ջութակը Թուրքիան է, բայց Ադրբեջանը ևս միացել է նրան, ու լոկոմոտիվ պետությունները Թուրքիան ու Ադրբեջանն են, որոնք նաև իրենց նպատակները, այդ թվում և՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, փորձում են ներկայացնել համաթյուրքական կոնտեքստում:
«Այդ պետությունների շրջանում կան նաև շահերի տարբերություններ, այդ թվում և՝ մշակութային ինքնուրույնության հետ կապված խնդիրներ, և այլն, բայց փաստացի թյուրքական պետությունները ողջունում են այն գաղափարները, որոնք առաջնահերթություն են Թուրքիայի ու Ադրբեջանի համար: Այդ կոնտեքստում ամենակարևորը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցն է:
Այսինքն՝ այստեղ մենք տեսնում ենք երկու հանգամանք, առաջինն՝ այդ կառույցի գործոն դառնալու բավական շոշափելի փուլ, երկրորդը՝ պահանջների կամ նպատակների համաթյուրքականացման փորձ, այսինքն՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կամ այլ նպատակները ներկայացվում են ոչ թե՝ որպես միայն Թուրքիայի, միայն Ադրբեջանի, այլ՝ որպես համաթյուրքական նպատակ»,- ասաց նա:
Այդ ուղղությամբ, Ռուբեն Մելքոնյանի խոսքով, Թուրքիան ու Ադրբեջանը վարում են նաև ակտիվ քարոզչական քաղաքականություն թյուրքական պետություններում, որպեսզի այդ հասարակությունների համար ևս հեռավոր թվացող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» դառնա շատ կոնկրետ նպատակ՝ իրենց ամենօրյա լրահոսում հանդիպելով, քաղաքական տերմինոլոգիայում հանդիպելով:
«Սա է, որ կոչվում է քողարկված պանթուրքիզմի ծավալում, որի հստակ դրսևորումները տեսնում ենք, և սա նաև ապացույցն է նրա, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունները, տերմինների շուրջ տարաձայնությունները ոչ թե պարզապես մեկ տերմինի նախապատվություն է, այլ հստակ, խորքային քաղաքականություն, որը Հայաստանում փորձում են ներկայացնել ուղղակի, որպես տերմինների թյուրըմբռնման կամ լոգիստիկ պարզ ինչ-որ պրոցես»,- ասաց Մելքոնյանը:
Նա նշեց՝ փաստորեն այն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում, դրա շահառուները Թուրքիան և Ադրբեջանն են: «Ստորագրման պահին Ադրբեջանի նախագահի բերկրանքը, ուրախությունն ապացույցն են նրա, որ դա ոչ թե Իլհամ Ալիևի համար խաղաղության հասնելու ճանապարհն է, ինչի ձգտողն ինքը չէ, այլ դա իրականում ավելի մեծ պրոցես էր, այլ ավելի մեծ նպատակ էր, որին Ալիևը կարողացավ հասնել:
Ներկայացնել, որ դա հայաստանյան դիվանագիտության ձեռքբերում է, և հասարակությանը շարունակել խաբել խաղաղության հետ կապված սին խոստումներով, առնվազն անկեղծ ու ազնիվ չէ»,- ասաց Մելքոնյանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test