Երկար դադարից ու ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունից հետո Դուշանբեում կայացավ Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Պուտինի և Ալիևի հանդիպումը։
Ուշագրավն այն է, որ Պուտինը հանդիպումը սկսեց՝ անդրադառնալով AZAL ինքնաթիռի ավիավթարին, որից էլ, ըստ էության, սկսվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրումը։
Պուտինը հիշեցրել է Ալիևին, որ ներողություն է խնդրել նրանից՝ AZAL ինքնաթիռի հետ կապված ողբերգությունից հետո։
Ըստ Պուտինի՝ ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառները, ի թիվս այլ բաների, կապված են երկնքում գտնվող ուկրաինական անօդաչու թռչող սարքի հետ։
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ՀՕՊ համակարգի կողմից արձակված երկու հրթիռներն ուղղակիորեն չեն հարվածել AZAL ինքնաթիռին, այլ պայթել են մի քանի մետր հեռավորության վրա։ Նա հայտնել է, որ AZAL ինքնաթիռի հետ կապված՝ ողբերգության օրը Ռուսաստանը «հետևել է» Ռուսաստանի սահմանը հատած երեք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի։
Պուտինն Ալիևին ասել է, որ ինքնաթիռն ամենայն հավանականությամբ վնասվել է բեկորներից, ոչ թե հրթիռի խոցող տարրերից:
Ռուսաստանի ՀՕՊ համակարգի կողմից արձակված երկու հրթիռներն ուղիղ հարված չեն հասցրել ինքնաթիռին, այլ պայթել են մի քանի մետր հեռու։
Նրա խոսքով՝ ինքնաթիռի կործանման պատճառները պարզ են դարձել տեղի ունեցածի մանրակրկիտ վերլուծությունից հետո։ Ինքնաթիռի անձնակազմին առաջարկվել է վայրէջք կատարել Մախաչկալայում, սակայն նրանք որոշել են գնալ բազավորման օդանավակայան։
«Ռուսաստանը կտա բոլոր պաշտոնատար անձանց գործողությունների իրավական գնահատականը և անհրաժեշտ ամեն ինչ կանի ինքնաթիռի կործանման հետ կապված փոխհատուցումների մասով»,- ասել է ՌԴ նախագահը:
Ալիևը Պուտինին շնորհակալություն է հայտնել տեղեկություններ տրամադրելու համար և հավելել` չի կասկածում, որ հետաքննությունը, որի ընթացքն անձամբ վերահսկում է Ռուսաստանի նախագահը, օբյեկտիվորեն կբացահայտի վթարի պատճառները:
Հիշեցնենք` ադրբեջանական «Azal» ավիաընկերության «Embraer 190» ուղևորատար ինքնաթիռը, որը Բաքվից մեկնել էր Գրոզնի, 2024 թվականի դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ՝ 62 ուղևոր Ռուսաստանից, Ադրբեջանից ու Ղրղըզստանից, և անձնակազմի 5 անդամ։
168․am–ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը փորձեց պարզաբանել, թե ինչ կփոխի այս հանդիպումը երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև ռեգիոնալ մակարդակում։
Ըստ նրա, երկու կողմերն էլ ցանկացան որոշակիորեն մեղմել առաջացած սուր լարվածությունը, որն առաջացել էր անցնող ամիսների ընթացքում, հանգեցնելով Ադրբեջանում ռուս զբոսաշրջիկների հետ կապված միջադեպին։
Ուստի, նրա խոսքով, ռուսական կողմը ևս մեկ անգամ հարկ համարեց պարզաբանել իրավիճակը՝ կրկնելով, որ եղել է ներողություն ռուսական կողմից։
«Սակայն պետք է հասկանալ նաև, որ սա ոչ միայն պարզապես միջադեպ էր ու դրան հաջորդած բացառապես երկկողմ սրում, այլև այս ամենում կար աշխարհաքաղաքական մեծ գործոն։ Արևմուտքը միջադեպն արդյունավետորեն օգտագործեց Ռուսաստանի դեմ այս փուլում՝ փորձելով Ադրբեջանին է՛լ ավելի ներքաշել աշխարհաքաղաքական այս դիմակայության մեջ, որի ընթացքում ադրբեջանական կողմը սկսեց է՛լ ավելի սերտ համագործակցել Ուկրաինայի հետ։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այս հանդիպմամբ կողմերը փորձեցին լուրջ սրումը կասեցնել, սակայն հարաբերություններում առաջացած ընդհանուր գիծը կշարունակվի»,- ասաց Խրամչիխինը։
Նա չի գտնում, թե այս հանդիպումը մեծ բեկում կլինի ռուս-ադրբեջանական հարաբերություններում:
«Պարզապես գուցե ադրբեջանական կողմը սկսեց հասկանալ, որ շատ հեռուն գնաց այս լարվածության հարցում, որը չի բխում Ադրբեջանի շահերից»,- ասաց նա։
Մյուս կարևոր գործոնը, Խրամչիխինի խոսքով, այն է, որ լարվածությունը հենց այն երկար փուլում էր, երբ հարթվում էր ՀՀ-Ադրբեջան վաշինգտոնյան պայմանավորվածությունների ճանապարհը և խնդիր կար Ռուսաստանին հեռու պահել միջնորդությունից։
«Բնականաբար, լարված իրավիճակում ՌԴ-ն դա չէր կարող անել, Վաշինգտոնը միջնորդեց, իսկ հիմա ժամանակն է մեղմացնել լարվածությունները։ Չէ՞ որ ադրբեջանական կողմը նախաձեռնեց զանգ դեպի Ռուսաստան, որին հաջորդեց այս հանդիպումը, այսինքն՝ ամեն բան տրամաբանական է»,- նշեց վերլուծաբանը։
Խրամչիխինի կարծիքով, այս հանդիպումն էական տեղաշարժեր չի մտցնի Հարավային Կովկասում և երկկողմ հարաբերություններում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test