«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանը մեկ տարի առաջ հեռացվեց մայր բուհից՝ ԵՊՀ-ից, որտեղ դասախոսում էր երկար տարիներ: Պատճառը, բնականաբար, քաղաքական էր` Սողոմոնյանն ընդդիմադիր հայացքներ ունի, անդամակցում է ընդդիմադիր «Հայաքվե» շարժմանը։ Վերջին տարիներին ընդդիմադիր հայացքներ ունեցող շատ դասախոսներ են ազատվել աշխատանքից` տարբեր բուհերից: Նրանց, որպես կանոն, ասում են, որ պայմանագրի ժամկետն է լրացել, եւ բուհը չի երկարաձգում պայմանագիրը, իսկ որոշ դեպքերում ուղղակի տվյալ դասախոսի առարկան են հանում դասացուցակից` այն փոխարինելով մեկ ուրիշ առարկայով, որի պոտենցիալ դասախոսն իշխանական հայացքներ ունի:
«Ցավով տեղեկացնում եմ նաեւ, որ 16 տարի դասավանդելուց հետո այս տարի առաջին անգամ զրկվել եմ մայր բուհում դասավանդելու հնարավորությունից։ ԵՊՀ ներկայիս ղեկավարությունը հրաժարվել է ինձ հետ կնքել աշխատանքային նոր պայմանագիր եւ ազատել է ինձ աշխատանքից․ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն էլ որոշել է, որ ես չպետք է ունենամ ուսումնական բեռնվածություն․ իմ բոլոր դասընթացները «երջանիկ պատահականությամբ» հանվել են կա՛մ ուսումնական պլաններից, կա՛մ քաղաքագիտության ամբիոնի բալանսից։ Այդ ամենը տեղի է ունեցել հապճեպ, առանց ինձ հետ քննարկելու, անգամ առանց ինձ տեղեկացնելու»,- սոցցանցի իր էջում գրել էր Սողոմոնյանը եւ վերջում հավելել, որ անպայման հետ է վերադառնալու մայր բուհ։
Աշխատանքից ապօրինի ազատվելուց հետո նա հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով իրեն վերականգնել նախկին աշխատանքում եւ բուհից բռնագանձել ու վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար իրեն հասանելիք միջին աշխատավարձը։ Հայցը երկար ժամանակ է՝ քննվում է դատարանում, պարբերաբար դատական նիստեր են տեղի ունենում, սակայն վերջնական որոշում դեռ չկա։
Մենուա Սողոմոնյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այդ դատական քննությանը, նշեց․ «Դատավարական ընթացքի մեջ է, որովհետեւ երկարեց պատասխանողի՝ ԵՊՀ-ի, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պատճառով, ձգձգում էին։ Ինձ ինչի՞ համար էին ազատել, որովհետեւ իմ դասընթացները կա՛մ հանել էին, կա՛մ այլ բալանս էին տեղափոխել, կա՛մ ավելի ուշ կիսամյակ էին դրել, որ 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ ես ուսումնական բեռնվածություն չունենամ… Գործողությունները, որոնք իրենք արել էին, մեկնաբանել էին, թե «Քաղաքագիտություն» կրթական ծրագրի, օրինակ՝ մոնիտորինգի, հաշվետվության պահանջներից ելնելով է իմ առարկաներից մեկը հանվել, մենք պահանջում էինք այդ մոնիտորինգի հաշվետվության զեկույցը, մոնիտորինգի խմբի կազմը, որպեսզի ուսումնասիրեինք, տեսնեինք՝ այդ ինչ զեկույց է եղել։ Մի խոսքով՝ այսպիսի ձգձգումներ, որոնք արհեստական էին։ Կարծում եմ՝ երեւի մի քանի ամսից հանգուցալուծում կլինի»։
Նշենք, որ, բացի Մենուա Սողոմոնյանից, քաղաքական դրդապատճառներով ԵՊՀ-ից ազատվել են նաեւ դասախոս Աբրահամ Գասպարյանը, Դավիթ Սարգսյանը, շատերը: «Անձամբ հետամուտ եմ լինելու այս որոշման դեմ պայքարելու եւ իմ դասախոսական կարգավիճակը վերականգնելու գործում»,- ազատվելուց հետո ասել էր Գասպարյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test