Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ադրբեջանի հումանիտար շղարշը․ երբ «անհետ կորածների ճակատագրի հստակեցման» պահանջով փորձում են «ծածկել» հայ գերիների խնդիրը 168.am 168.am

time
Ադրբեջանի հումանիտար շղարշը․ երբ «անհետ կորածների ճակատագրի հստակեցման» պահանջով փորձում են «ծածկել» հայ գերիների խնդիրը

Ադրբեջանում շարունակում են հետևողականորեն աշխատել, այսպես կոչված, անհետ կորածների խնդիրը Հայաստանի նկատմամբ «մահակ»-ի վերածելու ուղղությամբ։

Լինելով Հարավային Կովկասում հումանիտար մի շարք աղետալի խնդիրների հեղինակ՝ Իլհամ Ալիևն Ադրբեջանում «Անհետ կորած անձանց հարցի լուծման համար ջանքերի համատեղում և համագործակցության ընդլայնում» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում նշել է, թե անհետ կորած անձանց հարցը համաշխարհային ամենահրատապ խնդիրներից մեկն է։

Նրա դիտարկմամբ, տարիների ընթացքում այս խնդիրը ոչ միայն մնացել է արդիական, այլև դարձել է ավելի հրատապ։

Նա նշել է, որ 30-ամյա հակամարտության ընթացքում մինչև 4000 ադրբեջանցիներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և տարեցներ, անհետ կորել են, իսկ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի գրաված տարածքներում իբրև թե հայտնաբերվել է 29 զանգվածային գերեզման։

«Գերեզմաններում հայտնաբերված մնացորդների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սպանված ադրբեջանցիները ենթարկվել են սարսափելի տանջանքների։ Սա չափազանց տխուր պատկեր է։ Մարդկանց զանգվածային ոչնչացումը տանջանքների, անմարդկային թաղումների և հանցագործության հետքերի թաքցման միջոցով միջազգային իրավունքի լուրջ խախտումներ են»,- նման մեղադրանքներով է հանդես եկել Իլհամ Ալիևը։

Նա ուղերձում նաև նշել է, որ «2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, չնայած պատմական կարևոր իրադարձություն լինելուն, նաև նոր հնարավորություններ է ստեղծում Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց վերաբերյալ խաղաղության համաձայնագրում հատուկ հոդվածի ներառումը ցույց է տալիս, թե որքան կարևորություն ենք մենք տալիս այս հարցին: Ինչպես ամրագրված է համաձայնագրում, այդ անձանց ճակատագրերի պարզաբանումը կողմերի միջև հաշտեցման և վստահության մթնոլորտ ստեղծելու կարևոր միջոց է: Այս առումով, հայկական կողմը պետք է ադրբեջանական կողմին տեղեկացնի իրենց կողմից սպանված ադրբեջանցիների այլ զանգվածային գերեզմանների գտնվելու վայրերի մասին։

Ըստ Ալիևի, իր կառավարությունը զգալի ջանքեր է գործադրում միջազգային հանրության ուշադրությունն անհետ կորած անձանց խնդրին հրավիրելու համար, և արդեն երրորդ անգամն է, որ Ադրբեջանն անցկացնում է անհետ կորած անձանց թեմային նվիրված միջազգային միջոցառում։ Եվ, նրա խոսքով, 2002 թվականից ի վեր Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առաջարկում է անհետ կորած անձանց վերաբերյալ բանաձևեր՝ կոչ անելով պետություններին և միջազգային կազմակերպություններին իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ այս ոլորտում։

Ալիևը ճիշտ է, նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան համաձայնագրում ադրբեջանական կողմին հաջողվել է ներառել անհետ կորածների հարցը։

Համաձայնագրի 9-րդ հոդվածում ասվում է․ «Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարության ապահովման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց:

Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով»։ Սակայն ընտրողաբար միջազգային իրավունքի խնդիրներ բարձրացնող ադրբեջանական կողմի համար բնական է թերևս, որ համաձայնագրում ներառված չէ հայ գերիների վերադարձի հարցը, ինչը ոչ պակաս կարևոր հումանիտար հարց է, եթե ոչ՝ ավելի կարևոր ու հրատապ։

Ադրբեջանի կողմից «անհետ կորածների ճակատագրի հստակեցման» պահանջը, ըստ էության, ներկայացվում է որպես հումանիտար օրակարգ, սակայն դրա տակ դրված է հստակ քաղաքական հաշվարկ։

Բաքուն փորձում է միջազգային հարթակներում ամրապնդել իր զոհի դիրքը և ստանալ լրացուցիչ լեգիտիմություն իր հետագա պահանջների ու քայլերի համար՝ զուգահեռաբար ներկայացնելով, թե խաղաղություն և արդարություն է որոնում։ Սակայն այս պահանջն ուղեկցվում է հայ ռազմագերիների և պահվող անձանց հարցի լիարժեք անտեսմամբ, ավելին՝ բեմականացված դատավարությունների կազմակերպմամբ, ինչը բացահայտում է Ադրբեջանի ընտրովի մոտեցումը միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ։

Հայ գերիների հարցն անտեսելը քաղաքական գործիք է դարձել Բաքվի ձեռքում՝ որպես ճնշման և մանիպուլյացիայի լծակ Երևանի նկատմամբ։ Այդ անտեսումը ոչ միայն խախտում է Ժնևյան կոնվենցիաների դրույթները, այլ նաև վկայում, որ Ադրբեջանը խաղաղության գործընթացում շարունակում է առաջնորդվել ոչ թե փոխադարձ վստահության, այլ պարտադրանքի տրամաբանությամբ։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ «հումանիտար պահանջների» լեզուն Բաքուն օգտագործում է ոչ թե իրական հաշտեցման, այլ սեփական շահերն առաջ մղելու, գերիների հարցն անտեսելու քաղաքականության համար հարմար միջավայր ստեղծելու նպատակով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test