Արդեն գրել ենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, նպատակ ունենալով Իջեւան համայնքի Սեւքար գյուղի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող նշանակել իր հարազատներից մեկին, ազատել է նախկին համակարգողին, հաստիքը դարձրել է թափուր եւ դպրոցում աշխատող իր բարեկամին նշանակել: Նախկին համակարգողին` Վարդան Մադաթյանին էլ անգործ չի թողել` նշանակել է Իջեւան համայնքի սահմանամերձ Բերքաբեր գյուղի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։
Սեպտեմբերի 22-ին մարզպետ Ղալումյանին հարցում էի արել․ «Վարդան Մադաթյանը 2025թ․ սեպտեմբերի 15-ին դիմում տալով՝ ազատվել է Սեւքարի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնից։ Նույն օրը նա Ձեր կողմից նշանակվել է Բերքաբերի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Բերքաբերի դպրոցի եւ Սեւքարի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնների համար ե՞րբ են մրցույթներ հայտարարվել, ե՞րբ է Բերքաբերի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի մրցույթը կայացել, քանի՞ հոգի է մասնակցել այդ մրցույթին, Տավուշի մարզպետի աշխատակազմի ինտերնետային կայքում ինչո՞ւ այդ մրցույթի մասին իրազեկում չկա»։
Մարզպետի աշխատակազմից ինձ պատասխանել են․ ««ՀՀ Տավուշի մարզի Բերքաբերի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2025 թվականի օգոստոսի 22-ին տրվել է հայտարարություն, որտեղ նշված էր հայտերի ընդունման ժամկետը՝ մինչեւ ս․թ․ սեպտեմբերի 11-ը: Համակարգողի համար եղել է մեկ դիմող՝ Վարդան Մադաթյանը։ Նա նշված ժամկետի ընթացքում ներկայացրել է իր փաստաթղթերը եւ, համաձայն ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված պետական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման կարգի, 2025 թ. սեպտեմբերի 15-ից նշանակվել է Բերքաբերի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատության» ՊՈԱԿ վարչատնտեսական մասի համակարգող: «ՀՀ Տավուշի մարզի Սեւքարի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթը հայտարարվել է համակարգողի թափուր տեղը առաջանալու օրվանից սահմանված ժամկետում»:
Մարզպետն անպատասխան է թողել այն հարցը, թե ինչու Տավուշի մարզպետի աշխատակազմի ինտերնետային կայքում հայտարարություն չի զետեղվել Բերքաբերի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի մասին։ Ինչպես է ստացվել, որ այդ մրցույթում միայն մեկ մասնակից է եղել՝ Վարդան Մադաթյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test