Գիտեք, որ ստրկությունը եղել է ժառանգաբար փոխանցովի` ստրուկից ծնված երեխան եղել է ստրուկ, եւ այդպես շարունակ: Բայց այնպես չէ, որ ի վերուստ մարդիկ ծնվել են ազատ կամ ստրուկ, մարդկանց ազատությունից զրկել են տարբեր հանգամանքներում` հիմնականում պատերազմում պարտված ժողովուրդներին։ Իսկ հաղթողները, ընդհակառակը՝ դարձել են ստրկատերեր: Գիտե՞ք, թե ինչ են բացատրել ստրուկներն իրենց երեխաներին, երբ նրանք հարցրել են, թե ինչու են իրենք ստրուկ կամ ինչու պետք է իրենք ստրուկ լինեն, իսկ մյուսները՝ ազատ, չէ՞ որ մեր նախնիները եղել են ազատ, գուցե ինչ-որ մի ճանապարհ կա՞ վերանվաճելու մեր ազատությունը: Ասել են՝ պետք չէ ընկնել երազանքի հետեւից, որովհետեւ ազատության մասին մտածելը վտանգավոր է, երբ դու սկսես մտածել ազատության մասին, կարող ես կորցնել ե՛ւ այն սնունդը, որ տալիս է ստրկատերը, ե՛ւ կացարանը, ե՛ւ հագուստը, ի վերջո՝ կյանքդ: Այնպես որ, ճիշտ կանես, որ չտարվես նման վտանգավոր երազանքներով, համակերպվես ստրուկի քո կարգավիճակի հետ եւ ապրես որպես ստրուկ, ինչպես ապրում ենք մենք:
Բառացիորեն նույն բանն ասում եւ անում է Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով հայ մարդուն զրկել իր երազանքից, ստիպել, որ նա մոռանա իր անցյալը, պատմությունը, համակերպվի պարտվածի ու նվաստացածի իր կարգավիճակի հետ: «Երբ որ մենք երազում ենք հայրենիքի մասին, կորցնում ենք հայրենիքը, իսկ երբ առերեսվում ենք, որ մեր երազանքին հասել ենք, հանդարտվում ենք ու կենտրոնանում գործի վրա»,- ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը: Իսկ ո՞րն է, ըստ Փաշինյանի, մեր այն երազանքը, որին մենք հասել ենք. դա Թուրքիայի եւ Ադրբեջանի հպատակությունը ճանաչած, այդ երկրների կողմից շրջափակված, այդ երկրների կողմից իր տարածքների օկուպացիան հանդուրժող, նրանց կողմից առաջ քաշված պայմաններն անընդհատ կատարող, այդ երկրներին հնազանդորեն ծառայող իշխանություն ունեցող Հայաստանն է: Արդյո՞ք այսպիսի երկիր են երազել հայ մարդիկ, որ մի բան էլ մտածեն, թե հասել են իրենց երազանքին:
Անձամբ Փաշինյանը հասել է իր երազանքին, նրա միակ երազանքը եղել են փողն ու իշխանությունը, հիմա ուզում է հանդարտվել ու կենտրոնանալ այդ երազանքը վայելելու` հարստություն կուտակելու, արդեն կուտակած հարստությունը կրկնապատկելու, եռապատկելու վրա, եւ այդպես շարունակ, իսկ ամենակարեւորը` այդ հարստության աղբյուր իշխանությունը պահելու վրա: Նրա համար խորթ է մյուս հայ մարդկանց` հայկական հասարակության երազանքը` ունենալ արժանապատիվ պետություն, որը ստորաքարշորեն չի խոնարհվում թշնամիների առաջ եւ նրանցից գթություն չի աղերսում, պետություն, որը պաշտպանում է իր քաղաքացիների շահերը եւ հատկապես նեղության, օտարի գերության մեջ գտնվող հայրենակիցների իրավունքները, պետություն, որը մարդկանց ոչ թե սեփական անցյալի եւ պատմության, մարդկային կերպարի ուրացում է քարոզում, այլ սովորեցնում է մարդկանց չմոռանալ, թե ովքեր են իրենք, որտեղից են սերում, ինչ պատմություն են ունեցել, ինչ նպատակներ եւ իդեալներ, եւ ինչպես պետք է հասնել նպատակների իրականացմանը:
Փաշինյանին ոչ միայն խորթ են հայ մարդու իրական երազանքները, դրանք նրան խանգարում են կենտրոնանալ իր իրականացած երազանքի` հարստության կուտակման եւ իշխանության պահպանման գործի վրա: Խանգարում է այնքանով, որ Փաշինյանն իր իշխանության պահպանման արտաքին հովանավոր է համարում Թուրքիային եւ Ադրբեջանին, երկրներ, որոնց հայ հասարակությունն իրավամբ համարում է թշնամի երկրներ: Թուրքիան եւ Ադրբեջանը պահանջում են, որ Հայաստանը ոչ միայն հայտարարությունների մակարդակով հրաժարվի Արեւմտյան Հայաստանի, Արցախի նկատմամբ ունեցած հավակնություններից, այլեւ հայերը դադարեն դրա մասին երազել, դադարեն հիշել, որ ունեն կորսված հայրենիք, եւ դադարեն երազել ինչ-որ պահի այդ երազանքն իրագործելու մասին:
Աշխարհում բազմաթիվ ժողովուրդներ կան, որ կորցրած տարածքներ ունեն, բազմաթիվ ժողովուրդներ են համարում, որ իրենց հայրենիքի մի մասն անարդարացիորեն օտարվել է իրենցից եւ միացվել այլ երկրների: Գերմանացիները հիշում են Արեւելյան Պրուսիայի մասին, հունգարացիները, ռումինները, լեհերն ու այլ ժողովուրդներ իրենց համարում են Երկրորդ համաշխարհային պատերազմում անարդար տարածքային վերաբաժանումների զոհեր եւ եթե ոչ պետական, ապա գոնե տարբեր կուսակցական, հասարակական քննարկումների մակարդակով միշտ օրակարգում են պահում այդ հարցերը: Չինաստանն ու Հնդկաստանը, Հնդկաստանը եւ Պակիստանը անընդհատ սահմանային վեճերի ու պատերազմների մեջ են, նույն վիճակը Կենտրոնական Ասիայում է` Տաջիկստանն ու Ղրղզստանը, Ղրղզստանը եւ Ուզբեկստանը, Ղազախստանն ու Ռուսաստանն իրարից տարածքային պահանջներ ունեն: Վերջերս սահմանային ընդհարում տեղի ունեցավ Կամբոջայի եւ Թաիլանդի միջեւ, դարձյալ տարածքային վեճերի պատճառով: Եվ ոչ մի երկրում իշխանությունն իր հասարակությանը չի ասում, որ պետք է մոռանանք մեր պատմությունը, պետք է համակերպվենք մեր պարտության եւ դրա արդյունքների հետ, կատարենք հաղթողների կամքը:
Գիտե՞ք, թե ինչու. որովհետեւ ոչ մի անգամ չի եղել, որ ստրուկները պետություն ունենան, աշխարհի պատմության մեջ հազարավոր պետություններ են առաջացել ու ոչնչացել, բայց չի եղել մի դեպք, որ ստրուկները պետություն ունենան, կամ ստրուկը պետություն ղեկավարի: Փաշինյանի պարտության հետ համակերպվելու եւ ստրկությունը ճանաչելու քարոզն ուղղված է բացառապես Հայաստանի պետականության ոչնչացմանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test